Միտումները մտահոգում են

09/02/2012

«Հայաստանի զինված ուժերում մահվան ելքով միջադեպերի նվազում է նկատվում, թեեւ տարեսկզբի միտումները մտահոգում են»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա անդրադարձել է վերջին օրերին տեղի ունեցած մահացու ելքով միջադեպերին` նշելով, թե նման դեպքերի կրկնությունը անհետեւողականության եւ ձեռքբերումներից հետո թուլացման արդյունք են: «Միջադեպերի կրկնման կամ շարունակության պատճառ է հանդիսանում նաեւ այն, թե որքան է զինվորականը յուրացնում մարտական կանոնադրությունը եւ որքանով անվտանգ է օգտագործում այդ պայմանները»,- ասել է նա: Խոսելով բանակում միջադեպերի պատճառների մասին, Ս. Օհանյանը նշել է. «Առաջինը, պետք է նայել, թե որքանով են զինծառայողները կարողանում յուրացնել զինվորական մասնագիտության կարեւոր ուղղությունները, ինչպես գործել, որպեսզի պատահարներ չլինեն զենքի օգտագործման կանոնների խախտման պատճառով: Որքանով են նրանք յուրացնում մարտական հերթապահության անվտանգության պայմանները եւ չե՞ն խախտում արդյոք այդ պայմանները: Որքանով է կատարվում միջանձնային հարաբերությունների այսօրվա գործող կանոնադրությունը: Սրանք են այն հիմնական պատճառները, որոնք բանակում բերում են պատահարների»: Ս. Օհանյանը նորմալ է վերաբերվում զոհված զինվորների ծնողների դժգոհությանը: «Մենք անում ենք հնարավորը` մահացած զինվորների ծնողների առջեւ արդար ու ազնիվ լինելու համար, բայց ինչ էլ անենք, ծնողը մաքսիմալ պատիժ է պահանջում, որովհետեւ երեխա է կորցրել»,- ասել է նախարարը եւ ներկայացրել այն զինվորականների ցանկը, որոնք իր պաշտոնավարման ընթացքում պատժվել են միջադեպերի համար:

Ըստ Օհանյանի, 3,5 տարում աշխատանքից ազատվել է զինված ուժերի ղեկավար կազմի մոտ 10 պաշտոնյա, գրեթե նույնքան էլ պատժվել են, ազատվել են զորամասերի 30-ից ավելի հրամանատարներ: Ս. Օհանյանն անդրադարձել է նաեւ իր եւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի միջեւ հակասությունների մասին խոսակցություններին: Նա ասել է, որ այդ մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: «Նման հակասություններ չկան ու չեն կարող լինել: Բանակում այսօր չկա որեւէ մեկը, ով չի կատարում Զինված ուժերի բարեփոխման ու զարգացման ծրագիրը»,- հայտարարել է Ս. Օհանյանը` հավելելով, որ տեղերում կան հրամանատարներ, որոնք, իրենց ունակություններից ելնելով, խնդիր կարող են ունենալ սահմանված ժամկետներում այս կամ այն գործառույթն իրականացնելու հետ: Ս. Օհանյանը հերքել է նաեւ լրատվամիջոցներով շրջանառվող լուրերը, թե իր վերջին այցը Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան եւ նրա հայրական տուն, քաղաքական նպատակ է հետապնդել: Ըստ Ս. Օհանյանի, ինքը ցանկացել է այցով մեկ անգամ եւս արժեւորել Սպարապետի ներդրումը հայկական բանակի կայացման գործում: «Ես մշտապես կապ եմ պահում Վազգեն Սարգսյանի ընտանիքի եւ ծնողների` Գրետա մայրիկի եւ ձյաձ Զավենի հետ»,- ասել է Օհանյանը: Անդրադառնալով առաջիկա ընտրություններում բանակի ներգրավվածության մասին խոսակցություններին, Ս. Օհանյանն ասել է, որ զինված ուժերը պետք է չեզոքություն պահպանեն քաղաքական միջոցառումների ժամանակ: Նա խոստացել է ամեն ինչ անել` ընտրությունների ժամանակ սահմանադրական պահանջները ապահովելու համար: «Յուրաքանչյուր զինվոր Հայաստանի քաղաքացի է, եւ նրանք ընտրություններին կարող են մասնակցել այնքանով, որքանով որ անհատ քաղաքացիները կարող են համակրել այս կամ այն գործչին կամ կուսակցությանը»,- հայտարարել է պաշտպանության նախարարը: