«Ասոշիեյթեդ Փրես» գործակալության փոխանցմամբ` Հայաստանն ԱՄՆ-ի իրավապահներին է փոխանցել 2000-ի սեպտեմբերին մարդասպանության մեջ կասկածվող Հակոբ Հակոբյանին: ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի Լոս Անջելեսի գրասենյակի ղեկավարի օգնական Սթեֆեն Թիդվելը հայտնել է, որ 32-ամյա Հակոբյանն անցած շաբաթավերջին բերվել է Լոս Անջելես, որտեղ նրան ներկայացվելու է Գառնիկ Մադոյանին սպանելու մեղադրանք: Հակոբյանը ձերբակալվել էր անցած օգոստոսին՝ Հայաստանի իրավապահ մարմինների աջակցությամբ: Այս տարի սա արդեն երրորդ դեպքն է, երբ Հայաստանն ԱՄՆ-ի իրավապահներին է փոխանցում մարդասպանության մեջ կասկածյալի: Լոս Անջելեսի իշխանությունները պնդում են, որ Գառնիկ Մադոյանը սպանվել է հրազենից Հակոբյանի հետ վիճաբանության ընթացքում: Վերջինս գրեթե անմիջապես ԱՄՆ-ից փախուստի էր դիմել ու թաքնվել Հայաստանում: