Աշխարհում, ինչպես նաեւ` Հայաստանում, ազգային կամ պետական պատկերասրահները ցուցադրում են այն արվեստը, որը պետության չափանիշներով դարձել է մշակույթ: Այսինքն` պետությունը համարում է մշակութային արժեք:
Գալերեաները, սակայն, ինչպես ընդունված է համարել, գործում են ոչ թե իբրեւ պետական պատկերասրահների, թանգարանների այլընտրանք, այլ` որպես էքպերիմենտալ կենտրոններ: Այլ կերպ ասած` գալերեաները պետության համար դեռեւս որպես հեղինակություն չճանաչված արտիստների ինքնարտահայտման տարածքներ են, որոնք արտիստների հետ աշխատում են այնքան ժամանակ, քանի դեռ նրանց արվեստը հանրային ճանաչում ձեռք չի բերել եւ պետության ուշադրությանը չի արժանացել: Գալերեան ինչ-որ իմաստով «հում» նյութի հետ աշխատող լաբորատորիա է, որն արտիստին տալիս է ինքնադրսեւորվելու էքսպերիմենտալ հնարավորություն, հետեւաբար` գնահատման համակարգի իր չափանիշներով արժեւորելով` նրա համար բացում է ինչպես պետության, այնպես էլ` համաշխարհային արվեստի դռները: Այս դաշտում կարեւոր է նաեւ «գալերիստի» ձեռագիրը, քանի որ գալերեան` ի դեմս «գալերիստի», պետք է լինի ամենամեծ կոլեկցիոները: Հայաստանում, ինչպես ընդունված է ասել, «սալոնային» գալերեաներ ստեղծվեցին 1980-ականների վերջին եւ շարունակում են ստեղծվել մինչ օրս: 1991թ. ստեղծվեցին «Գոյակ», «Կռունկ» եւ «Թաակ-արտ մոդեռն» գալերեաները, որոնցից երկուսը ներկայացնում էին միայն մաքուր` ժամանակակից` մոդեռն նկարչություն: Ընդ որում` այդ տարիները ժամանակակից արվեստի միջավայրում համարվում էին հեղափոխական, քանի որ նկարիչները, հանդես գալով որպես հասարակության լիդերներ, փորձ էին անում Սովետական կայսրության տաբուները «ջարդել» գաղափարական ընդվզումների, մասնավորապես` մոդեռն արվեստի դիմադրության ուժով: Կատարում էին անթույլատրելին` երբեմն նույնիսկ հալածանքների ենթարկվելու գնով: Ինչեւէ, 1991-ից Հայաստանում ժամանակակից արվեստը ներկայացնելու` գալերեաների մոդելը ներդրվեց եւ ամրապնդվեց մասնավոր կոլեկցիոներների շնորհիվ, որը ոչ մի դեպքում պետության հովանավորչություն ակնկալող ինստիտուտ չէ եւ գոյատեւում է ինքնաֆինանսավորման ճանապարհով: Մինչ օրս էլ ամեն տարի, մասնավորապես` Երեւանում, դրանք բացվում եւ, կարճատեւ գործունեություն իրականացնելուց հետո, փակվում են: Նույնիսկ «գալերիստներն» ընդունում են, որ մեր երկրում այդ դաշտը ոչ միայն չի ձեւավորվել, այլեւ գնալով անկում է ապրում` փակվում են տարիների ընթացքում ճանաչում ձեռք բերած գալերեաները:
«Արտ-գալերեայի» տնօրեն, արվեստաբան, նկարիչ Թաթուլ Առաքյանը համարվում է Հայաստանի ժամանակակից արվեստի ամենամեծ եւ ամենաարժեքավոր հեղինակների գործերի կոլեկցիոները, ով, դիմադրելով ֆինանսներ հայթայթելու համար սալոնային գալերեայի վերածվելու վտանգին, մինչ օրս սկզբունքորեն ներկայացնում է ոչ թե պահանջարկին հարմարեցվող, վաճառվող, այլ` «մաքուր արվեստ»: 2005-ից գործող «Արտ-գալերեան», սակայն, շուտով ժամանակավոր կփակվի, եւ գալերեայի ճակատագիրը նույնքան մշուշոտ է, որքան մեր ժամանակակից արվեստը: Թե ինչ ճակատագիր կունենա «Արտ-գալերեան», դժվարանում է ասել ինքը` տնօրենը: Եթե նյութական միջոցներ հայթայթի` հետագայում գալերեան կբացվի նոր ու թարմ գաղափարներով, իսկ եթե ոչ… Համենայնդեպս, ոչ կոմերցիոն նկարչություն ցուցադրելը մեր օրերում շքեղություն է: Առայսօր այն գոյատեւել է ոչ թե նկարների վաճառքից ստացված շահույթով, այլ Թ. Առաքյանի սեփական կոլեկցիայից գործերի վաճառքով: «Սկզբունքորեն մինչեւ հիմա էդ մաքուր վիճակը պահել եմ, չեմ հարմարեցրել պահանջարկին: Հիմա բարդ է, ավելի լավ է գալերեան չլինի, քան վաճառվող, սալոնային գործեր ցուցադրեմ: Սալոնային գալերեաներ վերջին տարիներին շատ բացվում եւ փակվում են, բայց որպես գալերեա, մնացել է միայն իմ «Արտ-գալերեան»: Սալոնային գալերեաների խնդիրը արվեստ ներկայացնելը չէ, այլ գործ վաճառելն է: Տարածքներ են, որոնք ընկերվարական սկզբունքով աշխատեցնում են: Այսինքն` ցուցադրում են եւ՛ էսօրվա մոդեռնիստներին, եւ՛ էնպիսի արտիստների, որոնց գործերի վաճառքով տարածքը կպահեն: Ինձ մոտ խնդիրն ուրիշ է, ես խոսում եմ մաքուր արվեստի լեզվով: Երբ ես իմ գործունեությունը սկսեցի` ներկայացնում էի ավանգարդ արվեստի բոլոր հեղինակներին` պոպ-արտիստներին, կոնցեպտուալիստներին եւ այլն: Հետագայում իմ գործունեությունն ուղղվեց հանիրավի ուշադրությունից դուրս մնացած աբստրակցիոնիզմին, որը, ճիշտ է` դեռ 1960-ականներից արդեն կար, բայց մնում էր ստվերում»,- ասում է Թ. Առաքյանը` հիշեցնելով, որ Սովետի ժամանակ աբստրակցիոնիզմը Սովետին հակադրվելու կեցվածք էր, որը 1990-ականներին դարձավ դիրքորոշում: Աբստրակցիոնիզմը ճանաչելի դարձնելու համար վերջինս սկսեց արվեստի այդ ստվերում մնացած ուղղության համար էքսպերիմենտալ դաշտ ստեղծել: Մասնավորապես, կարեւորելով Մալեւիչի նամակագրությունից տրամաբանական մի հատված, որտեղ նա ասում է` «Բոլորը պահանջում են, որ հասկանալի նկարներ նկարեմ, բայց ոչ ոք չի ուզում իր գլուխը ցավեցնելով` իմ նկարածը հասկանալ», Թ. Առաքյանը գալերեայում աբստրակցիոնիստին ու մարդուն թողեց մենակ: «Աբստրակցիոնիզմի զարգացման դինամիկան Հայաստանում 1980-1990-ականներին» ցուցադրությունների շարքը ստիպեց, որ հայ մարդն աբստրակտ գործ նայելիս ոչ թե հարցնի` սա ի՞նչ է, այլ մտածի ու հասկանա ինքնուրույն: Թ. Առաքյանն ասում է, որ մոդեռն արվեստը էլիտար, ընտրյալների կամ ձեռնադրվածների արվեստ է, որոնք պատրաստ են փիլիսոփայական երկխոսության: Ընդ որում, ժամանակակից արվեստը նկարչական սահմաններից դուրս է եկել, քանի որ այն հասկանալու համար մարդը պետք է լավ իմանա փիլիսոփայություն, սոցիոլոգիա, հոգեվերլուծություն, ֆիզիկա եւ այլն: Նման գիտելիքներ ունեցող մարդուն նկարիչը կամ նկարչի գործը թույլ է տալիս մտնել երկխոսության մեջ: «Այդ տարիները ժամանակակից արվեստի համար զարթոնքի տարիներ էին: Մարդիկ սկսեցին գալ ու պատկեր չփնտրել, չհարցնել` ի՞նչ է նկարված: Մարդիկ հասկացան, որ աբստրակցիան շրջապատող աշխարհի արտացոլանքը չէ` վերերկրային մի բան է, սկսեցին ակնածանքով մոտենալ, եւ մարդու ու աբստրակտ նկարի կոնտակտը տեղի ունեցավ: Իդեաները մեզ խեղդում էին, ամսվա մեջ երկու ցուցահանդես էինք անում, չէինք հասցնում պրոյեկտներն իրականացնել: Հիմա իդեաները կան, բայց հնարավորություն չկա, եւ մենք էլ` կամաց-կամաց, մերվում ենք էս ամորֆ մարմնի հետ»,- ասում է Թ. Առաքյանը` վստահեցնելով, որ գալերեայում տեղի ունեցող ցուցահանդեսները կայանում էին մարդաշատ միջավայրում` ոգեւորությամբ: Վերջինս Հայաստանում ժամանակակից արվեստի վերելքը համարում է մինչեւ 1997 թվականը: Ընդ որում, նույնիսկ իշխանական վերնախավն էր արվեստասեր: Եթե որեւէ պատգամավոր տեղյակ էր լինում տեղի ունեցող ցուցահանդեսի մասին` գալերեան լցվում էր Ազգային ժողովի ամբողջ պատգամավորներով: Թ. Առաքյանը վստահեցնում է, որ այդ տարիներին իշխանության եկած մարդիկ ժամանակակից արվեստի ջատագովները եւ գալերեաների մշտական այցելուներն էին: Ոչ այնքան հարուստ պաշտոնյաները մեծ գումարներ էին հատկացնում իրենց դուր եկած նկարները գնելու համար: Այսօր, սակայն, պատկերը տխուր է: Այսօր գնորդը հակված է ներդրում կատարել այն նկարի վրա, որը կարող է հետագայում վաճառել, այսինքն` գնում է` որպես կապիտալ: Դժվար է որեւէ պաշտոնյայի ներկայությունը նկատել մայրաքաղաքի բազմաթիվ արվեստի սրահներում` ցուցահանդեսների ժամանակ: «Արտ-գալերեայի» տնօրենն այսօրվա ԱԺ պատգամավորներից կամ գործադիր մարմնի որեւէ ներկայացուցչի չի տեսել իր տարածքում: Ավելորդ է խոսել մեր երկրի մեծահարուստների կամ իշխանավորների գեղագիտական ճաշակի կամ ժամանակակից արվեստի գործ գնելու ցանկություններից: Ըստ նրա, Հայաստանի չինովնիկների 95%-ը նկարչությունն ընկալում է որպես տան կահույքի մի մաս. «Ընդհանրապես արվեստով չեն հետաքրքրվում, իրենց դա պետք չի, իսկ նկարը որպես արժեք չեն դիտում: Վերջին 15 տարում մեր հասարակությունը միայն ռեգրես ապրեց: Էն հավատը, որ կար լավ ապագայի նկատմամբ` կորավ: Մեր ժողովրդի մեջ սպառողի հոգեբանություն մտավ: Էսօր սպառեց` վերջ, վաղվա մասին չի մտածում: Արժեքային համակարգը անկում ապրեց, որովհետեւ հիմա մեր արժեքային դաշտում համատարած անցքեր են: Էսօր մենք մի փակ համակարգում ենք ապրում, որը միայն այսօրվա խնդիրն է լուծում. Չկա ծրագիր»,- ասում է Թ. Առաքյանը` համարելով, որ «Արտ-գալերեայի» այս տարիների գոյատեւումն ապահովել է իր մարդկային բոլոր ռեսուրսների հաշվին, ինչն արդեն դառնում է անհնար:
Ստվերից վախենալով` օրենք չեն ընդունում
Ինչեւէ, մեր օրերում գալերեաները փակվում են մի քանի պատճառներով։ Նախ` Հայաստանում գոյություն չունի գալերեաների մասին օրենք, էքսպերտային չափանիշներով գնահատման համակարգ, որի պատճառով բանկային համակարգն արվեստը կայուն արժեք չի համարում եւ գալերիստին իբրեւ վարկառու չի ընկալում: Բացի դա, հայաստանյան ժամանակակից արվեստի ողջ ներուժն իրացվում է դրսում, քանի որ հայ մարդն այլեւս արվեստի գործ, մասնավորապես` աբստրակցիա, չի գնում: Այս ամենի բացակայությունից` գալերեաները չեն կարողանում ֆինանսական շրջանառությունն ապահովելով գոյատեւել: «Տարիներ առաջ փորձեցինք «Գալերեաների մասին» օրենքի նախագիծ առաջարկել: Ընդ որում, մեր առաջարկած մոդելով հարյուր տարի աշխատում է Արեւմուտքը: Այդ օրենքով նաեւ սահմանվում է հաստատագրված հարկի սկզբունքը: Եվրոպայում հաստատագրված հարկը 7%-ն է, այսինքն` նկարի վաճառքից 7%-ը տալիս ես պետությանը: Մի ժամանակ փորձում էի բացատրել, որ հաստատագրված հարկի սահմանումն այլեւս թույլ չի տա զարտուղի ճանապարհներով` ցածր գնահատելով, քիչ գումար մուծելու քայլին գնալ: Ոչ ոք չարձագանքեց: Արեւմուտքում նաեւ այնպիսի օրենք կա, ըստ որի, եթե ինչ-որ մեկն, ասենք, 1 միլիոնի արվեստի գործ է գնում, ապա որոշակի հարկերից ազատվում է»,- վստահեցնում է Թ. Առաքյանը` հավելելով, որ հարկային արտոնության այս մոդելը Գերմանիայում հատուկ կիրառում են արվեստը զարգացնելու նպատակով: Ընդ որում, ներկայումս Գերմանիայի ժամանակակից արվեստը հսկայական եկամուտներ է բերում իր երկրին: Գալերեաների ոլորտում հարկային փաթեթի վերաբերյալ օրենսդրական դաշտի կիրառմանը զուգահեռ` նաեւ շատ են բարձրացել գերմանացի հեղինակների գործերի գները, քանի որ կարողություն ունեցող մարդիկ արվեստի գործ են գնում` հարկային արտոնությունից օգտվելու համար: Ոմանք գնում են կոլեկցիոներ դառնալու նպատակով` հետագայում այդ գործերը կրկնակի, եռակի այլ երկրներում վաճառելու նպատակով: «Այստեղ իմ առաջարկին կառավարության բարձր պաշտոնյաներից մեկն այսպես արձագանքեց` գիտե՞ս էդ օրենքի կիրառումից մեզ մոտ ստվերը ոնց կզարգանա»,- ասում է Թ. Առաքյանը` հավելելով, որ քանի դեռ մեր պետական այրերը վերահսկողության մեխանիզմները չեն խստացրել, խուսափելու են արվեստի դաշտում որեւէ օրենքի ընդունումից եւ հարկային արտոնությունը որպես խրախուսանք կիրառելով` արվեստը զարգացնելուց: Այլ կերպ ասած` մեր պետությունը փակում է նաեւ այն ճանապարհները, որով ժամանակակից հայ արվեստը կարող էր ներկայանալ համաշխարհային արվեստի շուկայում: Եթե մեր պետությունը հեղինակի գործի գնահատման չափորոշիչների համար օրենսդրական դաշտ չի ստեղծում, ուրեմն` դրսում հայ նկարիչը կգնահատվի այն սկզբունքով, որը որոշում է տվյալ երկրի «խաղի կանոնները»: Այլ կերպ ասած` մենք ունենք ժամանակակից արվեստի տաղանդավոր, հետաքրքիր հեղինակներ, որոնք, սակայն, գնահատվում են այլ երկրների օրենքներով եւ իրենց արվեստն էլ իրացնում են այլ երկրներում: Ինչեւէ, որքան էլ տարօրինակ է, բայց գալերեաները Հայաստանում գործում են` գրանցվելով` որպես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ: Պարզվում է` մեր մշակութային քաղաքականության կամ պետական որեւէ փաստաթղթում նույնիսկ գոյություն չունի «գալերեա» սահմանումը: Ստացվում է, որ մեր պետության համար միեւնույն նշանակությունն ունեն գալերեաների եւ, օրինակ` «քյաբաբի» պատրաստման որեւէ ՍՊԸ-ի գործունեությունը. «Օրինակ, եթե դրսից մեկը գա, հարցնի` գալերեաներ ունե՞ք, պիտի ասենք` ոչ, որովհետեւ գալերեայի վերաբերյալ մեր երկրում որեւէ փաստաթուղթ չկա: Կա արվեստի սրահ ՍՊԸ, այսինքն` սալոն»: