– Պարոն Զոհրաբյան, փետրվարի 12-ի Հրազդանի քաղաքապետի ընտրություններում նախկին ՀՀԿ անդամ եւ քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը պարտություն կրեց Ձեր կուսակից Արամ Դանիելյանից: Համաձա՞յն չեք Ս.Միքայելյանի կողմնակիցների ու ընդդիմության այն պնդումներին, թե գործի են դրվել վարչական ռեսուրսը եւ ընտրակաշառքի մեխանիզմը:
– Նորից կրկնեմ հին դեւիզը, որ ընդդիմությունը երբեք չի հավատա, որ եղել են նորմալ ընտրություններ: Իրականում ընտրություններն անցել են նորմալ, եւ այն, որ դատարան բողոքներ չկան, այդ մասին է վկայում: Մենք ասում ենք, որ նաեւ ԱԺ ընտրությունները պիտի տանենք արդար ձեւով, եվրոպական չափանիշներին համապատասխան, եւ Հրազդանի ընտրությունները հենց այդ կոնցեպտի մեջ ընկան: Գոնե լավ է, որ ողջ ընդդիմությունը մասնակցել է այդ ընտրություններին, եւ իրենց աչքի առաջ է պրոցեսը տեղի ունեցել:
– Ընդդիմությունը պնդում է, որ կեղծիքը դրսում է եղել` կաշառք է տրվել, օգտագործվել են վարչական լծակներ:
– Հեշտ չէ մի քանի հազար մարդու կաշառք տալ, որ որեւէ տեղից չերեւա: Տեսագրություն կար, թե մի կին ասում էր, թե կաշառք են բաժանել, իրեն էլ չեն տվել, բայց ոչ մի փաստ չկար: Գուցե ինչ-որ մարդիկ տվել են, չեմ կարող ասել, 100 տոկոսանոց մաքուր ընտրություն աշխարհում չի եղել: Ինչ-որ մանր-մունր խախտումներ միշտ էլ լինում են: Ես կարծում եմ, որ եթե այս կարգի լինեն նաեւ ԱԺ ընտրությունները, ուրեմն այն նորմալ է ընկալվելու եւ արտաքին աշխարհի կողմից, եւ ներսում: Իսկ մենք պարտավորված ենք զգում, որ թույլ չտանք կեղծիքներ լինեն: Ես չէի ասի, որ Հրազդանում վատ ընտրություններ են եղել: Սասունի հավաքած ձայները քիչ չեն, ընդամենը 1600 ձայն է պակաս: Դա նշանակում է, որ շատ լավ ընտրություններ են եղել, եւ երկու կողմերն էլ կարողացել են իրենց ընտրողների պոտենցիալ ձայները ստանալ:
– Ս.Միքայելյանի շտաբի անդամները պնդում են, որ Հրազդանում ընտրություններին երբեք 25.000 մարդ չի մասնակցել: Նախորդ ընտրություններում ընտրողների քանակը մոտ 20 հազար է եղել: Այսինքն` 4000 անհասկանալի ընտրող է հայտնվել:
– Ժողովրդավարական երկրներում ընտրություններին մասնակցում է ընտրողների 50 տոկոսից մի փոքր ավելին: Հրազդանում մասնակիցների քանակը մոտ 58 տոկոս է եղել: Դա նորմալ ցուցանիշ է:
– Փետրվարի 12-ի ՏԻՄ ընտրություններում 39 համայնքներից 31-ում ղեկավար են ընտրվել ՀՀԿ անդամները: Սա չի՞ նշանակում, որ ՀՀԿ-ն պատրաստվում է նույն մեխանիզմով նույն պատկերը ստանալ նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
– Քանի որ մենք մեր վրա վերցրել ենք իշխանության եւ ողջ պետության պատասխանատվությունը, մեզ համար առաջնային են թե Երեւանի, թե ծայրահեղ մի գյուղի ընտրությունները: Բոլորն էլ մեզ համար հավասար են: Եվ մենք միշտ աշխատել ենք, որ մեր ծրագրի համաձայն` մեր համայնքապետերն ընտրվեն: Մենք ամեն օր աշխատում ենք նրանց հետ, ծրագրեր ենք իրականացնում եւ, բնականաբար, պիտի ձայները ստանանք: Ընդդիմությունն ի՞նչ է անում, մեծամասամբ չի մասնակցում ՏԻՄ ընտրություններին: ՏԻՄ ընտրություններին հիմնականում մասնակցում են կոալիցիոն կուսակցությունները:
– Հրազդանի քաղաքապետի ընտրությունները ցույց տվեցին, որ մեր երկրում հատկապես ՏԻՄ ընտրություններին ընդդիմության մասնակցությունն անօգուտ է: Իշխանությունները վարչական լծակներով վերընտրվելու են: Ընդդիմությունն էլ լավագույն դեպքում Ս.Միքայելյանի նման շատ ձայներ կհավաքի, բայց կպարտվի:
– Բայց չէ՞ որ Հրազդանում Սասունը բավականին շատ ձայներ է հավաքել: Այսինքն, եթե ընդդիմությունն աշխատում է, ձայներ բերում է, բայց եթե չի հաղթում, դա չի նշանակում, թե ընտրությունները կեղծված են: Մենք 5 տարի սոցիալ-տնտեսական, արտաքին քաղաքականության եւ այլ ծրագրեր ենք իրականացնում: Ինչո՞ւ մենք պետք է 50+1-ը չստանանք թե Հրազդանում, թե ԱԺ ընտրություններում: Եվ երբ Եվրոպան Հայաստանում արդար ընտրություններ է ակնկալում, առաջին հերթին մեզ է մատնացույց անում, մեզանից է սպասում:
– Դուք ասում եք, թե ծրագրեր եք իրականացրել, բայց նույնիսկ պաշտոնական տվյալներով` աղքատության մակարդակը, արտագաղթը վերջին տարիներին գնալով ավելանում են:
– Եթե ես հիմա ասեմ, թե ունենք ԼՂՀ չլուծված հակամարտության խնդիր, ճգնաժամ եւ այլն, պիտի ասեք, թե` էլի շառը գցեցիք նման բաների վրա: Բայց սա է մեր վիճակը, սրանք են մեր հնարավորություններն ու պայմանները: Դրանք պատճառներ են, որոնք լրջորեն խոչընդոտում են մեր երկրի զարգացմանը:
– ՀՀԿ-ն իր իշխանության ավելի քան 10 տարիներին ընտրական այնպիսի մեխանիզմ է ստեղծել, որ համայնքներում ղեկավարների մոտ 70 տոկոսը ձեր կուսակցության անդամներն են դառնում, իսկ արդեն համապետական ընտրություններում նրանք իրենց համայնքներից հենց ՀՀԿ-ի օգտին են ձայն բերում: Եվ դա` ոչ թե ազատ մրցակցության արդյունքում, այլ ինքնաբերաբար է ստացվում: Որոշ դեպքերում չի կարելի ասել, թե կեղծիք է տեղի ունեցել, բայց իրականում արդար ընտրություն էլ չի կարելի անվանել:
– Գյուղացին այնպիսի խավ է, որ եթե ինչ-որ բան իր շահերին հակասեց, նա երբեք դրան չի գնա: Եթե տվյալ մարդն ընտրվում է, ուրեմն նա կարողանում է որոշակի ծրագրեր իրականացնել եւ բավարարել մարդկանց: Բայց ընդդիմադիրները մարզերում թափով չեն աշխատում: Ասում են` կարեւորը Երեւանն է եւ համապետական ընտրությունները:
– ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կոալիցիոն կուսակցությունների հերթական հանդիպում է տեղի ունեցել եւ հայտարարություն տարածվել, որի մեջ, նախորդի նման, չի ամրագրվել միմյանց հաշվին հարաբերակցությունը չփոխելու պայմանը: Երեք կուսակցություններն արդեն հակասությո՞ւն ունեն այդ դրույթի առնչությամբ:
– Մենք ունենք անցած տարվա փետրվարի 17-ի հայտարարությունը, որտեղ պարզ ասված է, որ մեկս մյուսի հաշվին չենք փորձելու առավելություն ձեռք բերել: Բացի այդ, ընտրությունները մոտենում են, եւ յուրաքանչյուր կուսակցություն, ուզի թե չուզի, իր շահերով է առաջնորդվում: Ընտրությունների ժամանակ պրոցեսներն ակտիվանում են, եւ յուրաքանչյուր կուսակցություն ձգտում է իր համար ավելի ձայներ տանել: Իսկ այդ հայտարարությունը հուշագրի գաղափարին ամբողջությամբ համապատասխանում է: Նոր հուշագիր չկազմվեց, որովհետեւ իմաստ չկար, նախորդը ամբողջությամբ բավարարում է մեր այսօրվա պահվածքին եւ հարաբերություններին: Ամեն անգամ պետք չէ զգացմունքային հայտարարություններ անել, սա նորմալ, կոռեկտ, չափավոր հայտարարություն է: