ԱՄՆ բազային մշակումը Ղարաբաղի թեմայով

09/02/2012

ԱՄՆ դիրքորոշումը ղարաբաղյան թեմայով որոշակի առումով մշակվել է Բիլ Քլինթոնի վարչակազմի օրոք, բավական լիբերալ եւ նույնիսկ ձախ-լիբերալ քաղաքական գործիչների ու փորձագետների մասնակցությամբ, եւ հաստատվել է Ջորջ Բուշի վարչակազմի քաղաքական գործիչների ու փորձագետների խմբի կողմից, որը քաղաքական այլ ոճի կողմնակից էր: Սա խոսում է այս եւ նմանատիպ այլ խնդիրների վերաբերյալ ԱՄՆ քաղաքականության «վերկուսակցականության» մասին: 2001 թ. գարնանը ԱՄՆ վարչակազմի քաղաքական նախագծողների փորձը` ղարաբաղյան խնդիրն օգտագործել որպես Ռուսաստանի վրա ճնշման լծակ, պայմանավորված էր հրթիռների վերաբերյալ ամերիկա-ռուսական բանակցություններով, ինչը շատ էր մտահոգում Բուշին եւ ԱՄՆ-ի համար սկզբունքային նշանակություն ուներ: Ճնշում գործադրելու այնպիսի հզոր լծակի կողքին, ինչպիսին էր ՆԱՏՕ-ի ընդլայնումը, Ռիչարդ Արմիթեջը եւ Ռիչարդ Հաասը մտածել էին ծավալել ղարաբաղյան թեման` Ռուսաստանին շանտաժի ենթարկելու համար: Ռուսաստանը որդեգրել էր չմիջամտելու ձեռնտու դիրքորոշում եւ թույլ չտվեց իրեն ներքաշել այդ իրավիճակի մեջ, հասկանալով, որ տվյալ նախաձեռնությունից ոչինչ չի ստացվի: Քի-Ուեսթի փորձը տապալվեց, եւ Բուշի վարչակազմը այլեւս երբեք չվերադարձավ այդ նախաձեռնությանը: Անցան տարիներ, եւ ամերիկացիները ոչ մի տեղ եւ ոչ մի անգամ չկիրառեցին «Քի-Ուեսթի գործընթաց» արտահայտությունը: Գործընթաց չկա, եւ չկա նաեւ խնդիր ԱՄՆ-ի համար: Հայ քաղաքական գործիչները եւ փորձագետներն ի վերջո պետք է դա բացատրեն: Համենայնդեպս, իրենք իրենց հետեւյալ հարցը տան` կա՞ արդյոք ԱՄՆ դիրքորոշում Լեռնային Ղարաբաղի, նաեւ մյուս չճանաչված պետական կազմավորումների հանդեպ, թե՞ ոչ: Եթե այո, ապա ինչպե՞ս է այդ դիրքորոշումն արտահայտվում: Եթե հայկական քաղաքական դասը չի ցանկանում ինքզինքն այդ հարցը տալ եւ պատասխանել դրան, ապա անհրաժեշտ է կիրառել «լեգալ հարկադրման» մեթոդը տվյալ հարցի ընկալման համար: Այլապես, այս ամենը դառնում է վտանգավոր: Ղարաբաղյան թեման ներքաղաքական պայքարում օգտագործվում է արդեն ոչ միայն ընդդիմության, այլեւ իշխող վարչակարգի կողմից: Դա բացարձակապես անթույլատրելի է: ԱՄՆ-ին բացարձակապես չեն հետաքրքրում ոչ Վրաստանի, ոչ Ադրբեջանի ազգային շահերը: ԱՄՆ-ը լիովին ճանաչել է Աբխազիայի ու Հարավային Օսիայի անեքսիան Ռուսաստանի կողմից: ԱՄՆ-ին մտահոգում է միայն մնացյալ Վրաստանում կայունության սպառնալիքի պահպանվելը, որը երկրից վեր է ածվել էներգահաղորդակցությունների մայրուղու: Լեռնային Ղարաբաղի դեպքում երբեք չի եղել «պատրոնաժի» խնդիր. ԼՂՀ-ն Հայաստանի քաղաքական տարածության մասն է: ԱՄՆ-ին մտահոգում է ոչ թե սեպարատիզմը, այլ որոշակի տարածքների անվերահսկելիության վիճակը, որտեղ կարող են առաջանալ միջազգային հանցավորության խնդիրներ եւ ալեկոծել տարածաշրջանային անվտանգության ստեղծվող համակարգը: ԱՄՆ-ը Ռուսաստանին կոչ է անում վերացնել հանցավորության օջախները Աբխազիայում, Հարավային Օսիայում, եւ որ ամենակարեւորն է` Մերձդնեստրում: ԱՄՆ-ը չի կարող եւ չի ձգտում վերացնել Ռուսաստանի վերահսկողությունը տվյալ տարածքների հանդեպ, որոնք ներկայացնում են աշխարհաքաղաքական «կետեր»: Լեռնային Ղարաբաղը չկա այս վերացող խնդիրների շարքում: Լեռնային Ղարաբաղը հայկական է, միայն հայկական: Խնդիրն ընդամենը քաղաքական գործընթացի իմիտացիան է, որը պետք է Ադրբեջանին հանգեցնի կատարված փաստի ճանաչմանը:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ
Lragir.am