Օշին Եղիազարյանցը կենսուրախ, վարակիչ լավատեսությամբ անհատականություն է, որի հոբբիներն ու նախաձեռնությունները սահման չունեն: Ատում է «մշակույթ» բառը եւ ասում, որ «մշակույթն արվեստի մահն է»: Եթե իմ զրույցն Օշինի հետ եւս մի քանի ժամ շարունակվեր, համոզված եմ, որ էլի նոր բաներ կիմանայի նրա մասին… Բայց թերեւս այսքանն էլ բավական էր ֆրանսահայ Օշինի օրիգինալությունն ընկալելու համար:
Նրա տանը հեռուստացույց չկա, բայց ինֆորմացիայի պակաս երբեք չի զգացվում: Ունի մշտական հյուրեր, ովքեր նրա այցելուն են օրվա ցանկացած ժամի: Նրա բնակարան մտնելուն պես քեզ զգում ես առնվազն ինչպես թանգարանում: Օշինը 30 տարի շարունակ աներեւակայելի հավաքածուներ է հավաքել՝ մեծանուն նկարիչների ստեղծագործություններ (Բաշինջաղյան, Փարաջանով, Հովնաթանյան եւ այլն), հնաոճ իրեր, որոնց մեծ մասը գնել է աշխարհի տարբեր երկրներից, մասնավորապես՝ Հնդկաստանից, Պարսկաստանից, Աֆղանստանից, Վրաստանից եւ այլն: Իսկ մի մասն էլ` կես կատակ, կես լուրջ, ասում է՝ «գողացել եմ»: Սուրմաների անթիվ սրվակներ, 3000 տարվա հնության արձանիկներ, հնագույն ինքնաեռներ, կճուճներ, նարդիներ, խոզ սպանելու հնագույն սարք, զարդանախշերով սանրեր, ասեղնագործություններ, թմրանյութ ծխելու հարմարանքներ… : Իսկ հիմա նա Լենինի եւ Ստալինի դիմանկարներն է հավաքում: Օշինը հետաքրքրվում է նաեւ մեղվաբուծությամբ. մեղուների փեթակներ ունի: Օշինի օրվա 24 ժամերն ու տարվա բոլոր օրերը նվիրված են ճարտարապետությանը, մուլտիպլիկացիային, թատրոնին, կինոյին, մեղվաբուծությանը, հնէաբանությանը, խոհանոցին… : Ինչ վերաբերում է խոհանոցին, ապա այստեղ Օշինն իսկական գուրման է, նրա երեւակայության արդյունքում ստեղծվում են այնպիսի ուտեստներ, որ ընկերները նրան խորհուրդ են տալիս սեփական ռեստորան բացել: Նրա՝ հոնի հյութի մեջ տապակած միսը, մեղրով ու ծիրանաչրով համեմված խոզի բուդն այնքան ախորժալի տեսք ունեն, որ այդ պահին ամենագիրուկ մարդն էլ մոռանում է ավելորդ կիլոգրամներ կուտակելու մասին: Օշինը, կարելի է ասել, զբաղվում է ամեն ինչով: Երբեմն ընկերները զարմանում են, երբ ուրիշներից լսում են, որ այսինչ գործը նորից Օշինի նախաձեռնությունն է: Ինքը՝ Օշինը, պատմում է, թե ինչպես իր մտերիմներից մեկն ապշած էր մնացել, երբ իմացել էր, որ հայկական մուլտիպլիկացիայում էլ Օշինի մատը խառն է: «90-ականների սկզբին, դեռ էն վատ տարիներին, ես Ֆրանսիայում էի ու այստեղ 100 հոգու ապահովել եմ աշխատանքով: Ի՞նչ էի անում, այդ տարիներին փորձեցի զբաղվել մուլտիպլիկացիայով,- ասում է Օշինը: -Ստեղծեցի «ՅԱՆՑ» փրոդաքշընը եւ հայ մուլտիպլիկատորներին սկսեցի աջակցել մուլտժապավեններ ստեղծելու գործում: Ռետինից սկսած` ամեն ինչ ուղարկել եմ ու քիչ գումարներ չեմ դրել այդ գործի վրա: Սակայն, անկեղծ ասած, Հայաստանում այս ոլորտն այնպես չզարգացավ, ինչպես որ ակնկալում էի»: Մուլտիպլիկացիայից բացի, Օշինը ժամանակին աշխատել է նաեւ կինոինդուստրիայում, սակայն այս անգամ ոչ հայերի հետ, այլ հայտնի ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի որդու հետ: «Եղել եմ նրա art director-ը «CCQ» ֆիլմում: Զբաղվել եմ ամբողջ ֆիլմի դեկորներով: Այդ ֆիլմը ներկայացվել է Կաննի փառատոնին: Հիշում եմ, այդ ժամանակ ես Երեւանում էի՝ ցուրտ էր, մութ էր, իսկ Կաննի փառատոնում մեր ֆիլմի աշխատանքային կազմը կարմիր գորգի վրայով էր անցնում,- ծիծաղելով հիշում է Օշինը: -Պետքս չէ, որ այնտեղ չէի, ինձ այստեղ լավ էր»: Եվ, իրոք, կյանքի մեծ մասն ապրելով Ֆրանսիայում՝ Օշինը վերջին 4-5 տարիներին է բնակություն հաստատել Հայաստանում ու ոչ միայն չի դժգոհում, այլ նույնիսկ իրեն շատ լավ է զգում Հայրենիքում: «Այն թվականներին, որ Եվրոպայում եմ ապրել՝ շատ հաճելի էր, ամբողջ Եվրոպայում 1969-80-ականներին արվեստի բում էր, 1980-ից՝ անկում էր»: Մեր հարցին, թե ի՞նչն է Հայաստանում պահում Օշինին, նա պատասխանեց՝ «Հայաստանում արվեստի տեսանկյունից պոտենցիալ կա: Հայաստանն առանց արվեստի կդառնա համայնք, իսկ այդ համայնքում ապրելը հաճելի չէ, այդ դեպքում կարող է թողնեմ, հետ վերադառնամ»:
Հայաստան, Ղարաբաղ, Ջավախք, «Շեն» ու Օշին
Արդեն 16 տարի շարունակ Օշինը գործունեություն է ծավալում Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Ջավախքում: Շատերը նրան ճանաչում են «Շեն»-ից, որը Հայաստանում առաջին հասարակական կազմակերպություններից էր: «Առաջին անգամ Հայաստան եկել եմ 1988-ի դեկտեմբերի 9-ին՝ Գյումրիի երկրաշարժից տուժածներին օգնելու: Այնտեղ ծանոթացել եմ Ղարաբաղից եւ Ջավախքից օգնության եկած ջոկատների հետ: 4-5 օր հետո, տեսնելով, որ երկրաշարժի վնասը մեր ուժերից վեր է, սկսել եմ զբաղվել Ղարաբաղով»,- պատմում է Օշինը: 1989թ. փետրվարին Օշինն արդեն Ղարաբաղում բանակցություններ էր վարում այն ժամանակվա ղեկավարության հետ, որպեսզի միջազգային հասարակական կազմակերպությունները հաստատվեն Ղարաբաղում ու աջակցեն այնտեղի բնակչությանը: Հենց այստեղ նա ծանոթանում է «Շեն»-ի հայաստանյան կազմակերպության տնօրենին, ու նույն պահից սկսվում է համագործակցությունը: Արդյունքում, այսօր Օշինն արդեն համանուն կազմակերպություններ է հիմնել Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Վրաստանում, Ջավախքում, ԼՂՀ-ում:
Թեպետ հիմա իր գործունեության շեշտադրումն ուղղված է ԼՂՀ-ն եւ Ջավախքը բարեկարգելուն, բայց Օշինը հիշում է, որ դեռ պատերազմի տարիներին Հայաստանի սահմանամերձ մի քանի գյուղերում՝ Խնձորեսկում եւ Խոզնավարում, լուրջ աշխատանքներ են տարվել այստեղի բնակչությանը պահելու համար: «Շինարարություն էինք անում կռվի տարիներին: Ադրբեջանցիները շշմում էին ու կատաղում, որ մենք, չնայած պատերազմին, շենք ենք կառուցում: Իրենք մեր վերամբարձ կռունկը գրադով գցում էին, մենք հաջորդ օրը նորն էինք դնում: Սա հոգեբանական հարված էր ադրբեջանցիների համար, իսկ մեր գյուղացիների համար հույս էր եւ լավատեսություն: Դրա շնորհիվ այդ երկու գյուղից մի մարդ անգամ չի հեռացել կռվի տարիներին»: Օշինն ու «Շեն»-ն ավելի քան 130 հայկական գյուղերի են օգնել: «Հայաստանի մասին խոսելն ավելորդ է, անթիվ-անքանակ գործ ենք արել»,- ասում է Օշինը: Ինչ վերաբերում է ԼՂՀ-ին, ապա Լաչինը վերցնելուց 20 օր հետո աշխատանքներ են տարվել նաեւ այնտեղ: «Բերդաձորի կամուրջն ենք սարքել: Հետո փորձել ենք Շուշիով զբաղվել: Վերանորոգման համար վերցրել ենք մի քարվանսարա եւ մեկ համամ (բաղնիք.-Ա.Մ.): Մեծ նախագծեր ենք արել այդ երկուսի համար: 3 ամիս հետո մեր ձեռքից առան: Մենք էլ գնացինք նորից Լաչին ու վերաբնակեցրեցինք 5-6 գյուղ»,- պատմում է նա:
Այսօր Օշինը նորից վերադարձել է Շուշի եւ այստեղ զբաղվում է մի մզկիթի վերանորոգումով: «Մզկիթի հարցում լիքը հայհոյանքների եմ արժանացել համ մեր «մտավորականների» կողմից, համ Ալիեւի: Ադրբեջանցիք ասում էին՝ էս ո՞վ է մեր մզկիթը վերցրել ու փչացնում, հայերն էլ՝ եկեղեցու փոխարեն մզկի՞թ եք վերանորոգում: Բնականաբար, պետք է այդպես ասեն: Ինչեւէ, մենք վերանորոգում ենք, թե ի՞նչ կլինի ապագայում, դեռ հաստատ չգիտենք, կարծում եմ, մշակութային կամ փնտրտումների կենտրոն՝ մահմեդական եւ քրիստոնյա ժողովուրդների համար»,- ասում է նա: Մզկիթը վերանորոգվելու է առանց ճարտարապետական որեւիցե փոփոխության:
Օշինն ու իր համախոհներն այսօր մեկ այլ ծրագիր են իրականացնում ԼՂՀ-ի գյուղերում՝ դպրոցներին համակարգիչներ են բաժանում: «Գյուղացի երեխան պետք է իմանա, որ իր գյուղում կա համակարգիչ եւ այնտեղ էլ ինքը կարող է լավ սովորել եւ համակարգչի համար չգալ Ստեփանակերտ»,- ավելացնում է Օշինը: Ապագա իր ծրագրերից է ԼՂՀ-ում երիտասարդական կենտրոնի ստեղծումը: Մասնավորապես՝ հյուրանոցներ, որտեղ երիտասարդները կարող են մատչելի գնով ՝ 5-6 դոլարով, գիշերել, ինչն այսօրվա գների համեմատ՝ 35-40 դոլար, ավելի քան հարմար է:
4 տարի առաջ Օշինը որոշում կայացրեց` զբաղվել Ջավախքով: Սկսեց Գանձա գյուղից, որն ըստ Օշինի` այդ ժամանակ «քանդված ու տխուր գյուղ էր»: 25 հազար դոլարով վերանորոգվեց Գանձայի հիվանդանոցը: Հետագայում տարին մեկ անգամ դեղորայք էր ուղարկվում գյուղ: «Հիմա մի քանի փոքր ծրագրեր ունենք Վրաստանում: Ջավախքում ինտերնետ դրեցինք, մենք օգնել ենք Ջավախքի ռադիոյին՝ ալեհավաքներ ենք տեղադրել, հեռուստատեսությանն էլ ենք օգնում, շենքեր ենք կառուցում, ատամնաբուժարան է բացվել Ախալքալաքում: Մի խոսքով, ինչ-որ գործեր անում ենք»: Այս ամենը արվում է մի պարզ նպատակով՝ որպեսզի մարդիկ չթողնեն ու չհեռանան ոչ Ղարաբաղից եւ ոչ էլ Ջավախքից, որպեսզի իրենց հին մարդ չզգան` հեռու տեխնիկական զարգացումներից, այլ ապրեն Օշինի բառերով ասած` «մոդեռն կյանքով»:
Այսքանով չի ավարտվում Օշինի մտահղացումների եւ գործունեության շղթան: Եվ իր կատարած բարի գործերի մասին ասում է՝ «Սա բարեգործություն չէ, այլ ազգային պարտականություն է, չանելը դավաճանություն է, հատկապես, եթե հնարավորություն ունես»: