Ընտրակեղծիքները հասցրել են «ժողովրդավարական չափանիշներին»

14/02/2012 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Փետրվարի 12-ին Հայաստանի 39 համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններն առաջին հայացքից անցել են անաղմուկ եւ արդար պայմաններում:

Հայաստանյան ընտրություններին բնորոշ զանգվածային լցոնումների, ծեծկռտուքների, կրակոցների կամ ընտրություններից հետո բողոքների մասին հաղորդագրություններ չկան: Բնականաբար, բոլորի ուշադրությունն առաջին հերթին ուղղված է հատկապես Հրազդանի քաղաքապետի ընտրություններին, որտեղ պայքարում էին գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանը եւ նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը, որին պաշտպանում էր Հայաստանի խորհրդարանական ու արտախորհրդարանական գրեթե ողջ ընդդիմությունը: Նախ նշենք, որ այդ 39 ընտրատարածքներից 31-ում քաղաքապետ ու գյուղապետ են ընտրվել ՀՀԿ թեկնածուները: Միայն Կոտայքի մարզի 2 համայնքներում են ընտրվել ԲՀԿ անդամներ: Հիշեցնենք, որ այս մարզն ավանդաբար համարվում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ազդեցության տարածաշրջան, որտեղ համայնքի ղեկավարների մի զգալի մասը ԲՀԿ անդամներ են: Կիրակի օրն ընտրված 6 համայնքապետ էլ եղել են անկուսակցական: Այսինքն` այս ընտրություններում ՀՀԿ-ն մոտ 80 տոկոս հաղթանակ է ապահովել: Ավելին, փորձը ցույց է տալիս, որ այդ 6 անկուսակցական համայնքապետերին նույնպես կարելի է համարել ՀՀԿ թեկնածուներ: Վաղ թե ուշ, վարչական լծակների ազդեցության արդյունքում` նրանք կհայտնվեն այդ կուսակցության կազմում. լավագույն դեպքում կպահպանեն իրենց անկուսակցական կարգավիճակը, բայց դե ֆակտո կլինեն ՀՀԿ ազդեցության տակ:

Կարելի՞ է արդյոք կիրակնօրյա այդ ընտրությունները համարել արդար կամ, ինչպես ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն է երեկ հայտարարել, նախորդների համեմատ մեկ քայլ առաջ: Հազիվ թե: Օրինակ, Հրազդանում ընտրություններին հետեւող ընդդիմադիր գործիչներն արձանագրել են բազմաթիվ խախտումներ` մի քանի ընտրատեղամասերում կնիքները թաց են եղել, ինչը ենթադրելու տեղիք է տվել, որ դրանք արդեն օգտագործվել են: Դեպքեր են եղել, երբ մի ընտրողի 2 քվեաթերթիկ են տվել: Զանգվածային են եղել դեպքերը, երբ ընտրողները պատճառաբանել են, թե լավ չեն տեսնում, եւ ինչ-որ մարդիկ նրանց «օգնել են» ընտրություն կատարել: Եվ տեսողության այս խնդիրը կարծես թե նոր տեխնոլոգիա է հայաստանյան ընտրակեղծիքների բազմափորձ ու հարուստ զինանոցում: Ընտրամասերից մեկում «Ժառանգություն» կուսակցության անդամները ընտրողների ցուցակ են հայտնաբերել, որտեղ չկողմնորոշված անունների դիմաց գրառում է եղել, թե անհրաժեշտ է նրանց օգնել կողմնորոշվելու համար, հաշվելու ժամանակ քվեաթերթիկների ելունների եւ քվեաթերթիկների անհամապատասխանություն է եղել եւ այլն: Բայց սրանք մասնավոր դեպքեր են, որոնք կարծես թե մեծ հաշվով չեն կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա: Այս ընտրություններում մեծապես գործել են իշխանության վարչական լծակներն ու, որոշ տեղեկությունների համաձայն` ընտրակաշառքը: Եվ հենց այս մեթոդներն են ազդել ընտրությունների արդյունքների վրա: Ի վերջո, Ա.Դանիելյանը Ս.Միքայելյանից ընդամենը 1573 քվե է ավելի ստացել: Նա հավաքել է 13.075 ձայն, Ս.Միքայելյանը` 11.506 ձայն:

Այն, որ իշխանությունները վարչական լծակներով փորձելու էին «մաքուր» ընտրություններ անցկացնել, անսպասելի չէր ոչ մեկի համար: Իշխանությունները վաղուց էին ակնարկում, որ այս անգամ փորձելու են «լավ» ընտրություններ անել, որ իրենց կուսակցական կառույցներն այնքան կայացած են, որ հաղթելու համար մեծ դժվարություններ չեն ունենա: Իսկ Հանրապետական կուսակցության կառույցները ղեկավարում են մարզային ու շրջանային համայնքների ղեկավարները, ովքեր իրենց ենթականերով էլ ղեկավարում են այդ ընտրությունները: Այսօր Հայաստանում այնպիսի վիճակ է ստեղծվել, որ ցանկացած պետական ու մասնավոր, կրթական ու արտադրական հիմնարկի միջոցով` սպառնալիքով, ճնշմամբ, լավագույն դեպքում` հորդորով, հնարավոր է մեծաքանակ ձայներ ապահովել: Ս.Միքայելյանի վստահված անձինք պնդում են, որ Հրազդանում նաեւ ընտրակաշառք է բաժանվել, որոշ տեղերում մարդիկ քվեարկելուց հետո դուրս են եկել տեղամասից ու մտել դրա առջեւ գտնվող համատիրություն` հավանաբար զեկուցելու, որ արդեն ընտրել են: Եվ կարծես այնպիսի մի վիճակ է ստեղծվել, որ մարդիկ նույնիսկ վախենում են հրաժարվել ընտրակաշառքից: Հատկապես գյուղական վայրերում նման միջոցառումները մեծ վերապահումով կարելի է ընտրություն համարել: Կիրակի օրը ՀԱԿ-ի, «Ժառանգություն», «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների բազմաթիվ փորձառու գործիչներ Հրազդանի 26 ընտրատեղամասերում եղել են Ս.Միքայելյանի վստահված անձինք, սակայն, միեւնույն է, իշխանական լծակներին դիմակայելն անհնար է, երբ ողջ պետական մեքենան օգնում է ապահովել իշխանության վերընտրությունը: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, նախկին արտգործնախարար եւ 2008թ. ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Արզումանյանը Հրազդանի ընտրատեղամասերից մեկում նույնպես Ս.Միքայելյանի վստահված անձն է եղել: Նրա խոսքերով` ընտրատեղամասի ներսում խախտում եւ կեղծիք չի նկատվել, ամեն ինչ կարծես թե օրինական է եղել: Սակայն օգտագործվել է ողջ վարչական ռեսուրսը: Պարոն Արզումանյանի համոզմամբ` իր գտնված ընտրատեղամասում իշխանությունների թեկնածուին ձայն տված 463 մարդկանց հետ անհատապես աշխատանք է տարվել, եւ մարդկանց հատ-հատ տներից բերել են ընտրելու: Ընտրություններից առաջ գործի է դրվել տարիներով փորձարկված «տասնապետերի» եւ «հարյուրապետերի» ինստիտուտը, որոնք ընտրողների 10-ական կամ 100-ական ցուցակներ, հետո` նաեւ ընտրողներ են ապահովել: Ա.Արզումանյանի կարծիքով, այս ընտրություններին ընտրողների 2 խումբ կար` ընտրակաշառքով եկածները եւ նրանք, ովքեր աշխատանք ունեն ու դրանով` իրենց հարազատների հետ միասին, կախման մեջ են հայտնվել իշխանություններից:

Քաղաքական գործիչներն ու փորձագետներն արդեն կանխատեսում են, որ փետրվարի 12-ի ՏԻՄ ընտրությունները առաջիկա խորհրդարանական ընտրությունների փորձնական նախերգանքն էին: Այսինքն` նույն կեղծիքի խաղաղ մեքենան արդեն ավելի կատարելագործված մեխանիզմներով գործի է դրվելու առաջիկա խորհրդարանական ընտրություններում` «արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական» չափանիշներին համապատասխան ընտրության տպավորություն ստեղծելու համար: Երեկ փետրվարի 12-ի ՏԻՄ ընտրությունների հետ կապված հաղորդագրություն է տարածել ՀԱԿ-ը: «Այսպիսով, իշխանությունների կողմից կատարվել է հերթական ընտրագողությունը, աղավաղվել է ժողովրդի կամքի արտահայտությունը, ի չիք են դարձել ազատ, արդար եւ օրինական ընտրություններ անցկացնելու մասին խոստումները: Իշխանությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ պատրաստ չեն հարգել անգամ իրենց կողմից ընդունված անկատար Ընտրական օրենսգրքի դրույթները, երբ իրական վտանգ է ստեղծվում իրենց իշխանության վերարտադրման համար»,- նշված է հաղորդագրության մեջ: