Առաջիկա ընտրություններում մականունավորներին «ուսյալ երիտասարդներով» փոխարինելու իշխանությունների խոստումը, երեւում է, շատ է ոգեւորել երիտկարիերիստներին, որոնց հրապարակային ելույթները երբեմն վերածվում են սանձարձակության: Օրինակ, երեկ ամենաերիտհանրապետական Կարեն Ավագյանը «Ժառանգության» անդամ Ստեփան Սաֆարյանի հետ բանավեճի ժամանակ հայտարարել է. «Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական ծաղրածուի դեր է ստանձնել», քանի որ «սափրել է բեղերը եւ հացադուլ է արել»: Ս. Սաֆարյանը Ավագյանին առաջարկել է կոռեկտ լինել` նշելով, որ այլապես ինքն առավել լուրջ բառամթերք եւ հիմքեր ունի Սերժ Սարգսյանին վիրավորելու համար: «Կլոունադայով զբաղվում է ՀՀԿ-ն,- ասել է Սաֆարյանը` պարզաբանելով,- Հերմինե Նաղդալյանին հարցնում ես` ինչո՞ւ ես ուրիշի փոխարեն քվեարկում, ասում է` «էէէ»: Հարցնում ես Արա Բաբլոյանին, ասում է` «Ինձ բժշկությունից հարցեր տվեք»: Իր կուսակիցներին պաշտպանելու համար Ավագյանը հակադարձել է` ասելով, թե «Ժառանգությունը» քաղաքական առնականության խնդիր ունի», ինչին ի պատասխան` Ստեփան Սաֆարյանը հարցրել է. «Դուք մաչո՞ եք ձեր ջարդել-փշրելով»: