Քրեա-ոստիկանական խանություն

09/02/2012

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը երեկ տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասվում է. «Վերլուծելով Հայաստանի նորագույն պատմության 2000 թ.-ից հետո ընկած ժամանակահատվածը եւ գործող վարչախմբի կառավարման «բարեփոխիչ» քայլերը` կարելի է վստահաբար հաստատել, որ նրանք Հայաստանում հաստատում են տնտեսական կառավարման նոր համակարգ` քրեա-ոստիկանական խանություն: 2008թ. մարտի 1-ի սպանդից հետո, հետեւելով Ս.Սարգսյանի հրապարակային ելույթներին, տպավորություն էր ստեղծվում, որ նա փորձ է անում կանգնեցնել Ռ.Քոչարյանի ձեւավորած մարդու արժանապատվությունը ոչնչացնող համակարգը: Բայց իրականում ոչինչ չի փոխվում` վերջերս լրագրողի նկատմամբ գործ սարքելու փաստը հաստատեց նրա գործունեության իմիտացիոն բնույթը: 2012թ. սպասվող ԱԺ ընտրությունների նախապատրաստական փուլը լրջագույն մտահոգություն պետք է առաջացնի մեր հասարակության մոտ, մասնավորապես` իշխանությունների հայտարարությունը ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու մասին, մեղմ ասած, կեղծ ու անհիմն է: Ինչպե՞ս կարելի է հավատալ նրանց կողմից առաջ քաշվող պնդումներին` կուսակցությունների ազատ մրցակցային հնարավորությունների մասին, երբ ընտրություններից ամիսներ առաջ կոալիցիոն կուսակցությունները, շրջանցելով օրենքները, «բարեգործությունների» անվան տակ ընտրակաշառքներ են բաժանում, իսկ արդեն ընտրության նախաշեմին` իրենց գործելաոճին համապատասխան, առգրավում են ընդդիմադիր կուսակցության կենտրոնական գրասենյակը: «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը մտահոգված է, որ իշխող վարչախումբն իր անպատասխանատու քայլերով մարտի 1-ի կրկնության հնարավորություն է ստեղծում, ինչը կործանարար կլինի մեր պետականության համար: Այնուամենայնիվ` «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը գտնում է, որ իշխանությունները դեռեւս ժամանակ ունեն, թեկուզ ուշացած, հետեւություն անելու, հակառակ պարագայում` նման զարգացումների դեպքում համոզված ենք, որ Հայաստանի ճակատագրով մտահոգ քաղաքական ուժերը, որոնց առաջին շարքերում կլինի «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը, կուղղորդեն հասարակության արդարացի ցասումը` Հայաստանում հաստատելու Սահմանադրական կարգը»: