Տեղ է ուզում

11/02/2012

«Հայաստանում իշխանությունները պետք է մնան ոչ թե պայքարի, այլ աշխատանքի արդյունքում»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) անդամ Վահան Շիրխանյանը: «Եթե ճիշտ աշխատեն, պետք է մնան: Եթե լինի մեկը, որ ներկայացնի ավելի հեռանկարային ծրագիր եւ ցույց տա, որ ունակ է դրանք իրագործել, ուրեմն պետք է լինի նա»,- ասել է նա` նշելով, որ ներկայում ՍԴՀԿ-ում քննարկվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձեւաչափը: «Մենք ակտիվ քննարկումների մեջ ենք, ոչինչ չենք ուզում ասել: Որոշ ժամանակ անց, իհարկե, բոլորիդ կտեղեկացվի»,- հայտարարել է Շիրխանյանը: Իշխանության հասցեին վերջինիս մեղմ գնահատականներից, թերեւս, կարելի է ենթադրել, որ նա եւս տեղ է ուզում իշխանական որեւէ ցուցակում: «ՀՀԿ-ին միանալու առաջարկ չի եղել: Իսկ մի շարք այլ քաղաքական ուժերից առաջարկներ եղել են, բայց դրանք քննարկման փուլում են: Բայց պետք է հիշել, որ մենք սոցիալիստական ուժ ենք եւ դավանում ենք մեր գաղափարին»,- երեկ ասել է Շիրխանյանը` ըստ էության չթաքցնելով, որ դեմ չէր լինի, եթե ՀՀԿ-ից առաջարկ ստանար: