Երեկ հետաձգվել է Հայ ազգային կոնգրեսի խորհրդի հերթական նիստը` անդամ կուսակցությունների ներկայացուցիչներից մի քանիսի պահանջով: Ինչպես հայտարարվել էր, երեկվա նիստում եւս պետք է քննարկվեր ՀԱԿ-ի համամասնական ցուցակի հարցը: «Նրանք ժամանակ են պահանջել ՀԱԿ 18 կուսակցությունների ներկայացրած համամասնական ցուցակի հետ կապված: Պետք է հայտնեն իրենց դիրքորոշումները, ցուցակներն ուսումնասիրելուց եւ քննարկելուց հետո, հնարավոր լուծումներ գտնելու համար»,- մեկնաբանելով նիստը հետաձգելու փաստը` «Ա1+»-ին ասել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ այդ մի քանի կուսակցություններն ընտրություններին մասնակցեն առանձին ցուցակով, Զուրաբյանը զարմացած պատասխանել է. «Բայց ինչո՞ւ ձեր մտքով նման բան անցավ, այդ հեռու գնացող եզրակացությունն ինչո՞ւ արեցիք, ինչի՞ հիման վրա: Մարդիկ քննարկում են»: