«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, պարզվում է` անդառնալի լավատես է. նա համոզված է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր ղեկավարած կուսակցությունը ոչ միայն կարողանալու է պահպանել իր ներկայիս պատգամավորների թվաքանակը, այլեւ` ավելացնել:
Թե որտեղի՞ց Ա. Բաղդասարյանին նման լավատեսություն, ճիշտն ասած` դժվար է կռահել, բայց ամեն օր ՕԵԿ-ի մասին հնչեցվող հրապարակային գնահատականները (քաղաքագետների, քաղաքական տեխնոլոգների, քաղաքական ուժերի, սոցհարցումների տվյալները եւ այլն), թե ՕԵԿ-ը «մեռած կուսակցություն» է, մեղմ ասած` լավատեսության որեւէ հիմք չեն տալիս:
Սակայն Արթուր Բաղդասարյանն այդ գնահատականներն ու սոցհարցումները համարում է «պատվիրված»` ասելով, թե գիտի այդ հարցումների պատվիրատուներին, որոնք, ըստ նրա` ոչ թե Հայաստանում են, այլ` տարբեր երկրներում: «Կան տարբեր հարցումներ` պատվիրված տարբեր երկրների կողմից: Դրանք խոսում են միայն այն բանի մասին, ինչ ձեռնտու է այդ երկրներին: Մենք մեր հնարավորությունները բարձր ենք գնահատում: Մենք համոզված ենք մեր հաղթանակում, չնայած բարձրագոչ հայտարարություններ չենք անում: Ինչ վերաբերում է մեզ սատարելուն, ապա մենք դա ստանում ենք ժողովրդից` անկախ այն բանից, թե մենք գտնվո՞ւմ ենք իշխանության գլուխ, թե՞ ոչ: 2003-ին, երբ մենք իշխանության էինք, կուսակցությունը մտավ խորհրդարան: 2007-ին, երբ մենք ընդդիմության շարքերում էինք` կրկին մտանք խորհրդարան,- ասել է Բաղդասարյանը` հավելելով,- Ես առողջ քննադատությունը հաճույքով եմ ընդունում: Բայց կան մարդիկ, որոնց համար բավարար չէ, որ իրենց գործերը լավ են: Նրանք ցանկանում են, որ հարեւանի գործերն էլ վատ լինեն»:
Անդրադառնալով 2008թ. նախագահական ընտրություններից հետո ընդդիմադիր ՀԱԿ-ին չմիավորվելու մասին հարցին, Ա. Բաղդասարյանը երեկ հայտարարել է, թե ՕԵԿ-Լեւոն Տեր-Պետրոսյան համագործակցությունը, որի մասին բարձրաձայնվեց ընտրություններից հետո, անհնար էր: «Բայց ես ինչպե՞ս կարող էի համագործակցել մի մարդու հետ, ով նախընտրական քարոզարշավի ընթացքում վիրավորել էր ինձ` չվարանելով անվանել «հայրենիքի դավաճան»: Եթե ես ձեզ, օրինակ, հայրենիքի դավաճան անվանեմ, դրանից հետո կաշխատե՞ք ինձ հետ»,- դիմելով լրագրողներին, ասել է ՕԵԿ նախագահը` չպարզաբանելով, սակայն, թե ինչո՞ւ էր «վիրավորված» լինելով հանդերձ` 2008թ. ընտրություններից հետո միացել ՀԱԿ հանրահավաքին, կամ թե ինչո՞ւ չէր վիրավորվել, երբ Սերժ Սարգսյանն իրեն անվանել էր «հաճախորդ»: Ճաշակի հարց է: Ինչեւէ, երեկ Ա. Բաղդասարյանը 2008թ. մարտի 1-ի դեպքերի մասին ասել է. «Պետք է իմանալ, որ ժողովրդի եւ ամբոխի միջեւ մեծ տարբերություն կա, ամբոխն առաջնորդ չունի: Իսկ մարտի 1-ին ո՞ւմ հույսին էր այդ ամբոխը, ո՞վ էր այդ ժողովրդին տեր կանգնել: Հույսը Նիկոլ Փաշինյա՞նն էր: Մեզ եղավ առաջարկ, կնքեցինք եւ թույլ չտվեցինք մեծ արյուն հոսի: Մեր վրա շատ քարեր նետեցին, եւ հիմա եկել է այդ քարերը հավաքելու եւ անհրաժեշտ ուղղությամբ նետելու ժամանակը: Մենք երբեք ուրիշին փնովելով ձայներ չենք հավաքել. սա է մեր մոտեցումը, եթե ուզում եք, քվեարկեք»:
Ավելին, Ա. Բաղդասարյանը գտնում է, որ նույնիսկ ՕԵԿ վարկանիշը բարձրացնելու համար ինքը կարիք չուներ համագործակցելու Լ. Տեր-Պետրոսյանի հետ, որովհետեւ, նրա խոսքով` իր կուսակցությունն 2008թ. ընտրություններում միայնակ կարողացել է քիչ տոկոսով զիջել 18 կուսակցության աջակցություն վայելող Լ. Տեր-Պետրոսյանին: «2008թ. ընտրություններին ես շատ քիչ տոկոսներով էի հետ Լեւոն Տեր-Պետրոսյանից: Նրան երկու տասնյակ կուսակցություններ էին աջակցում, իսկ ես մենակ էի: Սակայն արժանի տեղ զբաղեցրի»,- ասել է նա: Երեկ Ա. Բաղդասարյանի այս հայտարարություններին ի պատասխան, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամլո քարտուղար Արման Մուսինյանն ասել է, թե «քաղաքական դիակների հայտարարությունները մեկնաբանելը լուրջ չէ»: news.am-ի թղթակցի հարցին, թե` արդյոք 2008թ. ընտրություններից առաջ Լ. Տեր-Պետրոսյանն Ա. Բաղդասարյանին անվանե՞լ է «հայրենիքի դավաճան», Ա. Մուսինյանը պատասխանել է. «Ես Ձեզ խորհուրդ եմ տալիս ուսումնասիրել 2008թ. նախագահական ընտրություններին նախորդած ընտրական արշավի հայտարարությունները` ժամանակագրական առումով եւ, վստահ եմ, որ դուք էլ կհամաձայնեք, որ քաղաքական դիակների հայտարարությունները մեկնաբանելը լուրջ չէ»:
Խոսելով փետրվարի 12-ին Հրազդանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների մասին, ՕԵԿ նախագահն ասել է. «Ընտրությունները կարելի է տարբեր կերպ մեկնաբանել, բայց ամեն դեպքում Սասուն Միքայելյանը բավական շատ ձայներ է հավաքել»: Նաեւ հավելել է. «Չեմ կարող խորը գնահատական տալ ընտրություններին, որոնց անձամբ չեմ հետեւել: Այնուամենայնիվ, Սասուն Միքայելյանին հաջողվել է հավաքել ձայների բավական մեծ քանակ: 11.000 ձայնը քիչ չէ»: Իսկ ինչ վերաբերում է ընտրություններում «վերընտրված» ՀՀԿ-ական Արամ Դանիելյանին, ապա Բաղդասարյանը համարում է, որ նա «առաջադեմ մտածողությամբ անհատ է: Տեղական ադմինիստրացիայի կադրերի շարքում նա ամենապատրաստված, ինչպես նաեւ` ամենաառաջադեմ անձանցից է»:
Անդրադառնալով ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի` ԲՀԿ-ին անդամակցելու որոշմանը, Ա. Բաղդասարյանն ասել է, թե Օսկանյանի այդ որոշումը սպասելի էր: Հարցին, թե` ԲՀԿ-ն օլիգարխական կուսակցությունից կվերածվի՞ քաղաքական ուժի, Ա. Բաղդասարյանը պատասխանել է. «Լրագրողների ուժը նրանում է, որ նրանք կարող են հանդիպել` ում հետ կամենան, եւ ներկայացնել լսածն` ինչպես կամենան: Իմ կողմից իմ գործընկերների վերաբերյալ որեւէ մեկնաբանությունը ճիշտ չի լինի: Նման հարցերին ձեզ ավելի լավ կպատասխանի ինքը` «Բարգավաճ Հայաստանը»: