Երեկ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը եւ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին «Զարգացման քաղաքականության երրորդ գործառնություն» ծրագրի շրջանակներում ստորագրել են ֆինանսավորման եւ փոխառության` 50 եւ 30 մլն դոլարի համաձայնագիր: Ըստ համաշխարհային բանկի` այս գումարն ուղղվելու է ՀՀ բյուջետային ծախսերին:
Բացի այս 80 մլն դոլարը, համաշխարհային բանկը Հայաստանին է տրամադրելու եւս 11 միլիոն դոլար` սոցիալ-տնտեսական զարգացման համար: tert.am-ի հետ զրույցում ՀՀ Ֆինանսների նախարարության Միջազգային համագործակցության վարչության պետ Արտակ Ազիզյանն ասել է, որ 11 միլիոն դոլարի մասով դեռ փաստաթուղթ չի ստորագրվել, իսկ ստորագրվելու դեպքում` ծրագրին պետք է հավանություն տա Ազգային ժողովը, ինչից հետո միայն հնարավոր կլինի դրա իրագործումը: «Դեռ որոշակի գործառույթներ պետք է անցնի, հետո պետք է լինի ֆինանսավորման ծրագրի ստորագրության արարողությունը: Պետք է որոշակի ընթացակարգ անցնի, հաստատվի Ազգային ժողովում, եւ այլն: Ինքը 11 միլիոն դոլար արժողությամբ ծրագիր է, որն ուղղվելու է համայնքներին` դպրոցաշինություն, վերանորոգման աշխատանքներ, կահավորման աշխատանքներ մանկապարտեզներում, որոշակի կարիքների հոգմանն է ուղղված»,- ասել է Ա. Ազիզյանը: