Մեծարգո պարոն Նախագահ, քրեական գործը, որի վրա ուզում եմ հրավիրել Ձեր ուշադրությունը, վերաբերում է իմ որդուն: Կարծում եմ, որ նրա հետ կատարվածը տիպական է եւ ի ցույց է դնում մեր դատաիրավական համակարգում առկա թերությունները: Որդիս` Ստեփան Հովակիմյանը, արդեն երկու տարի գտնվում է կալանքի տակ: Նա մեղադրվում է իր ընկերոջ` Վահրամ Քերոբյանի հետ միասին «Մոսկվա» կինոթատրոնում 2010թ. հունվարի 10-ին կատարված գողությունը կազմակերպելու ու իրականացնելու մեջ: Քրեական գործը գտնվում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանում (դատավոր Մխիթար Պապոյան): Գողությունը կատարվել է 2010թ. հունվարի 10-ին, իսկ քրեական գործը հարուցվել է փետրվարի 6-ին: Այս ընթացքում որդիս երկու անգամ, առանց պատշաճ ծանուցման, տարվել է Ոստիկանության Կենտրոնի բաժին, ենթարկվել խոշտանգումների. փորձել են կորզել ցուցմունք իր եւ իր ընկերների դեմ, սակայն նա նման ցուցմունքներ չի տվել: Բերման ենթարկելու մասին որեւէ արձանագրություն չի կազմվել: Երրորդ անգամ` արդեն փետրվարի 6-ին, զրուցելու պատրվակով Ս. Հովակիմյանը կանչվել է քաղաքային վարչություն: 7 ժամ շարունակ նա ենթարկվել է ֆիզիկական եւ հոգեբանական խոշտանգումների, չի ապահովվել փաստաբանի ներկայություն, չեն ներկայացվել նրա` որպես կասկածյալի` իրավունքները, հնարավորություն չի տրվել տեղյակ պահել ընտանիքի անդամներին: Բռնի մեթոդներով կորզված ինքնախոստովանական ցուցմունքը միակ ապացույցն է, որն այսօր քրեական գործի հիմքում է: Միայն այդ ցուցմունքի հիման վրա ձերբակալվել է նաեւ նրա ընկերը` Վ.Քերոբյանը: Հետագայում Ոստիկանության ապօրինի գործողությունների, խոշտանգումների վերաբերյալ որդիս` Ս.Հովակիմյանը` եւ պաշտպան Տիգրան Սաֆարյանը դիմել են գործին առնչվող բոլոր ատյաններին` գործը վարող քննիչին, Դատախազությանը, դատարանին, Հատուկ քննչական ծառայությանը: Սակայն` անարդյունք: Միայն հիշեցնեմ` առանձին նամակով Ձեզ դիմել են նաեւ հանրապետության ճանաչված մտավորականներ ու հասարակական գործիչներ: Մինչդեռ, արդեն երկու տարի է, որդիս կալանավորված է: Կայացել է 55 դատական նիստ, եւ պարզ չէ, թե դեռ որքան կշարունակվի: Ակնհայտ է, որ այս անցած երկու տարիների ընթացքում Ոստիկանությունը, Դատախազությունը եւ Հատուկ քննչական ծառայությունները դատարանում չեն կարողացել փաստերով ապացուցել որդուս եւ նրա ընկերոջ մեղավոր լինելը: Նախաքննությունը կատարվել է ոչ ամբողջական եւ Ոստիկանության ունեցած նախնական վարկածը «անցկացնելու» միտումով: Գործի մեջ առկա գրեթե բոլոր դրվագները թերի են եւ հակասություններով լի: Ակնհայտորեն խախտվել են անձի պաշտպանության իրավունքը եւ օրենսդրության մի շարք հիմնարար պահանջներ: Հատուկ քննչական ծառայությունը, Դատախազությունը եւ Ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունն ամեն ինչ անում են իրենց գործընկերներին արդարացնելու համար: Ոստիկանության ապօրինի գործողությունների ու խոշտանգումների փաստերը հաստատող` մեր կողմից ներկայացված ապացույցները պարզապես չեն քննարկվում: Արդյունքում` դատավարությունն անհիմն ձգձգվում է, գերազանցելով ողջամիտ բոլոր ժամկետները: Ձեզ դիմելու պատճառը հենց այս փաստն է: Այսօր դատարանը կաշկանդված է որոշում կայացնելու հարցում: Երկու տարի կալանավորված անձին արդարացնելը նշանակում է` բացասական գնահատական տալ իրավական համակարգի երեք օղակների աշխատանքին եւ հակադրվել այդ ազդեցիկ կառույցներին: Մեր դատաիրավական համակարգին ծանոթ շատ փորձագետների կարծիքով` սա բավական տիպական երեւույթ է` «խորամանկ» մի քայլ, որին կուլ գնալով` դատարանները ստիպված են լինում մեղադրական որոշումներ կայացնել, զուտ այն պատճառով, որ քննվող գործը վաղուց արդեն դուրս է եկել ողջամիտ ժամկետներից:
Ակնկալում եմ Ձեր հատուկ ուշադրությունն այս ու դատական համանման գործերի նկատմամբ: Որովհետեւ նմանատիպ գործերն են հասարակական անվստահություն ծնում մեր դատաիրավական համակարգի նկատմամբ:
Պարոն նախագահ, Ձեզ ուղված նամակ-դիմումս չեմ ուզում ծանրացնել մանրամասներով: Քրեական այս գործը հասարակական հնչեղություն է ստացել եւ լայնորեն քննարկվել է մամուլում: Հրապարակումներին կարող եք ծանոթանալ այստեղ` http://stepanhovakimyan.wordpress.com:
Բենիամին ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՀՀ քաղաքացի