Մեր թերթի նախորդ համարներից մեկում տեղեկացրել էինք, որ կառավարության կողմից ԱԺ է ներկայացվել օրենքի նախագիծ՝ որով արտոնություններ են սահմանվում սոցապ. վճարների գծով պարտավորություններ կուտակած անհատ ձեռներեցների նկատմամբ։
Երեկ ՀՀ Հարկային ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը հայտարարեց, որ 2006 թվականից Հայաստանի հարկային մարմինները պատրաստ են համաներում հայտարարել անհատ ձեռներեցների կողմից սոցիալական վճարների չվճարման մասով։
Հայաստանում գրանցված է մոտ 70 հազար անհատ ձեռներեց, որոնցից շատերը 3-4 տարվա ընթացքում չեն կատարում սոցվճարումների գծով իրենց պարտավորությունները: Կառավարությունն անհատ ձեռներեցներին առաջարկում է մինչեւ 2006թ. մայիսի 1-ը վճարել սոցվճարումների գծով պարտավորությունների 30 տոկոսը` իրենց կարգավիճակը պահպանելու համար, կամ լուծարվել՝ առանց պարտավորությունները մարելու: Մեկ այլ օրենսդրական նախաձեռնությամբ պարտադիր սոցվճարումների չափը բարձրացվել է մինչեւ ամսական 7 հազար դրամ` ներկայիս 5 հազար դրամի փոխարեն։ Առաջարկվել է նաեւ, որ անհատ ձեռներեցները պետք է վճարեն նաեւ եկամտահարկ` եկամուտների 1 տոկոսի չափով:
Հարկային ծառայությունից մեզ տեղեկացրին, որ նախագիծն արդեն անցել է երկրորդ ընթերցումը։