Պուտինիադա

09/02/2012

Հայաստանում սկսվել է ռուսամոլության իսկական քայլարշավ` ընդդիմությունն ու իշխանությունը մրցակցության մեջ են մտել Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին հնազանդություն հայտնելու հարցում: Մինչ վերջին օրերին քննարկվում էր ՀԱԿ անդամ, ՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանի` ռուսաստանահայերին ուղղված հայտարարություն-կոչը` «Ընտրում ես Վլադիմիր Պուտինին` զորավիգ ես մայր հայրենիքիդ» հուզախառն կարգախոսով, երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը շտապեց հայտարարել. «Ես ցանկանում եմ, որ Ռուսաստանի այս ընտրություններում հաղթի Պուտինը…

Մենք շահագրգռված ենք, որ ՌԴ-ում լինի կայունություն եւ կայուն զարգացում: Գաղտնիք չէ, ՌԴ-ում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն իր ազդեցությունն է թողնում մեր տնտեսության եւ հասարակական կյանքի վրա: Եվ այդ տեսակետից, ես կարծում եմ, որ դուք կհամաձայնեք, որ այսօր ՌԴ-ում կայուն զարգացում ապահովող ուժը հենց Պուտինն է եւ նրա կողմից ղեկավարվող կուսակցությունը: Ես կարծում եմ, որ ՀՀ շահերից է բխում, որ այդպես էլ լինի: Եվ իմ անձնական վերաբերմունքը նույնպես այդպիսին է»: Փաստորեն, Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունն արդեն բացահայտ, հրապարակային պայքարի են դուրս եկել Վ. Պուտինի բարեհաճությանն արժանանալու համար: Ընդ որում, «հետաքրքիր զուգադիպությամբ», այդ մասին մի կողմից` հայտարարում է Հայաստանում «ժողովրդավարության համար պայքարող» ուժերից մեկի ներկայացուցիչը, մյուս կողմից` իշխանության մեջ իբրեւ թե արեւմտամետի համարում ունեցող, «բարեփոխումների կողմնակից» Տիգրան Սարգսյանը: Այսպիսով, եւ իշխանությունը, եւ ՀԱԿ-ը իրենց ապահովագրում են անցանկալի զարգացումներից… բա որ հանկարծ Պուտինը զայրացա՞վ: Իհարկե, ՀԱԿ-ը պաշտոնապես հայտարարեց, որ Լ. Սարգսյանի տեսակետը Կոնգրեսի տեսակետը չէ: Սակայն դրա համար պահանջվեց ամբողջ երկու օր: Դա, բնականաբար, իր մեջ հստակ «մեսիջ» էր պարունակում` ուղղված Պուտինին` առ այն, որ «ժողովրդավարական շղարշի» համար հրաժարվում ենք Լյուդմիլայի ասածից, բայց հոգով, սրտով քեզ հետ ենք»: Միամտություն կլինի մտածել, որ ՍԴՀԿ ատենապետը նման հայտարարություն արել էր առանց ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ համաձայնեցնելու: Հակառակ դեպքում ճիշտ են այն գնահատականները, որ ՀԱԿ-ը կազմաքանդվում է: Ավելի իրատեսական կլինի ՍԴՀԿ-ի հայտարարությունը դիտարկել Լ. Տեր-Պետրոսյանի` ԲՀԿ-ին ուղղված հայտնի «քաղաքագիտական վերլուծության» տրամաբանության շրջանակներում: Ինչ վերաբերում է իշխանությանը, ապա վերջինիս վիճակը նույնքան ծիծաղելի է: Նույն օրը, երբ երիտհանրապետականները մեկնում են Բրյուսել` Եվրոպայի Ժողովրդական կուսակցության համագումարին մասնակցելու համար, Տ. Սարգսյանը հայտարարում է իր ցանկությունն առ Պուտին` այդպիսով ծիծաղելի վիճակի մեջ դնելով եվրոպացի ժողովրդավարներին, որոնք փաստորեն պատրաստվում են իրենց շարքերն ընդունել մի կուսակցության, որի կարկառուն դեմքը ցանկանում է Պուտինի հզորացումը: Ի դեպ, այս պուտինահպատակությունն իր մեջ եւս մեկ` ներքաղաքական բաղադրիչ ունի: Ավելի քան երկու տարի է, հայաստանյան քաղաքական օրակարգում քննարկվում է Պուտինի իշխանության ամրապնդման միջոցով Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հավանականությունը: Ստացվում է` եւ ՀԱԿ անդամ կուսակցություններից մեկը, եւ գործող վարչապետը «մայր հայրենիքի փրկությունը» տեսնում են Պուտինի իշխանության ամրապնդման, ուստի նաեւ` Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մե՞ջ: Շա՜տ հետաքրքիր է: