Պարզաբանում են on-line

16/02/2012

Երեւանի հարկային եւ մարզերի բոլոր տարածքային հարկային տեսչություններում արդեն իսկ` ավելի քան 4000 ակտիվ գործող հարկ վճարողների հետ մի շարք հանդիպումներ են կազմակերպվել, միաժամանակ շարունակվել են նաեւ ոլորտային հանդիպումները, որոնց ընթացքում ներկայացվել են համակարգի բարեփոխումները:

Հարկ վճարողները նաեւ պարզաբանումներ են ստացել իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը, ըստ որի` հարկ վճարողների կողմից բարձրացված հարցերը հիմնականում վերաբերել են անուղղակի հարկերին, ինչպես նաեւ` օրենսդրական այն փոփոխություններին, որոնք առնչվում էին նրանց կողմից հայտարարագրվող շրջանառություններին, այդ շրջանառությունների հաշվառմանը: Բազմաթիվ են եղել հարցերը նաեւ դրամարկղային գործառույթների օրենսդրական փոփոխությունների հետ կապված: Հարկ վճարողները մեծ գոհունակությամբ են ընդունել էլեկտրոնային հաշվետվողականության պարզեցմանն ուղղված քայլերը, սակայն ամենամեծ արձագանքը ստացել է «Հարկ վճարողների մասին» օրենքի 28-րդ հոդվածի փոփոխությունը: «Հարկ վճարողներն այսուհետ չեն վարելու ապրանքների առաքումների եւ գրանցումների նախկին գրքերը, փոխարենը ներդրվել է միայն առաքումների նկատմամբ հսկողության մեխանիզմը: Վստահեցնում եմ, որ այս փոփոխությունը նաեւ մեր գործարար միջավայրի վարկանիշի վրա էական ազդեցություն կունենա»,- ասել է Ա. Ալավերդյանը: Վերջինս նշել է նաեւ, որ հարկ վճարողների հարցերին ոչ միայն տեղում են տրվել պարզաբանումներ. նրանք արդեն հնարավորություն ունեն իրենց հուզող հարցերի պատասխանները գտնել նաեւ ՊԵԿ պաշտոնական կայքէջում: Իրազեկման հանդիպումների ընթացքում բարձրացված եւ գրավոր ներկայացված ավելի քան 200 հարցերն ի մի են բերվել, դասակարգվել են ըստ բովանդակության, եւ տրվել են համապատասխան պարզաբանումներ: Շուրջ 150 հարց ու պատասխան արդեն իսկ տեղադրված են taxservice.am-ի` «Հաճախ տրվող հարցերի եւ պարզաբանումների շտեմարան» բաժնում: Ա. Ալավերդյանը միաժամանակ վստահեցրել է, որ իրազեկման հանդիպումները շարունակական են եւ թեմատիկ բնույթ են կրում: Արդեն իսկ տեղի է ունեցել ԱԱՀ հարկ վճարողների հետ հանդիպումը, օրակարգում նաեւ պարզեցված համակարգով եւ արտոնագրային վճար վճարող տնտեսվարող սուբյեկտների հետ հանդիպումներն են: «Նմանատիպ միջոցառումների նպատակն է` ոչ թե ստուգումների, վարչարարական լծակների միջոցով հարկերի ապահովման աշխատանքներ իրականացնել, այլ իրազեկման, ինքնագնահատման մեխանիզմների միջոցով հարկերի` այս տարվա բյուջեով նախատեսված ցուցանիշներն ապահովել»,- ասել է Արմեն Ալավերդյանը:

Ասուլիսում հարց է հնչել նաեւ ՊԵԿ-ում տարեսկզբից մեկնարկած կադրային փոփոխությունների վերաբերյալ: Ա.Ալավերդյանը պարզաբանել է, որ համակարգում իրականացվող կառուցվածքային փոփոխություններն իրենց հերթին հանգեցրել են կադրային փոփոխությունների. «Երեւանում կրճատվել է եւս 3 հարկային տեսչություն` թիվը հասցնելով 6-ի: Հետեւաբար` այս փոփոխություններով կրճատվել են հսկողական ավելի քան 40 բաժիններ` եկամտահարկի, սոցվճարների, գանձումների գործառույթները միավորելով մեկ հսկողական բաժնում: Այս վերակազմակերպման արդյունքում, Երեւանում շուրջ 130 աշխատակից տեղափոխվել է այլ աշխատանքի կամ հայտնվել կադրային ռեզերվում, որոշների աշխատանքն էլ ներկայացված բնութագրերի հիման վրա նպատակահարմար չի գտնվել կառույցում»: Ըստ Արմեն Ալավերդյանի, փոփոխություններից անմասն չի մնացել նաեւ կենտրոնական ապարատը. ստեղծվել են 3 նոր կառույցներ` ներքին աուդիտի, գերատեսչական հսկողության եւ ստուգումների կազմակերպման ու մոնիտորինգի ստորաբաժանումները, որոնք ավելի կամրապնդեն հսկողական գործառույթները: «Բնականաբար, այս ընթացքում կենտրոնական ապարատում գլխավոր տեսուչներ, նույնիսկ բաժնի պետեր, վարչության պետերի տեղակալներ ազատվել կամ հայտնվել են ռեզերվում: Իսկ ինչ վերաբերում է վերադաս մարմնի, վարչության պետերի, առավել եւս` տեղակալների մասով աշխատանքից ազատվելու լուրերին, ապա վստահեցնում եմ, որ նման կարգի որեւէ փոփոխություն չի եղել եւ առաջիկայում չի սպասվում: Միաժամանակ նշեմ, որ կադրային փոփոխություններն անձնավորված բնույթ չեն կրում»,- նշել է նա: