Քոչարյանը Վաչեին հեծանիվ նվիրեց

25/11/2005

Մեր թերթի նախորդ համարներից մեկում «Քոչարյանը հեծանիվ չի տա, իսկ Պուտինը կտա» վերնագիրը կրող հրապարակումից հետո Չարբախում, յոթ երեխաներից բաղկացած թշվառության մեջ ապրող ընտանիքն աննախադեպ ուշադրության է արժանացել։ Փոքրիկ Վաչեին ուղղված մեր հարցին` թե «Մեծանաս ի՞նչ ես անելու», տղան պատասխանել էր՝ «Ռոբերտ Քոչարյանին սպանելու եմ»: Ինչո՞ւ: «Որ իրա փոխարեն ես նստեմ նախագահ ու սաղին օգնեմ,- ասում էր Վաչեն: -Աղքատներին կերակրեմ, կամ էլ կարող ա դառնամ երշիկի ցեխի կամ հացի փռի շեֆ, որ սաղին ուտելու բան բաժանեմ: Ես Քոչարյանին չեմ սիրում, Պուտինին եմ սիրում, գնալու եմ Ռուսաստան, ինքը օգնում ա աղքատներին»: Հարցրեցինք՝ Քոչարյանից ի՞նչ ես ուզում, ասաց՝ «Եսիմ… հեծանիվ, բայց ինքը չի տա, Պուտինը կտա, կգնամ Ռուսաստան»:

Հետաքրքիրն այն է, որ մեր հրապարակմանն ամենաառաջինը արձագանքեցին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմից։ Նախագահի ներկայացուցիչները, գնալով նրանց տուն, 9-ամյա Վաչեին Ռոբերտ Քոչարյանի կողմից նվիրել են հեծանիվ, ապա խոստացել աջակցել այս ընտանիքին։ Մեր ընթերցողին հիշեցնենք, որ մեր նախորդ հրապարակման մեջ երեխայի անունը փոխել էինք՝ Վահան, քանի որ նա չէր ցանկանում նաեւ լուսանկարվել, ասում էր՝ «Անունս հանկարծ թերթում չգրես, դասարանցիներս կիմանան, կծաղրեն, կծիծաղեն վրաս, կռիվ կանեմ»: Հիմա Վաչեն դեմ չէ, որ իր անունը գրվի կամ լուսանկարը տպագրվի:

Երեկ էլ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության Բարեգործական ծրագրերը համակարգող բաժնի պետ Մարտին Մխիթարյանը եւ գլխավոր մասնագետ Ռազմիկ Ղազարյանը բազմազավակ այս ընտանիքին նախարարության կողմից արկղերով սննդամթերք, հագուստ, խաղալիքներ եւ հիգիենայի պարագաներ նվիրեցին։ Ի դեպ, իրենց նկատմամբ աննախադեպ այս ուշադրությունից ընտանիքի անդամները ցնցված էին եւ կարծես հանկարծակի այդ առատությունից ուշքի չէին գալիս։ Չարբախցիներից շատերը չէին հավատում, որ իսկապես ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանն է նվիրել Վաչեի հեծանիվը: Իսկ փոքրիկ Վաչեն բոլորին փորձում էր համոզել, որ իր հեծանիվն իսկապես Ռոբերտ Քոչարյանն է նվիրել։ Կատարվածից հուզված` փոքրիկ տղան այնքան է ոգեւորվել, որ թաղամասում բնակվող բոլոր հասակակիցներին հրավիրում է իրենց բակ՝ ցույց տալու խնամքով պահվող իր համար չափազանց թանկ այդ նվերը։

Լ.Ս.