Բուժիչ նամակներ

14/02/2012 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Առողջաբեր բազուկը

Սեղանի ճակնդեղը, այլ անվանումները` տակ, մշակովի բազուկ սովորական` թելուկազգիների ընտանիքին պատկանող երկամյա բույս է։ Թարմ բազուկի 100 գրամի կալորիականությունը 48 կկալ է, չորացրածինը` 278, մարինադինը` 35։ Պարունակում է մարդու օրգանիզմում չսինթեզվող գամմա-ամինայուղային թթու, որը նպաստում է գլխուղեղի սնուցմանը` կարգավորելով նյութափոխանակությունը։ Բազուկին բնորոշ է ալկալոիդային նյութ բետաինը, որը նպաստում է քոլինի սինթեզմանը օրգանիզմում, այն կանխարգելում է լյարդի ճարպակալումը եւ ունի հակասկլերոտիկ հատկություն։ Քիչ են այն բույսերը, որոնք պարունակում են, երբեմն հակախոցային անվանվող, վիտամին U (կաղամբ, բազուկ, մաղադանոս)։ Դրական է, որ U վիտամինը չի առաջացնում լյարդի ճարպակալում, երկարատեւ ջերմային մշակումը քայքայում է այն, սակայն մարինադում լավ է պահպանվում։ Բազուկում պարունակվող ներկանյութերը նպաստում են արյունատար մազանոթների ամրացմանը, արդյունքում կարգավորվում է ճնշումը, լավանում մաշկի վիճակը։ Ցինկը սրում է տեսողությունը, E (0,14 մգ), C (10 մգ), A (10 մկգ) վիտամինների հետ համատեղ կարեւոր դեր է կատարում օրգանիզմի հակաօքսիդանտային պաշտպանական համակարգում։ Երկաթը (1,4 մգ) եւ պղինձը (0,14 մգ) նպաստում են արյան գոյացմանը։ Բազուկը պարունակում է յոդ (7-10 մկգ), կոբալտ (2 մկգ), քրոմ, ֆտոր, բոր, մոլիբդեն, մարգանեց, վանադիում եւ այլն, նիկոտինաթթու (0,2 մգ), պանտոտենաթթու (0,12 մգ), ֆոլիաթթու (19 մկգ), ռուտին, նաեւ վիտամիններ B1, B2, B5։ Կալցիումի (37 մգ), կալիումի (288 մգ), ֆոսֆորի (43 մգ) եւ մագնիումի (43 մգ) փոխհարաբերակցությունը բարենպաստ է կալցիումի յուրացման համար։ Տերեւը պարունակում է 20-50 մգ ասկորբինաթթու, բետաին, ֆոլիաթթու, այլ։ Բույսը ամբողջովին պարունակում է սպիտակուց, բջջանյութ, շաքարներ, ճարպ, օրգանական թթուներ (թրթնջուկի, կիտրոնի, խնձորի)։ Բազուկը բարերար ազդեցություն ունի օրգանիզմի էնդոկրին, սիրտ-անոթային, աղեստամոքսային համակարգերի, լյարդի, երիկամների, միզապարկի գործունեության վրա։ Լավացնում է տեսողությունը, արյան շրջանառությունը, ուղեղի աշխատանքը, շարժողական օրգանների ակտիվությունը, նյութափոխանակությունը։ Ունի հակաօքսիդանտային հատկություն, տարրալուծում է չարորակ գոյացությունները։ Կիրառվում է թոքերի հիվանդությունների, անգինայի, այրվածքի, վերքերի բուժման համար։ Բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, կանխում ծերացման գործընթացը։

Օգտակար է հում, խաշած, եփած, չորացրած, մարինացված վիճակում։ Ջերմային մշակումը լավ է կատարել առանց արտաքին թաղանթը հեռացնելու։

Զգուշացում։ Հակացուցված է շաքարային դիաբետի, հիպերտերիոզի, լուծի, բարձր թթվայնությամբ ստամոքսաբորբի, երիկամներում օքսալատային եւ ֆոսֆատային քարերի առաջացման վտանգի, ցիստիտի դեպքում։ Թրթնջկաթթվի ազդեցությունը կնվազի, եթե խաշելիս մի փոքր կաթ ավելացնեք։

Շաքարային դիաբետ. Նույնիսկ անտեսելով արագ յուրացվող ածխաջրերի առկայությունը` դիետոլոգները խորհուրդ են տալիս օգտագործել բազուկը կարմիր լոբու հետ։ Այս դեպքում հաշվի է առնվում ցինկի եւ քրոմի առկայությունը, որոնք նպաստում են ինսուլինի սինթեզին եւ ակտիվացմանը։ Կարմիր բազուկը եփեք ջեռոցում, խաշած լոբու եւ մեկ ատամիկ ճզմած սխտորի հետ 30 րոպե թրմեք փակ կափարիչի տակ։ Համեմեք սեւ կամ կարմիր պղպեղով։

Դեղատոմսեր

Հիպերտոնիա. Նախաճաշեք խաշած բազուկի աղցանով։

Անգինա, ֆարինգիտ. Կատարեք ողողում բազուկի եւ խնձորի քացախի խառնուրդով (40։1)` օրը 5-6 անգամ։

Լյարդի մաքրում. Ընտրեք մեկ միջին` մոտ 200 գ-անոց բազուկ։ Լվացեք առանց մաքրելու, դրեք կաթսայի մեջ, ավելացրեք 1 լ ջուր, չափեք ջրի մակարդակը, ջրի ծավալը հասցրեք 3 լ-ի։ Եփեք այնքան ժամանակ, մինչեւ ջրի մակարդակը համապատասխանի 1 լ-ին։ Անջատեք կրակը, բազուկը հանեք ջրից, ճիշտ 5 րոպե անցկացրեք քերիչով կաթսայի վրա։ Կրկին եռացրեք 20 րոպե, երբ գոլանա` առանձնացրեք 200 մլ (առանց խառնելու) եւ խմեք։ Մնացած մասը քամեք, հյութը զտեք թանզիֆով։ Եփուկը բաժանեք 3 մասի։ Առաջին չափաբաժինը խմեք 3-4 ժամից։ Պառկեք, լյարդի հատվածում դրեք ջեռակ։ Եփուկը իջեցնում է ճնշումը։ Լյարդի մաքրման այս եղանակի դեպքում ավելորդ նյութերը դուրս են գալիս մեզի միջոցով։ Խստորեն պահպանեք չափաբաժինը, 2-րդ եւ

3-րդ չափաբաժինները խմեք հաջորդ օրերին։ Կարելի է կրկնել 6 ամսից ոչ շուտ։ Սնունդը պետք է լինի միայն բուսական, ցանկալի է` խնձոր, վարսակ։

Հոդացավ.

– Կարմիր բազուկի տերեւը լվացեք դրեք ծալած սրբիչի մեջ, մինչեւ ջուրը քամվի։ Ցավող մասին քսեք մեղրի բարակ շերտ, վրան փաթաթեք տերեւը, ամրացրեք պոլիէթիլենային թաղանթով։ Կապեք տաք շալով։ Կատարեք քնելուց առաջ։

– 400 գ բազուկը մաքրեք կեղեւից, օղակաձեւ կտրեք, ավելացրեք 3 լ ջուր, եփեք փակ կափարիչով միջին կրակի վրա` մինչեւ ստացվի խիտ սպիտակավուն օշարակ։ Խմեք 50-ական գ, օրը 3 անգամ` սնվելուց 30 րոպե առաջ։ Շարունակեք 1 ամիս։

Կվաս. Մաքրեք բազուկը, լցրեք 2 լ տարողության ապակե տարայի մեջ, ավելացրեք 50 մլ խնձորի քացախ եւ այնքան եռջուր, որ ծածկի հումքը, 5 օր թրմեք տաք տեղում։ Առաջին 10 օրը խմեք 50-ական մլ` օրը 2 անգամ, եւ ավելացրեք նույնքան ջուր կվասի մեջ։ Հաջորդ օրերին խմեք 100-ական մլ` օրը 2 անգամ։ Կվասը խմելիս խառնեք կեսական թ/գ մեղր։ Օգտակար է հիպերտոնիայի դեպքում։ Լավացնում է մարսողությունը։

Բուժում է բազուկի հյութը

Հյութը օգտակար է հիպոտերիոզի, ստամոքսահյութի ցածր թթվայնության, դիսբակտերիոզի դեպքում։ Ունի որդաթափ հատկություն։ Խորհուրդ է տրվում խմել մածունի հետ կամ խառնել վարսակի շիլային։

Խմեք 20-ական մլ բազուկի հյութ, օրը 3 անգամ` սնվելուց առաջ, ժամանակի ընթացքում կարող եք ավելացնել մինչեւ 100 մլ-ի։ Բազուկի հյութը նախապես 1-2 ժամ պահեք սառնարանում։ Խառնուրդների մեջ մտնող այլ հյութերը խմեք պատրաստելուց անմիջապես հետո։

Դիմադրողականությունը բարձրացնող. Խառնեք բազուկի, գազարի, նռան, կիտրոնի հյութերը (3։3։2։2)։ Ավելացրեք մեղր (5։1)։ Խմեք 30-ական մլ` առավոտյան եւ երեկոյան։ Շարունակեք 30 օր, ընդմիջեք 15 օր, որից հետո կարող եք պարբերաբար կրկնել։

Հակաուռուցքային. Խառնեք գազարի, բազուկի, քարավուզի հյութերը (2։2։1)։ Խմեք 50-ական մլ` օրը 3 անգամ։ Հատկապես օգտակար է առատ դաշտանի դեպքում եւ տարեցներին։

Պրոստատիտ. Խառնեք բազուկի եւ կիտրոնի հյութերը (2։1)։ Խմեք մեկական թ/գ` օրը 3 անգամ, 10-15 օր հետո հասցրեք 50 մլ-ի։

Բարեկազմությունը պահպանող. Հավասար քանակությամբ խառնեք բազուկի, գազարի ամսական բողկի (կարմիր) հյութերը։ Խմեք 100-ական մլ` օրը 2 անգամ։

Կլիմաքսի շրջանում խորհուրդ են տրվում բազուկի հյութով հետեւյալ խառնուրդները.

– բազուկ, խնձոր (1։2),
– գազար, նուռ, բազուկ (3։1։1),
– գազար, վարունգ, բազուկ (3։1։1)։

Փորձը ցույց է տվել, որ բազուկն ունի հակաուռուցքային հատկություն։ Բժիշկ Ս.Վ. Կորեպանովը առաջարկում է հետեւյալ դեղատոմսերը.

Արգանդի միոմա. 2 շաբաթ խմեք թարմ պատրաստված 100-200 մլ կարտոֆիլի հյութ, հաջորդ 14 օրը` գազարի, եւս 14 օր` բազուկի հյութերը։ Խմեք հյութերը սնվելուց 30 րոպե առաջ։ Բազուկի հյութը խմեք պատրաստելուց 3 ժամ հետո, պահեք սառնարանում։

Ստամոքսի քաղցկեղ. Խառնեք 200-ական մլ գազարի, գլուխ սոխի, սեւ բողկի, բազուկի հյութերը` 300 գ մեղր, 200 գ շաքարավազ, 100 մլ օղի։ Խառնուրդը թափահարեք` մինչեւ շաքարը եւ մեղրը լուծվեն։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ` սնվելուց առաջ։ Կարելի է նաեւ ողջ չափաբաժինը ընդունել երեկոյան։