Ընդունել են Ջեյմսին

14/02/2012

Տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանում գտնվող Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը երեկ հանդիպել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, ապա` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Ըստ ԱԳՆ-ի հաղորդագրության, Նալբանդյանի հետ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցերի` մասնավորապես Գործընկերություն հանուն խաղաղության, Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի եւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում իրականացվող համագործակցությանը, քննարկել են այս տարի կայանալիք Չիկագոյի գագաթաժողովին, Բրյուսելում կայանալիք Հայաստան + ՆԱՏՕ ձեւաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի ամենամյա նիստին առնչվող հարցերը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ պաշտպանության ոլորտում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը արդյունավետորեն զարգանում է խաղաղապահության, ռազմական կրթության եւ պաշտպանական բարեփոխումների ուղղություններով: Ջեյմս Ապատուրայի խնդրանքով Սեյրան Օհանյանը ներկայացրել է իրադրությունը հայկական եւ ադրբեջանական զորքերի շփման գծում: