Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արեւմտյան տարածաշրջանի գրասենյակը մտահոգություն է հայտնել այն առնչությամբ, որ ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության Կալիֆոռնիայի կառույցի` այսօր կայանալիք համագումարում ելույթ է ունենալու Հայոց ցեղասպանությունն ուրացող, «Երիտասարդ թուրքեր» կոչվող լրատվական ծրագրի վարող Չենք Ույգուրը: Կալիֆոռնիայի դեմոկրատներին հասցեագրված նամակում Հայ դատի գրասենյակի նախագահ Էնդրյու Կիզիրյանը գրել է, որ երիտթուրքերը, ում անունով կոչվում է Ույգուրի հեռուստածրագիրը, նախաձեռնել եւ ծրագրել են Օսմանյան կայսրության հայ բնակչության բնաջնջումը եւ պատասխանատու են մեկուկես միլիոն հայերի սպանության համար: Բացի այդ, Ույգուրը հրապարակավ ժխտել է հայ ժողովրդի դեմ գործադրված ցեղասպանությունը: Որպես օրինակ` Հայ դատի գրասենյակը մեջբերել է Daily Pennsylvanian պարբերականում նրա գրած հետեւյալ տողերը. «Հայոց ցեղասպանության մասին պնդումները հիմնված չեն պատմական փաստերի վրա: Եթե ուսումնասիրվում է տվյալ ժամանակաշրջանի պատմությունը, ակնհայտ է դառնում, որ իրականում նման ցեղասպանություն տեղի չի ունեցել»: Հայ դատի գրասենյակը Կալիֆոռնիայի դեմոկրատներին կոչ է արել վերանայել Հայոց ցեղասպանության ուրացողին հրավիրելու իրենց որոշումը: