Երկու ներկայացուցիչ

11/02/2012

«Որպես գործող նախագահ` ես որոնելու եմ ուղիներ ԵԱՀԿ-ի տարածքի առկա երկարատեւ հակամարտությունների հարատեւ կարգավորման համար: Այդ հակամարտությունների թվում են Մերձդեստրը, Աբխազիան, Հարավային Օսիան եւ Լեռնային Ղարաբաղը»,- ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ունեցած ելույթում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ, արտաքին գործերի եւ առեւտրի նախարար Իմոն Գիլմորը: Նա ասել է, որ նշանակել է երկու հատուկ ներկայացուցիչների, ովքեր աջակցելու են այդ խնդիրների կարգավորման գործում: Անդրադառնալով բուն ԼՂ-ի խնդրին` Գիլմորը դրական է արտահայտվել ԵԱՀԿ Մինսկի խմբի կատարած աշխատանքի մասին: «Մենք ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած ջանքերը Լեռնային Ղարաբաղի երկարատեւ հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ եւ ակնկալում ենք տարվա ընթացքում սերտորեն համագործակցել համանախագահների եւ Մինսկի խմբի մյուս անդամների հետ»,- ասել է Գիլմորը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ Ադրբեջանի ներկայացուցիչը` դեսպան Ագշին Մեհդիեւը, Գիլմորի ելույթից հետո ԵԱՀԿ-ին կոչ է արել առավել ակտիվ աշխատել Լեռնային Ղարաբաղի խնդրում: «Մեր դիրքորոշումն այն է, որ այս քաղաքական գործընթացի առանցքը պետք է լինի կարգավորման այնպիսի բանաձեւ, որը թույլ կտա վերջ դնել մեր տարածքների ապօրինի գրավմանը, վերականգնել Ադրբեջանի` տարածքային ամբողջականությունը, փախստականներին կընձեռի իրենց տները վերադառնալու հնարավորություն եւ կերաշխավորի Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանում ադրբեջանցիների եւ հայերի խաղաղ գոյակցությունը»,- հայտարարել է Մեհդիեւը։