Այն, ինչ երեկ կատարվում էր Երեւանի փողոցներում, կարելի է բնութագրել ընդամենը մեկ բառով` խայտառակություն: Թեեւ, երեւի ավելի տեղին կլինի ասել` անիշխանություն` բառի ուղիղ եւ փոխաբերական իմաստով: Երկու օր գրեթե անդադար տեղացած ձյան արդյունքում Երեւանի նույնիսկ ամենակենտրոնական փողոցներում երթեւեկությունն ուղղակիորեն կաթվածահար էր (է) եղել, իսկ սառցակալած մայթերի մասին խոսելն անգամ ավելորդ է. Երեւանում քայլելն այլեւս առանձնակի խիզախություն պահանջող զբաղմունք է: Այս իրավիճակում Երեւանի քաղաքապետարանը մի քանի ժամը մեկ հաղորդագրություններ է տարածում ինչ-որ քանակի տեխնիկայի շահագործման, ինչ-որ ծավալի ավազ կամ աղ լցնելու մասին, իսկ վարչական շրջանների ղեկավարներն ու համապատասխան պաշտոնյաները ֆոտոսեսիաներ են կազմակերպում նույն այդ տեխնիկայի հետ: Սակայն երեկ Երեւանում արձանագրված վիճակից հետո քաղաքապետարանը պետք է գոնե «ծպտուն չհաներ»` էլ ավելի չնյարդայնացնելով մի կերպ սառույցից փրկված քաղաքացիներին: Պատկերացնո՞ւմ եք այն մարդկանց վիճակը, ովքեր տիտանական ջանքերով, տրանսպորտի գրեթե բացակայության պայմաններում մի կերպ հասնում են տուն, միացնում են հեռուստացույցն ու տեսնում, լսում ինչ-որ թվեր հրապարակող ինքնագոհ պաշտոնյաների, ովքեր, բնականաբար, նկարահանվում են փողոցների` այդ նպատակով մաքրված հատվածներում: Իհարկե, քաղաքապետարանի ու վարչական շրջանների ղեկավարներն արդարանալու են, որ անհրաժեշտ թվով ձնամաքրման տեխնիկա չունեն, որ հատկացումները չեն բավականացնում… Այդ մասին թող բարի լինեն մտածել այն ժամանակ, երբ անիմաստ առիթներով միլիոնավոր դրամներ են ծախսում համաքաղաքային դատարկ միջոցառումների ու թամաշաների վրա: Մյուս կողմից` մեղադրել միայն Երեւանի քաղաքապետարանին, կնշանակի` տեսնել միայն իրավիճակի մակերեսային կողմը: Իրականում Երեւանի քաղաքապետարանն ու վարչական շրջանները իրենց շատ «համարժեք» են պահում: Այն, ինչ վերջին օրերին կատարվում է Երեւանի փողոցներում, հրաշալի կերպով խորհրդանշում է իշխանությունների վերաբերմունքը երկրի ու քաղաքացիների նկատմամբ: Մի՞թե որեւէ այլ ոլորտում` դատական համակարգ կամ առողջապահություն, կրթություն կամ սոցիալական ապահովություն…, նույն իրավիճակը չէ: Տարբերությունն ընդամենն այն է, որ մնացած բնագավառներում քաղաքացիները «սայթաքում եւ ընկնում են» անհատապես, իսկ առատ ձյան պատճառով ստեղծված վիճակը երեւում է «համաքաղաքային մակարդակով»: Երեւանը պատած այս սառույցը եւս մեկ խորհրդանշական իմաստ ունի: Հենց դրա վրա են այս օրերին գրվում իշխանությունների նախընտրական խոստումները, որոնք հասարակությանը ներկայացվելու են ձնհալից հետո: