ԵԿՄ-ն ակտիվորեն պատրաստվում է փետրվարի 18-ին Մարզահամերգային համալիրում կայանալիք համագումարին: ԵԿՄ համագումարի շուրջ հետաքրքրությունը պայմանավորված է նաեւ նրանով, որ դրան մասնակցելու է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: Մեր տեղեկություններով, համագումարում ԵԿՄ-ն Ս. Սարգսյանին սատարելու մասին ինչ-որ հայտարարություն է անելու: Բացառված չէ, սակայն, որ ԵԿՄ-ն հայտարարի նաեւ ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ին աջակցելու մասին: Համենայնդեպս, ըստ մեր աղբյուրների, տարեսկզբին նման հարց քննարկվել է Ս. Սարգսյանի եւ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի միջեւ: Վերջինս սկզբում դեմ է արտահայտվել ՀՀԿ-ին սատարելու մասին Ս. Սարգսյանի առաջարկությանը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, հենց դա էր պատճառը, որ Մ. Գրիգորյանը չէր մասնակցում ՀՀ բանակի հիմնադրման 20-ամյակի առթիվ կազմակերպված որեւէ միջոցառման: Հաշվի առնելով արդեն պաշտոնապես հաստատված տեղեկությունը, որ Ս. Սարգսյանը մասնակցելու է ԵԿՄ համագումարին, կարելի է ենթադրել, որ Մ. Գրիգորյանի հետ «բարիշել են» նաեւ ՀՀԿ-ին սատարելու հարցում: