Դեֆոլտը բացառված չէ՞

14/02/2012

Policy Forum Armenia ասոցիացիան երեկ հրապարակել է հատուկ զեկույց, որի վերնագիրն արդեն ամեն ինչ ասում է. «Հայաստան. Կանխենք տնտեսական աղետը»։ Զեկույցը ուրվագծում է հնարավոր տնտեսական աղետի վտանգը եւ կոչ է անում քայլեր ձեռնարկել այն կանխելու ուղղությամբ։ «2009-ի դասերը վատնվել են. ոչ մի նշանակալի փոփոխություն չի իրականացվել քաղաքականության ոլորտում, ինչը կարող էր Հայաստանն ավելի պատրաստ դարձնել հավանական գալիք զարգացումներին»,- նշված է զեկույցում։ Գալիք զարգացումներից ամենակարեւորը, թերեւս, Եվրոպայում թափ առնող ճգնաժամն է, որը, զեկույցի հեղինակների համոզմամբ` լուրջ ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության վրա ուղղակի եւ անուղղակի դրսեւորումներով` ազդելով նաեւ Ռուսաստանի` Հայաստան ուղարկվող տրանսֆերտների ամենամեծ ծավալը ապահովող երկրի վրա: Զեկույցի հեղինակները չեն բացառում, որ արտաքին շոկերի պարագայում, եթե արձանագրվի նաեւ դրամի արժեզրկում եւ ՀՆԱ-ի նվազում (ինչը բացառված չէ), ՀՀ պետական պարտքի ցուցանիշը կարող է հասնել ՀՆԱ-ի 70%-ի՝ հանգեցնելով տնտեսական աղետի։