«Հստակեցրեցինք խաղի կանոնները»,- ասում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը

16/02/2012 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն անդամագրվեց ԲՀԿ-ին: Արդեն խոսակցություններ կան, որ այդ կուսակցությանն անդամագրվելու են այլ ճանաչված դեմքեր: Այդպիսով Ձեր հիմնական մրցակից ԲՀԿ-ն կարծես թե փորձում է ավելի ուժեղացնել իր թիմը եւ բարձրացնել վարկանիշը: Արդյո՞ք դա չի մտահոգում ՀՀԿ-ին:

– Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում, թե ինչպիսի համամասնական ցուցակով եւ ինչպիսի գործիչներով ներկայանա հանրությանը: Այս դեպքում` նախկին արտգործնախարարի եւ ԲՀԿ-ի խնդիրն է: Ինչ վերաբերում է մրցակից լինելուն, ապա ՀՀԿ-ն միշտ եղել է ազատ, արդար եւ թափանցիկ մրցակցության կողմնակից, որովհետեւ, որպես ժողովրդավարական ուժ, շատ լավ գիտակցում է, որ ազատ մրցակցությունն է առաջընթացի երաշխիքը: Եվ կարող է սուբյեկտիվ հնչել, բայց կարծում եմ, որ Հայաստանի քաղաքական դաշտում դժվար թե շատ կուսակցություններ գտնվեն, ովքեր ի զորու լինեն ՀՀԿ-ի հետ մրցակցել ոչ միայն ռեսուրսներով, այլ գաղափարախոսությամբ, անցած ճանապարհով եւ հասարակության մեջ ունեցած վստահությամբ: Ես համոզված եմ, որ մայիսյան ընտրությունները ցույց կտան, որ ՀՀԿ-ն է այն քաղաքական ուժը, որի հետ մեր ժողովուրդը կապում է իր խնդիրների լուծումը:

– Այն, որ ԲՀԿ-ն կարող է ուժեղանալ եւ ավելի բարձր վարկանիշ ձեռք բերել, ՀՀԿ-ին չի՞ մտահոգում:

– ՀՀԿ-ի ուժը նրանում է, որ ոչ թե գնում է ընդդեմ ինչ-որ ուժերի, այլ գնում է հանուն Հայաստանի հզորացման: Մենք հավատում ենք, որ կարող ենք բարեփոխումների արդյունքում առաջընթաց ապահովել: Մենք պայքարել ենք հանուն Հայաստանի անկախության, պաշտպանել ենք մեր երկրի սահմանները, խաղաղ շինարարության ժամանակ իրականացրել ենք լուրջ քայլեր, տնտեսական ճգնաժամի ժամանակ պատասխանատվություն ենք վերցրել եւ մինիմումի ենք հասցրել կորուստները: Օրենսդրական դաշտում պայքարել ենք կոռուպցիայի դեմ, հստակ մեր դիրքորոշումն ենք հայտնել արտաքին քաղաքականության ոլորտում, որը բարձրացրել է Հայաստանի վարկը եւ տարածաշրջանում գործոնի է վերածել: Այս ամենը մենք կասենք մեր ընտրողին: Իսկ թե որ կուսակցությունն ինչպիսի ցուցակով կամ գործիչներով կգա, այդտեղ որեւէ խնդիր չենք տեսնում: Մենք կարծում ենք, որ բազմակուսակցական համակարգն է այն ճիշտ ճանապարհը, որն ընտրել է Հայաստանը:

– Չե՞ք կարծում, որ Վ.Օսկանյանի միջոցով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կփորձի ավելի ակտիվ միջամտել նախընտրական քաղաքական գործընթացներին:

– Կարծում եմ, որ այդ հարցը պետք է ուղղել ԲՀԿ-ին: Բայց ես կարծում եմ, որ նախկին արտգործնախարարներից ոչ միայն պարոն Օսկանյանն է վերադառնում ակտիվ քաղաքականություն: Ալեքսանդր Արզումանյանն էլ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդներից մեկն է: Ես ցանկանում եմ, որ լինի ազատ մրցապայքար, եւ ինձ համար հետաքրքիր կլինի աշխատել մի պառլամենտում, որտեղ կլինեն ինտելեկտուալ գործիչներ, նախկին արտգործնախարարներ եւ ներդրում ունեցած գործիչներ, ինչպես նաեւ` շատ խելացի երիտասարդներ:

– Տարբեր կուսակցությունների կողմից իրենց շարքերը կամ համամասնական ցուցակը ուժեղացնելու հանգամանքը ՀՀԿ-ին կստիպի համապատասխան կադրային փոփոխություններ իրականացնել նաեւ ի՞ր ցուցակում:

– ՀՀԿ-ն իր համամասնական ցուցակը չի կառուցում` ի հեճուկս ինչ-որ մեկի: ՀՀԿ-ն ինքն է երկրում օրակարգ ձեւավորողը: Եվ ՀՀԿ-ի գործողություններին են հարմարվում, ոչ թե ՀՀԿ-ն է հարմարվում այս կամ այն քաղաքական ուժի ծրագրին կամ մարտավարությանը: Մենք ենք թելադրող ուժը: Ուժեղի քայլերից է շատ բան կախված, իսկ ուժեղը, ազդեցիկն այսօր ՀՀԿ-ն է: Եվ մենք այսօր առաջնորդվում ենք մեր ծրագրով, թե ինչպիսի բարեփոխումների պետք է գնանք: Այդ իմաստով մեր ցուցակը, մեր մարտավարությունը պայմանավորված չէ, թե պարոն Օսկանյանը կամ մեկ ուրիշը որ ցուցակում կլինեն: Մենք ունենք նպատակ, ունենք հավատ եւ այդ հավատով գնալու ենք բարեփոխումների ու ապահովելու ենք առաջընթաց:

– Փետրվարի 12-ի ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն գրեթե 80 տոկոս հաղթանակ տարավ: Արդյո՞ք հնարավոր է երկրում մի ժողովրդավարություն լինի` այն դեպքում, երբ իշխող կուսակցությունը նման հաղթանակ է ապահովում:

– Դա այն է, որ դու կարողանում ես իրավական առումով ապահովել ժողովրդի տված քվեն: Այդ ընտրություններին 39 համայնքներից 31-ում հաղթեց ՀՀԿ-ն: Սա ցույց է տալիս մի բան, որ ժողովուրդը ՀՀԿ-ի հետ է կապում իր վստահությունը: Եվ սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ ՀՀԿ-ն ճիշտ ճանապարհի վրա է: Մենք միշտ ազնիվ ենք եղել, ասում ենք` այո, կան բազմաթիվ խնդիրներ, բայց մատնանշում ենք այն դժվարին ճանապարհը, որը ժողովրդի հետ միասին պետք է անցնենք: Եվ ՀՀԿ-ն այն քաղաքական ուժն է, որ առաջինը գնաց ժողովրդի մոտ` արդեն երկրորդ շաբաթն է` հանդիպում ենք մարզերի մեր կուսակիցների հետ, եւ ոչ թե վերեւից իջեցնում ենք մեր ծրագիրը: Մենք գնում եւ տարբեր ոլորտների վերաբերյալ քննարկումների ու առաջարկությունների հիման վրա ենք կազմում մեր ծրագիրը: Սա խոսում է մեր կուսակցության դեմոկրատական ցենտրալիզմի մասին: Անցած շաբաթ եղել ենք Լոռու մարզում եւ թե՛ մեր կուսակիցներից, թե՛ հասարակական կազմակերպություններից ստացել ենք բազմաթիվ արժեքավոր առաջարկներ, որոնք կներառենք մեր ծրագրում:

– Կոալիցիայի հետ վերջին հանդիպման արդյունքում ՀՀԿ մամուլի ծառայությունը տարածեց հայտարարություն, որը նախորդի համեմատ ավելի զուսպ էր, եւ չկար միմյանց հաշվին հարաբերակցությունը չփոխելու նախորդ պնդումը:

– Դա հայտարարություն չէր, այլ հանդիպման մասին մամլո հաղորդագրություն էր: Եվ հուշագիրը, եւ անցած տարվա հայտարարությունը գործում են: Այդ հաղորդագրությունն էլ բխում է դրանց տրամաբանությունից եւ կապված է զուտ նախընտրական պրոցեսների հետ: ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը որպես կոալիցիոն ուժեր` ամրագրեցին մի բան` որ մեր երկրում կա 3 իշխանական կուսակցություն, եւ երեքն էլ հավասարապես պատասխանատու են քաղաքական պրոցեսների համար: Եվ դա կոալիցիոն բոլոր կուսակցությունների համար պետք է լինի քաղաքական կատեգորիա: Հստակեցրեցինք խաղի կանոնները` այն, ինչի մասին բազմաթիվ անգամներ խոսել է ՀՀ նախագահը: Այսինքն` քարոզչությունը պետք է լինի կոռեկտ, զուսպ, եւ պետք է լինի համերաշխություն: Եվ երեք քաղաքական ուժերն էլ իրենց պատասխանատվությունը ստանձնեցին, որ ամեն ինչ պետք է անեն, որ այդ խաղի կանոններով գնան: Եթե մենք դա չենք անում, ընդդիմությունից ինչպե՞ս կարող ենք պահանջել: