Վարչապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը շաբաթ օրը Լոռու մարզում հանդիպումներ է անցկացրել իր կուսակիցների հետ: Ստեփանավան քաղաքում կայացած հանդիպման ժամանակ նա ազդարարել է ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի քննարկման մեկնարկի մասին: «Այսուհետեւ մեր բոլոր ծրագրերն ուղղված են լինելու սովորական քաղաքացուն: Եթե մենք առաջին փուլում, ղեկավարվելով մեր «Հզոր Հայաստան» կարգախոսով, ամրապնդել ենք մեր պետությունը, ապա այս հինգ տարիների ընթացքում մենք պետք է ստեղծենք այնպիսի միջավայր, որ ցանկացած քաղաքացի իր վրա զգա, որ իր կյանքը բարելավվում է»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի` հայտարարել է Տ. Սարգսյանը: Սա Տ. Սարգսյանի եզակի անկեղծ հայտարարություններից է, քանի որ նա ուղղակիորեն խոստովանում է, որ մինչ այս ՀՀԿ ծրագրերը (եթե, իհարկե, դրանք կարելի է ծրագրեր անվանել) ուղղված են եղել «ոչ սովորական» կամ արտոնյալ քաղաքացիներին: Վստահ ենք` օլիգարխները կհաստատեն վարչապետի այս պնդումը եւ գուցե նաեւ շնորհակալություն հայտնեն: