«Եթե Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավորներն այսօր քվեարկում են իրենց գործընկերների փոխարեն, ապա վաղը կկեղծեն խորհրդարանական ընտրությունները»,- անդրադառնալով նախօրեին ՀՀԿ մի քանի պատգամավորի կողմից իրենց բացակա գործընկերների փոխարեն քվեարկելու փաստին` երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` ավելացնելով, թե դա վկայում է, որ իշխող ուժը ուժ չէ: «Եթե դու օրենք պետք է անցկացնես օրենքը շրջանցելով` ես ինչի՞ պետք է հավատամ, որ դու օրինական ընտրություններ ես անցկացնելու: Այս անգամ ավելի դժվար կլինի կեղծիքներով առաջ գնալ: Նախկինում կար մեկ ուղենիշ` իշխանություն պահելը, հիմա կա եւս մեկ ուղենիշ` ամեն ինչ անել, որ մարտի 1-ը չկրկնվի: Սա է խոհեմ ճանապարհը»,- հայտարարել է Վ. Հովհաննիսյանը: Երեկ նրա գնահատականներին շտապել է պատասխանել ՀՀԿ խոսնակ Է. Շարմազանովը` հայտարարելով, թե տեղին չէ Վահան Հովհաննիսյանի գնահատականը, ըստ որի, եթե Ազգային ժողովում ՀՀԿ-ական պատգամավորներն այսօր իրենց բացակա գործընկերների փոխարեն քվեարկում են, ապա վաղը կկեղծեն ընտրությունները: «Եթե հիշողությունս չի դավաճանում, հարգարժան պարոն Վահան Հովհաննիսյանը երեկ խորհրդարանում ներկա չի եղել Ձեր նշած քվեարկությանը, իսկ նրա ղեկավարած խմբակցության անդամներից, որ ներկա էին, ոչ մեկը չի խոսել, որեւէ կարծիք չի հայտնել»,- Tert.am-ին ասել է Շարմազանովը` հակադարձելով նաեւ «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հայտարարությանը, թե պատկերացնում է` եթե ՀՀԿ-ական պատգամավորները բոլորի աչքի առաջ կեղծում են քվեարկության արդյունքները, ապա ոչ բացահայտ ինչեր են անում: Շարմազանովն ասել է, թե ձեռնպահ է մնում «Ժառանգության» պատգամավորի հայտարարությունը մեկնաբանելուց, քանի որ առաջնորդվում է Լարիսա Ալավերդյանի մասին ասել «կամ լավ, կամ ոչինչ» սկզբունքով: