Այսօր ժամը 13:00-14:00-ը մի շարք բնապահպանական նախաձեռնություններ, կազմակերպություններ, ինչպես նաեւ` անհատ քաղաքացիներ Մաշտոցի այգուց երթով շարժվելու են դեպի նախագահի նստավայր` նախագահ Սերժ Սարգսյանին հանձնելու փետրվարի 6-ին Ազգային ժողովում ընդունված «Շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության» մասին օրինագիծը չստորագրելու եւ կրկին ետ վերադարձնելու մասին պահանջ: Ակտիվիստները պնդում են, որ նշված օրինագիծը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, Օրհուսի, Էսպոյի եւ այլ կոնվենցիաներին, ինչպես նաեւ` Հայաստանի կառավարությանն ուղղված` Օրհուսի կոմիտեի պահանջներին: Բնապահպանները հայտարարել են, որ իրենց պահանջը չկատարելու պարագայում կհանգեն այն հետեւության, որ «Հայաստանի բնության ոչնչացումը համակարգվում է ուղղակիորեն ՀՀ նախագահի նստավայրից», եւ ձեռք կառնեն այդ հետեւությունից բխող համարժեք միջոցառումներ: Նրանք նաեւ պնդում են, որ տվյալ օրինագիծը թույլատրելու է կատարել անսահմանափակ քանակությամբ անտառհատումներ` առանց հասարակական լսումների եւ փորձաքննության անցկացման, ինչը նշանակում է, որ առանց մասնագիտական եզրակացության, առանց փորձաքննության, առանց հասարակության կարծիքը հաշվի առնելու` կարող են անսահմանափակ քանակությամբ անտառ հատել: