Առաջ, դեպի բեռնաթափում

14/02/2012

«Նոր կոալիցիայի ձեւավորման պարագայում կառավարության կազմը ամբողջովին կփոփոխվի,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` ավելացնելով,- Կարող է, ասենք, նախարարությունը, որ քվոտայով տրվել է այս կամ այն կուսակցությանը, տվյալ պարտականությունն իր վրա չվերցնի, մեկ այլ քաղաքական ուժ վերցնի: Սա քննարկումների հարց է»: Հարցին` ընդդիմությանն առաջարկվելո՞ւ է կառավարությունում տեղեր զբաղեցնել, Սահակյանը պատասխանել է. «Մենք դա մի ժամանակ արեցինք ԱԺ ընտրությունների ժամանակ, ընդդիմությանը որոշ հանձնաժողովների աշխատանքներ վստահվեցին, նրանք պաշտոնյաների տեղակալներ ունեցան, բայց տեսանք, որ հետագա պատասխանատվությունը, մեկ է` մնաց մեզ վրա»: Շարունակելով պատասխանատվության թեման` Սահակյանն ասել է, թե «ժողովուրդը կորոշի` պե՞տք է ՀՀԿ-ն բեռնաթափի իր վրա եղած պատասխանատվությունը, թե՞ ոչ»: «Նպատակների տերն ու տնօրենը ժողովուրդն է: Բեռնաթափման որոշում կայացնել-չկայացնելը կախված է լինելու ժողովրդի հրամայականից: Կոնկրետ ՀՀԿ-ի համար ամենակարեւորը լավ ընտրություններ ունենալն է եւ լավ ընտրությունների մասնակից լինելը»,- ասել է նա: Խոսելով նոր կոալիցիոն հուշագրի ստորագրման հավանականության մասին` Սահակյանը հայտարարել է, թե այդ հարցի շուրջ քննարկումներ չեն ծավալվում, բայց եթե անգամ դրա վերաբերյալ խոսակցություններ կան, ապա միայն` տեխնիկական բնույթի: «Մենք առաջ ենք շարժվում անցած տարի փետրվարի 17-ին կնքված կոալիցիոն հուշագրով: Մենք նոր հուշագրի անհրաժեշտություն չենք տեսնում: Խնդիրն այս պարագայում կուսակցությունների հավատամքն է»,- ասել է նա: Անդրադառնալով ՀՀԿ նախընտրական ցուցակի վերաբերյալ հարցին, Սահակյանը նշել է, թե հարցը չի կարելի շահարկման առարկա դարձնել: «Մեր ցուցակն անձնավորված չէ: Ոչ Գագիկ Բեգլարյանի, ոչ Գալուստ Սահակյանի` ցուցակում ընդգրկվելու մասին խոսք չի եղել, չնայած Գագիկ Բեգլարյանը ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է»,- ասել է նա` ավելացնելով, թե իր տեսակետն այն է, որ կուսակցության համամասնական ցուցակը գլխավորի Սերժ Սարգսյանը: «Միաժամանակ, շատ շուտ է` խոսելու համար, թե ով կլինի վարչապետ, ով` նախարար»,- ասել է նա` շեշտելով, որ այս պահին հայտնի չէ` արդյո՞ք Սերժ Սարգսյանը կղեկավարի ՀՀԿ համամասնական ցուցակը, թե՞ ոչ: