Մեր տնտեսությունը՝ մի հայացքով

25/11/2005 Արա ԳԱԼՈՅԱՆ

Համաշխարհային բանկը շրջանառության մեջ է դրել Հայաստանի տնտեսության հերթական ուսումնասիրության արդյունքները։ Ուսումնասիրությունը բավական երկար վերնագիր ունի` «Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի եւ Համաշխարհային բանկի կողմից իրականացվող գործարար միջավայրի եւ ձեռնարկատիրական գործունեության ուսումնասիրություն»։ Այն արված է երկու չափանիշներով։ Նախ` Հայաստանի տնտեսությունը դիտարկված է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի, նախկին Խորհրդային Միության գրեթե բոլոր երկրների հետ համեմատության մեջ։ Երկրորդ` համեմատաբար ներկայացված են 2002 եւ 2005թթ. հայաստանյան ուսումնասիրությունների արդյունքները։ Այս երկու համեմատությունները բավական տպավորիչ նկարագրում են մեր տնտեսության վիճակը։ Գործարարությամբ զբաղվելուն խոչընդոտող խնդիրները պարզելու համար Հայաստանում ուսումնասիրվել է 201 ձեռնարկություն։ Ընտրանքի մեջ մտել են թե՛ մեծ ու փոքր, թե՛ պետական ու մասնավոր, թե՛ արտադրական ու սպասարկման ոլորտի ձեռնարկություններ։ 2002-ին մեր գործարարները հիմնական խոչընդոտների շարքում նշել են հարկային վարչարարությունը, հարկերի դրույքները, ֆինանսավորման գինն ու մատչելիությունը։ Անցած երեք տարում այս ցուցանիշները չեն փոխվել։ Հարկային վարչարարությունը չի բարելավվել։ Հարկային դրույքները չեն նվազել։ Սեփական արտադրությունը կամ բիզնեսն ընդլայնելու համար ֆինանսական միջոցներ (վարկեր) վերցնելը շարունակում է մնալ թանկ եւ անմատչելի։ Այսպես է կարծում գործարարների կեսից ավելին։ 2005-ի ուսումնասիրությունը մի ցցուն փաստ էլ է առանձնացնում` մեր իշխանությունները սիրում են հպարտանալ երկրի մակրոտնտեսական կայունությամբ։ Մինչդեռ մեր գործարարների 55%-ի կարծիքով` գործարարությանը խոչընդոտում է հենց մակրոտնտեսական անկայունությունը։ Հետաքրքիր է, որ մակրոտնտեսական անկայունության իր գնահատականով Հայաստանը գերազանցելի է թե՛ Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայի երկրների, թե՛ ԱՊՀ երկրների հետ համեմատվելիս։ Այս երկրների հետ մենք բացասական ցուցանիշներ ունենք հարկային վարչարարության ֆինանսավորման գնի ու մատչելիության գծով։ 2002-ին, երբ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի պետական ծրագիրը նոր-նոր էր հաստատվում, գործարարների 25%-ն էր բողոքում կոռուպցիայից։ Հիմա, երբ այդ պայքարը թափով տարվում է թե՛ ՀՀ նախագահի աշխատակազմի, թե՛ ՀՀ կառավարության ջանքերով, իսկ ԱԺ ղեկավարությունն էլ երբեմնակի կրակոտ ելույթներ է ունենում` պատկերը փոխվել է։ Կոռուպցիայից արդեն ոչ թե 25%-ն է բողոքում, այլ` 32-ը։ Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը, եթե հիշում եք, սկսեց բժիշկների եւ ուսուցիչների դեմ արշավանքով։ Մինչդեռ մեր գործարարներն առանց քաշվելու նշում են այն ոլորտները, ուր հարցերն ավելի հաճախ են լուծվում կաշառքով։ Դրանք են` հարկային ու մաքսային մարմիններ, դատական համակարգ։ Իսկ, որ ամենակարեւորն է, մեր գործարարների 12%-ը կաշառք է տվել պետպատվերի պայմանագիր կնքելու համար։ 2002-ին նրանց թիվը 1% էր կազմում։ Երեք տարի անց տնտեսության զարգացման արդյունքում պետությունը հարստացել է, եւ պետպատվերի ծավալներն աճել են։ Աճել են նաեւ դրանց դիմաց պետական պաշտոնյաների պահանջած կաշառքի չափերը։ Գործարարության խոչընդոտների ցուցակում առանձին խնդիր է մաքսազերծումը։ Այս ոլորտի բացասական ազդեցություններն ուսումնասիրված են 4 տեսանկյունից։ Բոլորում էլ Հայաստանը ամենավատ ցուցանիշն ունի։ Օրինակ` մաքսազերծման վրա 1 օրից ավելի ժամանակ 2002թ. ծախսել է արտահանող ընկերությունների 75%-ը, 2005-ին այդ ընկերությունների քանակը մոտենում է 100%-ի։ Սա` այն դեպքում, երբ Հայաստանը հպարտանում է արտահանումը խրախուսող իր օրենսդրությամբ ու տնտեսական քաղաքականությամբ։ Մեկ օրից ավելի ժամկետը արտահանման գյուղատնտեսական ուղղություն ունեցող երկրի համար իսկապես անթույլատրելի է։ Մաքսազերծման վրա մեծ ժամանակ են ծախսում նաեւ ներմուծողները։ Ըստ Վերակառուցման ու զարգացման Եվրոպական բանկի ու Համաշխարհային բանկի` մաքսազերծման համար կատարվող ոչ պաշտոնական վճարների ցուցանիշը վերջին երեք տարում աճել է 6-7 անգամ։ 3,5 անգամ աճել են հարկային խնդիրները լուծելու համար տրվող ոչ պաշտոնական վճարները։ Կոռուպցիայի դեմ պայքարող պաշտոնյաների համար իհարկե կարելի էր բացատրել «ոչ պաշտոնական վճարները» արտահայտության իմաստը։ Եթե բացատրելն իմաստ ունենար։ Ուսումնասիրության տվյալներով` մաքսային ոլորտի ստուգումների քանակով Հայաստանն առաջամարտիկ է։ Ոչ մի երկրում այդքան մաքսային ստուգումներ չեն լինում։ Փոխարենը` հարկային ստուգումների թվով համարյա նույն մակարդակն ունեն, ինչ Կենտրոնական Եվրոպայի երկրները։ Սա օբյեկտիվ ցուցանիշ է, որովհետեւ մեր երկրի տնտեսական կյանքում ներմուծումները չափազանց մեծ բաժին ունեն։ Այն, որ մաքսային ստուգումների հաճախականությամբ ակնհայտ լիդեր ենք, բայց այդ ստուգումների միջին տեւողությունն ավելի կարճ է, քան մյուս երկրներինը, նույնպես հետաքրքիր փաստ է կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից։ Հայ գործարարները բիզնեսով զբաղվելուն խոչընդոտող խնդիր են համարում հեռահաղորդակցության վիճակը։ Թանկ կապից մերոնք բողոքում են մյուսներից կրկնակի շատ։ Փոխարենը` Հայաստանում գործադուլների հետեւանքով գործարարները վնասներ չեն կրում, ի տարբերություն ուսումնասիրված մյուս երկրների։ Այս հետազոտությունից հետո դատական կարգով «ԱրմենՏել» ընկերությունն իր աշխատակիցներին ստիպեց դադարեցնել գործադուլը։ Այսինքն` Հայաստանում գործազրկության առկա տեմպերի եւ աշխատանքային օրենսդրության պատճառով` գործադուլներն իրական վտանգ չեն գործարարների համար։ Նույնիսկ` «ԱրմենՏելի», որի թանկ ծառայությունից բողոքում են բոլոր մյուս գործարարները։