Ոսկու տենդ

11/02/2012 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Թեղուտի հանքավայրը պղնձի պաշարներով երկրորդն է Հայաստանում` Քաջարանի հանքավայրից հետո: Ըստ նախնական հաշվարկների` հանքավայրում կա 450 միլիոն տոննա հանքաքարի պաշար: Պղնձի պաշարը 1,6 մլն տոննա է, մոլիբդենինը` 99.000 տոննա: Սա նշանակում է` պետք է հնարավորինս արագ ընդերքից կորզել պղնձի, մոլիբդենի մինչեւ վերջին կիլոգրամը: Իշխանությունները որեւէ հոգեբանական բարդություն չունեն` կտեղափոխեն Թեղուտի պատմական հուշարձանները, որպեսզի դրանք չխանգարեն պոչամբարի կառուցմանը: Տեղափոխման խնդիր ունեն ոչ միայն հուշարձանները, այլեւ տեղի բնակիչները: Սակայն ՀՀ քաղաքացու գինը պղնձի եւ մոլիբդենի շուկայական գնից անհամեմատ ցածր է, հետեւաբար` տնտեսապես շահավետ չէ նրա առողջության, կյանքի մասին հոգալու ժամանակ եւ միջոց վատնել: Այս տեսակետը ցավալիորեն կիսում են բոլոր բնապահպանները: Այդ թվում` իմ զրուցակից, Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:

– Դուք հանքարդյունաբերության մասին խոսելիս` շեշտը միշտ դնում եք օրենսդրության թերությունների վրա: Կարծում եք` ի հաշիվ անտառների, սեփական քաղաքացիների առողջության, հանքերը շահագործելը միայն օրենսդրական բացի՞ խնդիր է:

– Օրենսդրական թերություններից բացի` անտեսվում են նաեւ գործող օրենքները: Օրինակ` Թեղուտի հանքավայրի նախագծում առկա են օրենքի խախտման բազում փաստեր: Բացի դա` ՀՀ-ում ընդունվել են այնպիսի օրենքներ, որոնք հանքարդյունաբերությամբ զբաղվողներին անընդունելի արտոնություններ են տալիս: Նրանք օրենսդրորեն արտոնված են հարկեր չվճարել պետական տարածքներում իրենց արտադրած թափոնները տեղադրելու դիմաց: Տարեկան տասնյակ-միլիոնավոր տոննա միայն խիստ վտանգավոր` ծանր մետաղներ եւ այլ թունավոր նյութեր պարունակող թափոններ են լցվում գետերի կիրճեր եւ հուներ: Նրանց նաեւ արտոնված է չվճարել հանքարդյունաբերության ընթացքում ՀՀ տնտեսությանը հասցվելիք եւ հասցրած վնասը: Եթե հանքարդյունաբերությունը բերվի հարկային դաշտ, պետական գանձարան կհոսեն լրացուցիչ տասնյակ-միլիարդավոր դոլարներ: Ի դեպ, այս դեպքում չեն շահագործվի այն հանքավայրերը, որոնք մետաղների ցածր պարունակություն ունեն, այսինքն` հարկման դեպքում չեն կարող շահութաբեր եւ անգամ ծախսածածկող լինել: Այս ոլորտը կարգավորող օրենքները պետության եւ ժողովրդի շահերին համապատասխանեցնելու մեր բոլոր ջանքերն առայժմ ապարդյուն են: Եվ նաեւ` այն պատճառով, որ հանքատերեր կան թե՛ ԱԺ-ում, թե՛ իշխանական մյուս համակարգերում:

– Երկրի ղեկավարներն ունեն հակափաստարկ` հանքարդյունաբերության զարգացումը նոր աշխատատեղերի բացման հրաշալի առիթ է:

– Ճիշտ է, հանքահանման, հանքանյութի վերամշակման ընթացքում նոր աշխատատեղեր են բացվում, սակայն դրանք ժամանակավոր աշխատատեղեր են: Տարիներ անց դրանք կվերանան` իրենց հետեւից թողնելով բազմաթիվ խնդիրներ: Նախ` հանքարդյունաբերության ոլորտում որակավորում ստացած գյուղացին արդեն օտարված կլինի գյուղատնտեսությունից եւ, ամենագլխավորը` հանքարդյունաբերության հետեւանքով տեղի բնակչությունը գործ է ունենալու աղտոտված հողատարածքների եւ ջրային համակարգերի հետ: Իսկ տարածքների աղտոտվածության աստիճանը տարեց-տարի մեծանալու է. այդտեղ կուտակված դատարկ ապարներից եւ պոչանքներից արտազատվող եւ հողատարածքներն ու ջրային համակարգերն աղտոտող, օրինակ, ծանր մետաղները մշտապես պահպանելու են իրենց վտանգավոր հատկությունները` քաղցկեղ, այլ հիվանդություններ, հրեշածնություն, մեռելածնություն, մուտացիա, հողի բերրիության անկում եւ այլն: Վայրենի եւ գիշատչական հանքարդյունաբերությունը, որն իրականացվում է մեր երկրում, բերելու է մշտական, կայուն աշխատատեղերի ոչնչացմանը: Այսօրվա հանքարդյունաբերությունը մերժում է անտառների գոյությունը եւ երկրագործությունը, իսկ առաջիկայում վտանգներն ավելի են մեծանալու:

– Նկատի ունեք շահագործման ենթակա նոր հանքավայրերն` իրենց պոչամբարներո՞վ:

– Այո: Լոռվա մարզում արտոնագիր են ստացել ոսկու ութ հանքավայր, Կոտայքի մարզում` ինը, վայոց Ձորում` չորս, Սյունիքի մարզում` ոսկու տասը հանքավայր: Դեռեւս չճշտված տվյալներով` միայն Մեղրու տարածաշրջանում շահագործման հեռանկարում են մոտ քսան հանքավայրեր, որոնցից 14-ը` ոսկու: Նույն Սյունիքի մարզում ունենք ուրանի հանքահանման հեռանկարը… Շրջեք Հայաստանի` շահագործումն ավարտած եւ շահագործվող մետաղական հանքավայրերում, եւ պարզ կդառնա` ինչ անլուծելի խնդրի առաջ է կանգնած մեր երկիրը: Իրավիճակի փոփոխման հեռանկար գրեթե չկա: ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունում գերակա է հանքարդյունաբերությունը: ՀՀ քաղաքացու ապրելու իրավունքը գերակայության շրջանակից դեռեւս դուրս է:

– Բացվող հանքերի միջոցով հարցականի տակ է դրվում հատկապես տեղի բնակիչների` գոնե մինչեւ միջին` 74 տարին ապրելու իրավունքը: Դրանից առաջ խախտվում է նաեւ նրանց սեփականության իրավունքը:

– Երբ այսօր նոր հանք են ուզում շահագործել, բնակիչներին ասում են` մենք ձեզ համար նոր գյուղեր կստեղծենք, մեկ այլ դեպքում ասում են` ձեզ փոխհատուցում կտանք: Նման խոստումներ են տալու վերը թվարկած բնակավայրերի բնակիչներին: Ստացվում է` ՀՀ բնակչությունը, բացառությամբ արտոնյալների, աստիճանաբար օրենքից դուրս է մղվում, չի հարգվում անգամ նրա ապրելու բնատուր իրավունքը: Հայաստանը լեռնային, հրաբխային երկիր է, մեր ապարները պարունակում են ոչ միայն մոլիբդեն, պղինձ, ոսկի, այլեւ թանկարժեք այլ մետաղներ: Իսկ հանքարդյունաբերությունը սա է` հանքաքարը հանում են, մանրացնում, աղում, աղացածը փոշի են դարձնում եւ դրանից կորզում են իրենց համար օգտակարը, իսկ փոշիացած հանքաքարի մոտ 99 տոկոսը լցվում է պոչամբարները` ընդմիշտ անօգտագործելի դարձնելով այդ եւ հարակից տարածքները: Նշանակում է` ողջ Հայաստանը պետք է մսաղացով անցնի, որպեսզի առանձին ընտանիքներ հարստանա՞ն:

– Չկա հայեցակարգ` տվյալ տեսակի հանքանյութից քանի՞ տոննա տարեկան կարելի է վերամշակել:

– Պետք է փոխվի այն հայեցակարգը, որը խրախուսում է նոր հանքավայրերի հայտնաբերումը եւ շահագործումը: Պետք է կասեցվի, մեղմվի հանքարդյունաբերության այսօրվա ընթացքը եւ հստակ սահման դրվի` յուրաքանչյուր հանքանյութից տարեկան ինչ քանակությամբ կարելի է վերամշակել: Պետք է պահանջենք, որ փոխվի հանքարդյունաբերության ոլորտում տարվող քաղաքականությունը: Հանքավայրերի մոտակայքում ապրող մարդկանց համար չարիք է դարձել «բացառիկ գերակա հանրային շահ» հասկացությունը: Սրա անվան տակ մարդկանցից խլում են իրենց սեփականությունը: Վերջապես պետք է քաղաքական կամք դրսեւորել եւ հանքարդյունաբերությունը համարել պետական մենաշնորհ: Այս դեպքում` կշահի ժողովուրդը, պետությունը, կկասեցվի բնական համակարգերի ավերումն ու ոչնչացումը:

– Բնապահպանական շարժումը, որը սկսել են երիտասարդները, ակտիվ վիճակում է: Այս երիտասարդները կրթված են, գրագետ, հայրենասեր, եւ այս հիմնավորմամբ` իշխանությունները չեն կարող նրանց հետ հաշվի չնստել: Ընտրություններից առաջ, ինչպես եւ սպասվում էր, կասկածներ հնչեցին, թե երիտասարդներին կսկսեն օգտագործել քաղաքական ուժերը, շարժումը կքաղաքականացվի: Իսկ ինչո՞ւ չմտնեն քաղաքականություն եւ չփոխեն խաղի կանոնները:

– Եթե այս երիտասարդները կարող են ինչ-որ բան անել` հանուն օրենքների փոփոխության, անգամ ցանկալի է, որ մտնեն քաղաքականություն: Երիտասարդությունը հզոր ու գործուն ուժ է: Համոզված եմ` նրանք կկարողանան կյանքի համար հուսալի հիմք ստեղծել: