Գնչուներն ամենուր են, բայց Հայաստանում գնչուներ, կարելի է ասել, չկան: Խորհրդային կարգերի փլուզումից հետո նրանք «չվեցին» ավելի ապահով երկրներ: «Որտեղ հաց` այնտեղ կաց» արտահայտությունը կարծես հենց գնչուների համար է հորինված: Ետխորհրդային հայաստանցին աղքատ էր եւ փողով գուշակություններ անող գնչուին չէր հետաքրքրում: 10 տարուց ավելի է, ինչ այգիներում, փողոցներում ոչ մի գնչու մեզ չի մոտենում եւ «դայ պագադատ» չի առաջարկում: Գնչուհի Եսենիան կարծես իր ցեղի միակ ներկայացուցիչն է մնացել Հայաստանում: Նա զբաղվում է իր ցեղակիցների հիմնական արհեստով՝ բախտագուշակությամբ, բայց մյուս գուշակներին չի սիրում: Ասում է՝ Աստծուն շատ է հավատում: Եսենիան նաեւ երգում եւ պարում է: Երգի-պարի իր շնորհքը ցուցադրելու համար նա ցանկալի հյուր է խնջույքներում եւ գիշերային ակումբներում: Նա հավատացնում է, որ իր գուշակությունը եւ պատրաստած թալիսմանները մարդկանց օգնում են:
Եսենիան իր ցեղակիցների նման կապանքներ չի սիրում, ազատ է: Բայցեւ շատ է ուզում ՀՀ քաղաքացի լինել:
– Ես ոչ մի պետության քաղաքացի չեմ, ես աշխարհի քաղաքացի եմ, անձնագիր չունեմ,- ասում է գնչուհի Եսենիան: -Քոչարյանը ե՞րբ է ինձ անձնագիր տալու: Բոլոր ազգերը ցիգանների բնակավայրեր են պահում, ամոթ Քոչարյանին, որ ունի-չունի մի հատ ցիգան ունի ու նրան չի հրավիրում, տեսնի, թե ի՞նչ պրոբլեմ ունի: Ես ընդամենը մի հատ պասպորտ եմ ուզում, թե չէ՝ մեռելի պասպորտով եմ արտասահման գնում: Գրի, եթե Քոչարյանը ինձ անձնագիր չտվեց, թուղթուգիր եմ անելու: Անպայման գրի, թող իմանա, զգուշանա: Նամակ եմ ուղարկել նրան, պատասխանը չկա: Ծննդյան վկայական չունեմ, դրա համար էլ անձնագիր չեմ կարող հանել: Սաղ աշխարհը գիտի, որ ցիգանները պասպորտ չէին հանում, ոչ մի փաստաթուղթ չունեին: Սովետի ժամանակ ոստիկանները մեզ կանգնեցնում, անձնագիր էին ուզում, գիտե՞ք ինչ էինք ասում: Հլը հին միլիցեքին հարցրեք, կասեն՝ «Օդին պասպորտ եստ, տոլկո մուժու պոկազիվայու»: Հին ոստիկանները, նորերին ձեռ առնելու համար, հենց ցիգան էին տեսնում, ասում էին՝ գնա բռնի, պասպորտ ուզի: Մենք անկախ էինք: Հիմա սեփական անձնագիր եմ ուզում, մեղք չե՞մ` միշտ մեռելների անվան տակ թռնեմ:
– Եսենիա, դու որտե՞ղ ես ծնվել, հարազատներ ունե՞ս:
– Ծնվել եմ Հարավային Սախալինում: 1976 թվականից Հայաստանում եմ: Ինը եղբայրների մինուճար քույր եմ, Հայաստանում ոչ մի հարազատ չունեմ, ամուսնուս բարեկամներն են: Ամուսինս հայ էր: Մի տղա, մի աղջիկ ու չորս թոռ ունեմ: Երեխաներս հայերի հետ են ամուսնացել, ես էլ հայ եմ դարձել: Իմ ցեղակիցները քոչով գնացին, մնացի մենակ ես: Ախպերներիս մի քանի տարին մեկ եմ տեսնում: Հիմա չեն գալիս, կեսից շատը անձնագիր չունեն: Պուտինն էլ անձնագիր չի տալիս, հլա նա չգիտի, թե որ մեկին տա, բայց, Քոչարյան, դու հո մի ցիգան ունես, ամոթ չի՞, առանց անձնագրի ես թողել: Առաջ մեր դեմ սահման չկար, հիմա ոչ մի տեղ չեն թողում գնամ:
– Երկար տարիներ հայերի մեջ ապրելով ու հայ դառնալով, չե՞ս մոռացել քո ցեղի սովորությունները, բնավորությունը:
– Ազիզ ջան, հայն ու ցիգանը շատ նման են. դուք էլ աֆերիստ քցող եք, մենք էլ, դրա համար էլ Հայաստանում ցիգանների բնակավայր չկա: Լավ, կատակ եմ անում… Մեզ «գող» են ասում, բայց վատ ցեղ չենք: Մենք մարդուն վատություն չենք ուզում անել, մեր մուղամով փող ենք աշխատում: Վատ մարդ բոլոր ազգերի մեջ էլ կա, ի՛նչ է, ձեր ազգի մեջ չկա՞:
– Խորհրդային հանրապետությունների գնչուները սովորաբար ռուսերեն էին խոսում, իսկ դու հայերեն շատ լավ ես խոսում:
– Ես ռուսերեն էլ լավ գիտեմ, մեր լեզուն էլ: Սումգայիթի դեպքերից հետո ասում էին` ռուսերեն չխոսես, վախից լավ հայերեն սովորեցի: Մենք բոլոր հնչյուններն ունենք՝ փ, թ, ք: Ռուսը «փուչիկ» չի կարող ասել, կասի` «պուչիկ», թուրքը «տրուբին» «թուռուբա» կասի: Մենք այդ բոլոր հնչյուններն էլ ունենք, դրա համար էլ ես մաքուր հայերեն եմ խոսում:
– Քո հաճախորդները շատ են, դու քո հմայքո՞վ ես մարդկանց գրավում, թե՞ թալիսմաններդ օգնում են:
– Երկուսով էլ, դրա համար էլ իմ հաճախորդները շատ են: Եթե ես նրանց խաբեի, կգար մի օր, որ հաճախորդ չէի ունենա: Ես նրանց առաջարկում եմ այն, ինչ կարող եմ անել: Ես չեմ կարող նրանց սեր տալ, կյանք տալ: Իմ պատրաստած թալիսմանը կարող է նրանց ունեցածը պահպանել: Եթե սիրո կամ ամուսնության թալիսման գոյություն ունենար, ամենաառաջինը ինձ կանեի: Ի՞նչ ես այդպես նայում՝ գիտես` պառավել եմ, ինձ սեր պետք չէ՞: Քեզ ապուշ սեր է պետք, իսկ ես Պուտինին ինձանով կանեի, էրեխեքիս տուն, օբյեկտ նվեր կտայի: Հետո կքանդեի՝ կասեի ռադդ քաշի գնա: Աստծո տված ճակատագրերը ոչ մեկը չի կարող փոխել, միայն կարող են խանգարել, եւ գուշակությունը սատանայություն չէ, որ տերտերներն ու աղանդավորները գրել են: Դուք եկել եք բախտ նայելու, ես նայում եմ՝ պատ կա, պատի հետեւից Աստված քեզ մարդ տվե՞լ է, փող տվե՞լ է, գործ տվե՞լ է: Եթե տվել է, ես պատը քանդում եմ, դու աստծո տված հաջողությանը հասնում ես: Ես քո նման սովորական մարդ եմ, չեմ կարող քեզ հաջողություն տալ, ես Աստված չեմ:
– Դու գուշակությունը քո նախնիների՞ց ես սովորել:
– Մարդ կա` ծնվում է գիտնական, դերձակ, հանցագործ, պարուհի, մարդ էլ կա` ծնվում է գուշակ, իմ ցեղակիցների նման ես գուշակ եմ ծնվել: Քյորփուց մենք գուշակ ենք լինում եւ ահավոր ճարպիկ, ես փոքրուց փողոցներում «ՊՈռ տՏչՈՊՈՑՖ» էի անում: Ես պատ եմ քանդում, մարդ էլ կա` պատշար է ծնվել: Ես չեմ կարող ասել, թե դու քանի տարի ես ապրելու, ես Աստծուց առաջ չեմ կարող ընկնել: Ես կարող եմ ասել՝ դու երկար ես ապրելու, թոռ էլ կպսակես, հերիք է: Իսկ եթե տեսնեմ` թուղթուգրով մահ է սպասվում, կզգուշացնեմ, որ քանդես մահը: Մյուս գուշակները կարող է ասեն` քեզ մեկ տարուց մահ է սպասվում, վախից ռեֆլեքսիդ զգացողությունը կկորցնես, կընկնես մեքենայի տակ, քեզ փորձանքի կբերես կամ կմահանաս: Կասեն` գուշակը ճիշտ էր ասել: Բայց այդպիսի բան չի կարող լինել:
– Մյուս գուշակներից դու ինչո՞վ ես տարբերվում:
– Կա սեւ եւ սպիտակ մագիա: Սեւ մագիան սատանայի գուշակների գաղտնիքներն է, որը հանձնվել է գրքերին: Սպիտակ մագիան սրբերի գուշակների, պատ քանդողների գաղտնիքներն է, որը բերանացի է պահվել, եւ դարերով փոխանցում ենք մեկս մեկիս: Եթե մենք դա թղթին հանձնեինք, սատանան կիմանար եւ, ոնց որ թույնին հակաթույն կա, այդպես էլ դրան հակառակ մի բան կստեղծեր: Ոնց որ մենք կարդացել ենք սեւ մագիայի գաղտնիքները եւ ստեղծել ենք թուղթուգիրը քանդելու ձեւերը: Մեր ստեղծած թալիսմանը սեւ մագիայի դեմ է, եթե մեկը քեզ դժբախտություն կցանկանա, կամ թուղթուգիր կսարքի քեզ վնասելու համար, մեր թալիսմանը քեզ դրանից կպաշտպանի եւ դա շուռ կտա սարքողի դեմ: Երկրագնդի գուշակների 3 տոկոսն է միայն սպիտակ մագիայով զբաղվում: Շատ հանգիստ կարող եք իմանալ, թե ով է սպիտակ մագիայի գուշակը՝ ով թուղթուգիր չի անում: Մարդը չի կարող համ Աստծուն ծառայել, համ սատանային, գուշակը չպիտի համ թուղթուգիր անի, համ քանդի:
– Եսենիա, դու որ գուշակություն ես անում, ինչպե՞ս ես ասում, որ Աստծուն հավատում ես:
– Ես ասացի, որ Աստծուց առաջ չեմ ընկնում, սպիտակ մագիայով եմ զբաղվում, մարդկանց օգնում եմ: Ես չեմ սիրում սեւ մագիայով զբաղվողներին, մեկ էլ աղանդավորներին: Նրանք ամենավտանգավոր մարդիկ են, որովհետեւ Աստծո անունից են խոսում: Մարմնավաճառները, հանցագործները, քիլերներն այնքան վտանգավոր չեն, որքան որ սրանք են: Դարերի ընթացքում աղանդավորները պղծել են Աստվածաշունչը, ամեն մեկը մի ձեւով արտագրում է էդ գիրքը: Աղանդավորներն ասում են` Աստվածն եկավ, Աստծուն տեսանք: Աստված մարդ չէ, որ հետս գա մեր տուն, կոֆե խմի: Աստված գերբնական ուժ է, տիեզերական, երկնային ուժ է: Հեռու մնացեք աղանդավորներից: