Դեմ հանդիման

09/02/2012

Եվրախորհրդարանի նորընտիր նախագահ, գերմանացի սոցիալ-դեմոկրատ Մարտին Շուլցը երեքշաբթի Թուրքիային կոչ է արել 1915թ. Հայոց ցեղասպանության հարցում հետեւել Գերմանիայի օրինակին եւ ընդունել սեփական անցյալը: «Իմ առաջարկն է` լինել հնարավորինս բաց սեփական անցյալի հետ կապված, սա ապագային դեմ հանդիման կանգնելու լավագույն եղանակն է»,- ըստ «Ֆրանսպրես» գործակալության, հայտարարել է Շուլցը` Բրյուսելում Թուրքիայի Եվրամիության հետ հարաբերությունների հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: Ընդ որում, նա շեշտել է, որ նման խորհուրդ է տալիս` «որպես գերմանացի»: «Դուք պետք է դեմ հանդիման կանգնեք ձեր պատմությանը եւ թույլ տաք անկախ ուսումնասիրություններ, եւ եթե այդ անկախ հետազոտությունների եզրակացությունը լինի այն, որ խոսքը ցեղասպանության մասին է, դուք պետք է այն ճանաչեք»,- հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահը: Նշելով, որ իր երկրի անցյալը եւս դյուրին անցյալ չէ, նախարարն ասել է, որ նոր սերունդները, նույնիսկ, եթե մեղավոր չեն, պետք է այնպես անեն, որպեսզի անցյալի սարսափները չկրկնվեն: Մարտին Շուլցը կոչ է արել հարգել Ֆրանսիայի խորհրդարանի կողմից վերջերս ընդունված` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը: «Ես գիտեմ, որ Եվրամիությունում շատերը կան, ովքեր ֆրանսիացի խորհրդարանականների կարծիքին են»,- հայտարարել է Շուլցը` հավելելով, թե Թուրքիայից ակնկալում է «խնդրի կարգավորում»: Էգեմեն Բաղըշը` իր հերթին, վերահաստատել է իր երկրի դիրքորոշումը, համաձայն որի` պատմության վերաբերյալ դատողություններ պետք է անեն ոչ թե քաղաքական գործիչները, այլ պատմաբանները: Բաղըշը հիշեցրել է 1915թ. իրադարձությունները ուսումնասիրելու նպատակով գիտական հանձնաժողով ստեղծելու` 2005 թվականին պաշտոնական Երեւանին Անկարայի արած առաջարկը: