PR-ի երկիր Հայաստան

11/02/2012 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Մոտ 10 տարի առաջ Հայաստանում քչերն էին ծանոթ PR (public elations) արտահայտությանն ու դրա իմաստին։

Այսօր վիճակը բոլորովին այլ է, եւ PR-ը դարձել է ամենից հաճախ օգտագործվող եւ մոդայիկ բառը։ Այս արտահայտությունն արդեն չի էլ թարգմանվում եւ արդեն հայալեզու «փիառ» արտահայտությունը հավակնում է դառնալ գրական հայերենի մաս (եթե, իհարկե, որոշ գերտաղանդավոր լեզվաբաններ այս բառը չթարգմանեն այնպես, ինչպես, օրինակ, թարգմանել էին ջազը՝ պղնձաժխոր)։ Առավել եւս, որ արտահայտության թարգմանությունը այնքան էլ միանշանակ չի ընկալվի. հասարակության հետ կապեր՝ ՀՀԿ։ Ամեն դեպքում, «փիառն» ավելի անշառ է։

Ինչեւէ՝ լեզվաբանությունից վերադառնանք բուն PR-ին։ Այս արտահայտության ճանաչմանը զուգընթաց՝ ստեղծվեց նաեւ մի նոր մասնագիտություն, որն այսօր համարվում է «ամենապրեստիժնիներից» մեկը՝ «փիառշչիկ»։ Եվ Հայաստանում «փիառշչիկները» (կամ իրենց փիառշչիկ համարողները) այնքան շատացան, որ, ինչպես վերջերս նշել էր ոլորտի մասնագետներից մեկը՝ հիմա տեղից վեր կացողը զբաղվում է PR-ով, ինչքան գովազդի գործակալ ու մամլո խոսնակ կա, իրենց համարում են PR-ի մասնագետ։ Եվ վիրավորվում են, եթե նրանց ասում են՝ դու «փիառշչիկ» չես, կամ՝ լավ «փիառշչիկ չես»։ Սա, իհարկե, ծայրահեղություն է։

Սակայն կա նաեւ դրա հակառակ ծայրահեղությունը՝ երբ «փիառով» զբաղվելը դիտվում է որպես վիրավորանք։ Խոսքը չի վերաբերում «սեւ փիառ» ասվածին։ Այլ հենց նորմալ, դրական PR-ին։

Ասվածը վերաբերում է հատկապես քաղաքական դաշտին։ Երբ ինչ-որ մեկը հանդես է գալիս ինչ-որ նախաձեռնությամբ, նրան ասում են՝ դու պարզապես PR ես անում։ Նա էլ վիրավորվում է եւ նույն մեղադրանքն ուղղում ընդդիմախոսին։ Այսինքն, քաղաքական դաշտում բոլորը բոլորին մեղադրում են PR-ի մեջ։

Մեղադրանքների գծով առաջին տեղում, իհարկե, իշխանությունն է։ Երբ կառավարությունը հանդես է գալիս դրական թվացող որեւէ նախաձեռնությամբ՝ ուրեմն պարզապես PR է անում։ Օրինակ՝ հինգշաբթի օրը կառավարությունը որոշում է կայացրել կադաստրից վերցվող միասնական տեղեկանքների վերաբերյալ։ Մոտ ապագայում դրանց համար կադաստր գնալ պետք չի լինի. հնարավոր կլինի տեղեկանքը ստանալ էլեկտրոնային տարբերակով։ Սակայն, երբ հաշվի ես առնում, որ մարդկանց անհանգստացնում էր ոչ թե կադաստր գնալը, այլ՝ անհասկանալի մեծ վճարը հասարակ տեղեկանքի դիմաց, ստացվում է, որ PR-ի դերն այստեղ ավելի մեծ է։ Ազատ տնտեսական գոտիների նախաձեռնության դեպքում՝ կրկին PR։ Սուպերմարկետները կանոնակարգելու որոշո՞ւմ՝ նույնը։ Ընդ որում, այս վերջին նախաձեռնության ժամանակ կառավարությանը PR անելու մեջ մեղադրում է ոչ թե ընդդիմությունը, այլ խոշոր բիզնեսը։ «Սթար» առեւտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ առեւտրի եւ ծառայությունների մասին օրենքում առաջարկած փոփոխություններն ավելի շատ PR քայլ են, քան իրական փոփոխություն: «Սթար» սուպերմարկետների ցանց օրական այցելում է մոտ 50 հազար սպառող, երեւի նույնքան նաեւ` «Երեւան Սիթի»: Բնական է, որ խոշոր առեւտրային ցանցերը բնակչության ուշադրության կենտրոնում են, ու մեզ «ճնշելը» կարող է դիտվել որպես լավ PR քայլ»,- հայտարարել է Քերոբյանը։ Չի բացառվում, որ օրենքի փոփոխության հեղինակներն առաջիկայում «Սթարի» տնօրենի այդ խոսքերը համարեն PR:

Իշխանությունը, բնականաբար, «տակ չի մնում»։ Ոստիկանությունը լրագրողին ձերբակալում է, խմբագիրը ասուլիս է հրավիրում կատարվածը ներկայացնելու համար՝ նրան մեղադրում են ձերբակալությունը PR-ի համար օգտագործելու մեջ։

Ամենահետաքրքիրն այն է, որ «փիառային» մեղադրանքներ միմյանց ուղղում են ոչ միայն հակադիր դաշտերի, այլեւ՝ նույն դաշտի ներկայացուցիչները։ Օրինակ՝ երբ օրերս ԲՀԿ-ն չմասնակցեց կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին օրինագծի քվեարկությանը,ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանն այդ կուսակցությանը մեղադրեց ընտրություններից 3 ամիս առաջ PR կազմակերպելու մեջ։ Այն էլ՝ վատ կազմակերպված PR։ Իհարկե, ոչ ոք չի կարող հստակ ասել՝ դա PR է՞ր, թե՞ ոչ, սակայն, ինչ էլ որ լիներ՝ ամենեւին էլ վատ կազմակերպված չէր։

Բարիկադների նույն կողմում PR մեղադրանքների տարափը բնորոշ է նաեւ ընդդիմադիր դաշտին։ Օրինակ, ՀՅԴ-ի պարագայում, կառավարության դեմ ուղղված ցանկացած հայտարարություն կամ նախաձեռնություն հնաբնակ ընդդիմադիրների կողմից անմիջապես արժանանում է «փիառ են անում» գնահատականին։ Սա ինչ-որ տեղ բնական է, քանի որ ՀՅԴ-ն երկար ժամանակ եղել է իշխող կոալիցիայի անդամ, եւ ընդդիմադիր ուժի կերպարը առայժմ շատերին համոզիչ չի թվում։ «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի միջեւ արդեն երկար ժամանակ իսկական «փիառ» պատերազմ է գնում, որը մերթընդմերթ սրանում է, ինչպես եղավ ՀԱԿ հանրահավաքի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի ծոմի ժամանակ։

Ներքաղաքական դաշտում «փիառ» մեղադրանքներից այժմ գրեթե զերծ է միայն ՕԵԿ-ը։ Թերեւս այն պատճառով, որ 2008-ին այս կուսակցությունը սպառեց «փիառի» ռեսուրսը, եւ ներկայումս «փիառով» զբաղվելու իմաստ ոչ ոք չի տեսնում։ Այսինքն՝ ՕԵԿ-ն արդեն քաղաքական դաշտում ու հասարակության մեջ իր կայուն կերպարն ունի, եւ «փիառն» այդ ընկալումը դժվար թե կարողանա փոխել։

Հայկական ծագման «փիառային» մեղադրանքներն, ի դեպ, միայն Հայաստանի տարածքով չեն սահմանափակվում։ Օրինակ, դրանցից մի մեծ չափաբաժին ուղղվեց Ֆրանսիայի նախագահ Ն. Սարկոզիին եւ նրա կուսակցությանը՝ այն հիմքով, թե ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը նախընտրական- փիառային նպատակներ էր հետապնդում։

Կարճ ասած, Հայաստանում կարծես «փիառի» համաճարակ լինի, որը սպառնում է մինչեւ ընտրությունների ավարտը տագնապալի չափերի հասնել։ Թվում է, որ եթե ինչ-որ նորագույն տեխնոլոգիաների միջոցով հայ քաղաքական գործիչների ուղեղից ջնջվի «փիառ» արտահայտությունը, քաղաքական դաշտում ասելիքը կվերջանա։

Այս ամենի ֆոնին մեկ էլ հանկարծ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակում է 2011թ. հոկտեմբերին անցկացված մարդահամարի նախնական արդյունքները։ Պարզվում է, որ առկա բնակչության նախնական օպերատիվ ցուցանիշը Հայաստանում կազմել է 2,871,509 մարդ: ՀՀ 2001թ. մարդահամարի արդյունքներով, այդ ցուցանիշը կազմել էր 3,002,598 մարդ։ Այսինքն՝ անգամ պաշտոնական վիճակագրությունը խոստովանում է, որ վերջին 10 տարիների ընթացքում հանրապետությունում փաստացի բնակվող մարդկանց թիվը կրճատվել է 131 հազարով։

Իսկական «փիառը»` երկրի մակարդակով, հենց այս թիվն է։ Ավելի ճիշտ կլինի ասել` «հակափիառը», որը ցույց է տալիս, որ մարդիկ չեն վստահում իրենց երկրին։ Ո՛չ իշխանությանը, որից լավ բան չեն սպասում, ոչ էլ ընդդիմությանը, որի` իշխանության գալուն արդեն գրեթե չեն հավատում։