Անհանգստություն է հայտնել

11/02/2012

Պաշտոնական այցով Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն նախօրեին մի շարք հանդիպումներ է անցկացրել ԱՄՆ Կոնգրեսում: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի անդամների հետ հանդիպումների ժամանակ առաջին հերթին քննարկվել է Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակը:

Օրակարգում են եղել նաեւ Իրանի միջուկային ծրագրի հարցը եւ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները, Իրաքում ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո միջկրոնական լարվածության էսկալացիան, Հարավային Կովկասում տիրող իրավիճակը: Դավութօղլուն բարձրացրել է նաեւ Թուրքիային սպառազինություն մատակարարելու հարցը, ինչը մասնավորապես վերաբերում է Predator եւ Reaper անօդաչու թռչող սարքերի մատակարարմանը, որոնք Թուրքիան կգործածի Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ պայքարում:

Նա նաեւ անհանգստություն է հայտնել 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանությանն առնչվող բանաձեւերի կապակցությամբ, որոնք ժամանակ առ ժամանակ հայտնվում են ԱՄՆ Կոնգրեսի օրակարգում: Ահմեդ Դավութօղլուն ելույթ է ունեցել Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանում: