Փոխհատուցո՞ւմ են «Ֆլեշին»

11/02/2012

ՀՀ կառավարությունը փետրվարի 2-ի նիստում որոշել էր պահուստային ֆոնդից 1,3 մլրդ դրամ սուբսիդիա հատկացնել մատչելի գներով դիզելային վառելանյութ ձեռք բերելու համար: Այդ ծրագրի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել 12 հազար 600 լիտր դիզվառելիք, որի 1 լիտրը գյուղացիներին պետք է վաճառվի 350 դրամով, այն դեպքում երբ շուկայական արժեքը մոտ 450 դրամ է: Այսինքն` կառավարությունը սուբսիդավորում է յուրաքանչյուր լիտրի համար 100 դրամի չափով: Կառավարությունը նաեւ որոշել է, որ այդ դիզվառելիքը պետք է ներկրի «Ֆլեշ» ընկերությունը, որի սեփականատերը Բարսեղ Բեգլարյանն է:

Մեր տեղեկություններով` Բ.Բեգլարյանը կառավարության այդ որոշումից առաջ ցանկացել է բարձրացնել դիզվառելիքի գինը, սակայն նախագահ Սերժ Սարգսյանը թույլ չի տվել: Նա կարգադրել է, որ մինչեւ ընտրությունները բենզինի եւ դիզվառելիքի գինը չպետք է բարձրացվեն: Եվ որպեսզի Բ.Բեգլարյանը շատ «չնեղվի», որոշել են նրան փոխհատուցել ու գյուղացիների համար դիզվառելիքը մասամբ սուբսիդավորելու ծրագիրն են մտածել: Եվ այդ ծրագրով հատկացված 1,3 մլրդ դրամը կամ մոտ 3,3 մլն դոլարը կառավարության պահուստային ֆոնդից ուղիղ փոխանցվելու է «Ֆլեշին»: