Էլի խոստումնալից ապագա

16/02/2012 Արա ԳԱԼՈՅԱՆ

Ուրախ ժամանակներ են սպասում բոլորիս: Երկիրը հերթական նախընտրական փուլն է մտնում: Հերթական անգամ մենք պարզ հասարակությունից վերածվում ենք ընտրազանգվածի: Ճիշտ է, նախորդ տարիների նման` մեր ընտրական քվեն ոչինչ չի որոշելու, բայց մի քանի ամիս բոլոր քաղաքական ուժերը մեր հետ քաղաքավարի են խոսելու: Բոլոր կուսակցությունները հավուր պատշաճի մեզ համոզելու են, որ իրենց գոյության նպատակը մեզ ծառայելն է: Մեզ ու Հայրենիքին: «Հայաստան՝ երկիր դրախտավայր» բանաձեւով ելույթներ ու խոստումներ է, որ լսելու ենք: Մեկը մեկից՝ ճոխ: Մեկը մեկից՝ սիրուն: Հանրապետության քաղաքների մայթերը ձյան ու սառույցի լծի տակ են: Բայց երկրիս վարչապետը կարողանում է շրջագայել: Անցած շաբաթ օրը Լոռու մարզում շրջագայելիս` Ստեփանավան քաղաքում վարչապետը հայտարարել է ՀՀԿ նախընտրական ծրագրի մեկնարկի մասին: Ուրեմն շուտով մյուս կուսակցություններն էլ կամաց-կամաց կսկսեն ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը: Սա, իհարկե, նորույթ չի: Պատկերը չորս-հինգ տարին մեկ կրկնվում է: Բայց գնալով դժվարանում է կուսակցությունների նախընտրական ծրագրերի տնտեսական հատվածները գրողների գործը: Բոլոր շահեկան խոստումները նախորդ ընտրություններում տրվել-պրծել են: Որոշները՝ նույնիսկ մի քանի անգամ: Մի քանի անգամ ու մի քանի կուսակցությունների կողմից: «Ամենադաժանը» 2003թ. խորհրդարանական ընտրություններն էին: «Օրինաց Երկիր» կուսակցությունն այդ տարի խոստացավ հնարավոր ամեն ինչ: Մեկ ընտրության ընթացքում մսխելով այն ամբողջ ռեսուրսը, որ ընդդիմադիր կուսակցություններին մի քանի ընտրություն կհերիքեր: Էլ աշխատավարձերի, թոշակ-նպաստների բարձրացում, էլ աշխատատեղերի ստեղծում, էլ ստվերային տնտեսության կրճատում: Նույնիսկ խորհրդային ավանդները խոստացան վերադարձնել: Դա ՕԵԿ-ի «նոու-հաուն» էր: Մինչ այդ ոչ մի քաղաքական ուժ նման անիրագործելի խոստում չէր տվել: Պարզ խոստումներով պարզ ընտրողի սիրտը շահելու ու քվեն ստանալու գործը լրումին հասավ: Այդպիսի խոստումներ այդ ընտրություններից հետո չմնացին: 1995-ին, 1999-ին ու 2003-ին դեռ հնարավոր էր մարդկանց տնտեսական մեծ ու փոքր հրաշքներ խոստանալ: Խոստանալ ու ակնարկել, որ իրենք գալու են անարդար սեփականաշնորհմամբ հարստացածների հախից: 2007-ի խորհրդարանական ընտրություններն արդեն որոշակի իմաստով կանխիկ էին: «5 հազար դրամ` մեկ քվեի դիմաց» բանաձեւը տոտալ բնույթ էր ստացել: Անկեղծության համար հարկավոր է արձանագրել, որ Հանրապետական կուսակցությունն իր նախընտրական ծրագրում տնտեսական խոստումների հատված էլ ուներ: Բայց դրանք հասարակությանը նույնքան հասկանալի չէին, որքան կենաթոշակն ավելացնելու կամ ավանդները վերադարձնելու խոստումները: Այստեղ խոսք էր գնում լայն հասարակությանն անհասկանալի ինչ-որ տեխնոպարկերի, բանկային ու բիզնես կենտրոնների մասին: Դժվար ըմբռնելի ու մշուշոտ այդ խոստումները, հնարավոր է, որ սպասված ազդեցությունը չթողնեին ընտրազանգվածի վրա: Եթե, իհարկե, այդ խոստումները չհամադրվեին ու չամրապնդվեին հինգհազարանոցներով: Հիմա կարծես շատ բան չի փոխվել: Հայտնի բան է` «Գեներալները միշտ պատրաստվում են նախորդ պատերազմին»: Այսինքն՝ քանի դեռ ընտրակաշառքի մեթոդն աշխատում է, պետք չէ հրաժարվել դրանից: Նոր բան հորինելն ահագին աշխատանք կպահանջի: Ու դեռ պարզ չէ, թե ինչ արդյունք կտա: Հետեւաբար` Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի տնտեսական հատվածը կլինի ավելի ընդհանուր ու փիլիսոփայական (եթե կուզեք՝ ավելի մշուշոտ), քան նախորդն էր: Հայ ընտրազանգվածը դեռ չի մարսել տնտեսական ճգնաժամի պարագայում տնտեսությունը դիվերսիֆիկացնելու ծրագրերը: «Դիվերսիֆիկացիա» բառը շատերի մոտ դեռ ընկճախտ կամ անքնության նոպա է առաջացնում: Բայց մեր կառավարությունը ձեռք բերածով բավարարվողը չէ: ՀՀ վարչապետն արդեն նախնական շաբլոնը հրապարակել է. «Այսուհետեւ մեր բոլոր ծրագրերն ուղղված են լինելու սովորական քաղաքացուն: Եթե մենք առաջին փուլում, ղեկավարվելով «Հզոր Հայաստան» կարգախոսով, ամրապնդել ենք մեր պետությունը, ապա այս հինգ տարիների ընթացքում մենք պետք է ստեղծենք այնպիսի միջավայր, որ ցանկացած քաղաքացի իր վրա զգա, որ իր կյանքը բարելավվում է»: Հատու է՝ զերթ բանաձեւ: Հանց` E= mc2: Բայց Նոբելյան մրցանակ չեն տա: Որովհետեւ պատմությանը հայտնի չէ ոչ մի հզոր պետություն, որի քաղաքացիների մեկ երրորդը պաշտոնապես աղքատ է: Կամ՝ հզոր պետություն, որի ամենաբնորոշ բնութագիրը արտագաղթն է: Կամ՝ հզոր պետություն, ուր գնաճը գերազանցում է բնակչության եկամուտների աճի ցուցանիշին: Բայց այս ու այլ մանր-մունր փաստերը չեն խանգարի, որ Հանրապետականի նախընտրական ծրագիրը տնտեսական հատված ունենա: Փորձարկված բազում նախագծեր կան: Առաջին ընտրությունը չէ, որ մեզ խոստանում են նոր ատոմակայան կառուցել: Կամ, ասենք, հարեւան երկրներին էլեկտրաէներգիա վաճառել: Մի քանի անգամ Վանաձորի քիմիական գործարանն են «վերագործարկել»: Հարավ-Հյուսիս միջազգային ավտոմայրուղի են «կառուցել»: Այսօր նույնիսկ ՀՀ Տրանսպորտի նախարարությունում չեն հիշում` «Իրան-Հայաստան» երկաթգծի նախագծման քանի փուլ ու ժամկետ են նշել: Սրանց մասին հերթական դողդոջ հիշատակումները, բնականաբար, Հանրապետականի մենաշնորհն են: Մյուս կուսակցությունները դրանք չեն հիշատակի իրենց տնտեսական նախընտրական ծրագրերում: Իշխող, կամ կոալիցիոն մյուս կուսակցության՝ «Բարգավաճ Հայաստանի» համար ավելի հեշտ է լինելու: Նրանք կարծես տարանջատվել են: Հետեւաբար` թոշակի ու աշխատատեղերի մասին կարող են խոսել: ՕԵԿ-ի համար է բարդ լինելու, բայց դա արդեն քննարկել ենք: Այսօր, իհարկե, դժվար է միանշանակ պնդել, որ ընտրությունների գնացող բոլոր կուսակցություններն էլ տնտեսական հստակ ծրագիր չունեն: Որ ոչ մի ուժ չի հանդգնում ասել, թե ինչպես է ոտքի հանելու արտադրական համակարգը: Հարկային ինչ քաղաքականություն է վարելու գործող մոնոպոլիզացված տնտեսությունն առողջացնելու համար: Այնինչ, դրա կարիքը կա: Ընտրազանգված դարձող հասարակությանը հարկավոր է ցույց տալ այդ ծրագրերը: Այլապես հինգհազարանոցը կդառնա մեր բոլոր ընտրությունների խորհրդանիշը: