Հայաստանում նախընտրական կրքերը խոստանում են թեժ լինել ոչ միայն խորհրդարանական ընտրությունների դեպքում, այլեւ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի:
Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերին տեղի կունենան Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի ընտրությունները (Արհմիությունների կոնֆեդերացիան ընդգրկում է 24 ճյուղային արհմիություններ):
Օրեր առաջ մեր թերթի խմբագրություն էր դիմել Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը: Վերջինս իր դժգոհությունները ներկայացրեց արհմիությունների կոնֆեդերացիայի գործունեության, ինչպես նաեւ կոնֆեդերացիայի նախագահի ընտրությունների վերաբերյալ: Գ. Վաղարշակյանի խոսքով` արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահը 2007թ. ընտրվեց այնպես, ինչպես դպրոցում տարրական դասարանի ավագն է ընտրվում: «Արհմիությունների տանը ոչ մի նախագահության նիստ բաց չի եղել, որպեսզի լրագրողը գա եւ մասնակցի: Անգամ ուժային կառույցներն են լրատվամիջոցների հետ թափանցիկ աշխատում: Սա այն կառույցն է, որ փակ դռների ետեւում փորձում է շահեր պաշտպանել` ո՞ւմ շահերն է պաշտպանում, ումի՞ց է պաշտպանում, իրենք էլ չգիտեն, որովհետեւ նախագահության նիստերի օրակարգում պարզապես պարգեւատրումներ են եւ տարեկան բյուջեի հաստատում»,- նշեց Գ. Վաղարշակյանը` առանձնացնելով 2007թ. մինչ օրս ընկած ժամանակաշրջանը: Հարցին, թե ինչո՞ւ է առանձնացնում հատկապես վերջին 5 տարիների աշխատանքը, Բուհերի արհմիության նախագահը պատասխանեց. «Մինչ 2007թ.` կոնֆեդերացիան 25 տարի ղեկավարել է մեկ մարդ` Մարտին Հարությունյանը, եւ այդ մարդը 55 տարեկանից մինչեւ 80 տարեկանը ղեկավարել է կոնֆեդերացիան, որը թողել է իր հետքը, ձեռագիրը: Բայց 2007թ. հետո մենք պետք է նոր էջ գրեինք արհմիությունների պատմության մեջ»: Գ. Վաղարշակյանի փոխանցմամբ` կոնֆեդերացիայի ներկայիս նախագահ Էդուարդ Թումասյանն այդ պաշտոնի համար համապատասխան հմտություններ չունի, եւ ըստ նրա` իր համար անթույլատրելի է նրա ինքնառաջադրման հանգամանքը: «Ինքնաառաջադրման մեխանիզմը չի մերժվում որեւէ ընտրությունում, բայց, ի վերջո, սա այն կառույցն է, որտեղ նրա աշխատանքը չի երեւացել, եւ չի կարելի մարդուն պաշտոն տալ, եւ ասել, որ գնա էքսպերիմենտ անի,- ընդգծեց Արհմիությունների կոնֆեդերացիայի ճյուղային միության նախագահը` շարունակելով,- Դեկտեմբերյան հաշվետվության մեջ Էդուարդ Թումասյանը նշեց, որ 29 սեմինարներ են կազմակերպել` առանց հիմնավորելու դրանց արդյունավետությունը: Այդ սեմինարների համար լուրջ միջոցներ են ծախսվել, այդ միջոցների թափանցիկությունը մեզ հայտնի չէ, թե այդ սեմինարները ե՞րբ, որտե՞ղ են կազմակերպվել, ի՞նչ թեմատիկայով, ովքե՞ր են մասնակցել, կամ ինչպե՞ս է ստացվել, որ ճյուղային միությունների նախագահների մի մասը տեղյակ չէին` հայտնի չէ: Ես միայն մեկ սեմինարի մասին եմ տեղյակ եղել»: Գ. Վաղարշակյանին հատկապես հուզել է օրեր առաջ իր լսած լուրն այն մասին, որ Է. Թումասյանը կրկին վերընտրվելու է իր պաշտոնում: Ըստ զրուցակցիս` 2011թ. օգոստոսին կոնֆեդերացիայի նախագահը չէր թաքցնում իր հեռանալու մասին, եւ նախընտրական այս շրջանում անհասկանալի է վերջինիս որոշման փոփոխությունը: «Գաղտնիք չէ, որ այդ պաշտոնը բարեկեցության ատրիբուտներ է տալիս: 2007թ., ընտրվելով նախագահ` 1-ին նախագահության նիստում` որպես օրակարգային հարց, քննարկել է ծառայողական մեքենան փոխելու հարցը: Հաճախ գործուղումների է գնում, բայց այդ մասին մենք տեղյակ չենք լինում: Իհարկե, ես չեմ զարմանում, որ նա գործուղման է գնում, ինքս էլ եմ գործուղումների գնում, բայց իմ գործուղումները հայտնի են բոլորին: Երբ աշխատակիցները նրան հարցնում են, թե Կառավարության նիստում ի՞նչ հարցեր քննարկեցին, նա պատասխանում է, թե կարող են ինտերնետով նայել»,- ասաց Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային միության նախագահը: Վերջինիս հավաստմամբ` արհմիությունների մի քանի աշխատակիցներին ձեռնտու է նախագահի նման գործելակերպը, իսկ ոմանք դժգոհում են, բայցեւ այդ մասին լռում են, քանի որ շահերի ակնհայտ բախում կա: «Ես ամեն հնարավոր բան անելու եմ, որ հասարակության հետ առավել թափանցիկ լինի, թե որ կոնֆեդերացիայի նախագահի պաշտոնում նման մարդուն չի կարելի վերընտրել: Այս պահին ես չունեմ նախագահի իմ թեկնածուն»,- հավելեց Գ.Վաղարշակյանը:
Իսկ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը մեզ հետ զրույցում նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին ասաց, որ դեռեւս չի որոշել` կառաջադրվի՞, թե՞ ոչ` հավելելով, թե մինչեւ համագումարը կորոշի: Ինչ վերաբերում է կոնֆեդերացիայի դեմ բողոքի ալիքի բարձրացմանը, Էդ. Թումասյանն այսպես պատասխանեց. «Ինքն իր համար բիզնեսի միջոց է համարում: Նա հարձակում է գործում, սկսում է մրոտել, հետո մի լավ օր գալիս է, խոսում է համերաշխությունից: Մենք անձնական որեւէ խնդիր չունենք: Նա անհասկանալի անձնավորություն է: Ես նույն բանն իրեն եմ ասել, եւ ինքը պատասխանեց, որ ինքը ոչ թե անհասկանալի, այլ անտանելի մարդ է: Դա իր բնավորությունն է: Նա պիտի գտնի իր համար օբյեկտ, իսկ այդ օբյեկտն արդեն հայտնաբերվել է: Եվ հետո ասեմ, որ նա անցած համագումարում ուզում էր դառնալ նախագահի տեղակալ, եւ չհավաքեց համապատասխան ձայներ: Այդ վիրավորանքն իր մեջ նստած է»,- մեզ հետ հեռախոսազրույցում` ի պատասխան Գ. Վաղարշակյանի մեղադրանքներին, ասաց Էդ. Թումասյանը: Նա անդրադարձավ նաեւ արհմիությունների գործունեությանը` հատկապես առանձնացնելով Համաշխարհային արհմիությունների ասոցիացիայի անդամ դառնալու հանգամանքը: «Եթե ներսից խոսում են համերաշխությունից, բայց մուր են քսում, դա անընդունելի է»,- հավելեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահը: Թե իրականում ի՞նչ է կատարվում այս կոնֆեդերացիայի ներսում, ի՞նչն է նման խմորումների պատճառ դարձել, դժվար է ասել: Բայց այն, որ այս կառույցը` սկսած իր անվանումից, շարունակում է մնալ խորհրդային շղարշի տակ, ակնհայտ է…