Կառուցողական եւ տարածքային գործազրկություն

09/02/2012 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հայաստանի աշխատաշուկայում մի պարադոքս կա: Մի կողմից` պաշտոնապես գործազրկությունը կազմում է 6%, մյուս կողմից` կան աշխատատեղեր, որոնք համալրելու համար համապատասխան մասնագետներ չկան:

ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տվյալներով` առաջիկա մեկ տարվա համար գործատուների կողմից ներկայացվել են շուրջ 1000 նոր ստեղծվելիք աշխատատեղերի մասին տվյալներ, որոնք հիմնականում մշակող արդյունաբերության (ճարտարագետներ` տարբեր որակավորմամբ, հացթուխներ, պահածոյագործներ, ապակեգործներ, ձուլողներ, խառատներ, լաբորանտներ), շինարարության (շինարարներ, որմնադիրներ, ծեփագործներ, ներկարարներ, բետոնագործներ, մոնտաժողներ), գյուղատնտեսության (գյուղատնտեսներ, այգեգործներ, բանջարաբույծներ, մեխանիզատորներ), եւ այլն: Այլ կերպ ասած` մեր աշխատաշուկայում կլինի միջնակարգ մասնագիտական կրթություն եւ որակավորում ստացած մասնագետների կարիք: Հարկ է նշել, որ, մասնավորապես, Արհեստագործական ուսումնարաններում որակավորում ստացած արհեստավորների կարիք այսօր էլ կա, սակայն գործատուն բավարարվում է ոչ թե կրթության, այլ փորձի հիման վրա վարպետացած մասնագետներով: Գաղտնիք չէ, որ դպրոցն ավարտելուց հետո երիտասարդները մեծամասամբ դիմում են բարձրագույն ուսումնական հաստատություններ, իսկ Արհեստագործական ուսումնարաններ դիմում են շատ քչերը, ինչի արդյունքում հայաստանյան աշխատաշուկայում արհեստավորների աշխատատեղերը լրացնում են հիմնականում գործին ոչ այնքան լավ տիրապետող մարդիկ: Դրանից զատ, ուսումնարաններում սովորելը ոչ մի դեպքում չի ազատում զինվորական ծառայությունից, ինչը նույնպես պատրվակ է բուհ դիմելուն նախընտրություն տալու համար:

Փոխարենը` մասնավորապես մայրաքաղաքում շատ է մասնագիտությամբ բժիշկ, մանկավարժ գործազուրկների թիվը, քանի որ այս մասնագիտություններով յուրաքանչյուր աշխատատեղ մեծ մրցակցություն ունի: «Զբաղվածություն պետական ծառայություն» գործակալության պետ Ս. Հարությունյանի հավաստմամբ` Հայաստանի մարզերից գործազրկության ամենաբարձր մակարդակ արձանագրվել է Լոռու, Շիրակի եւ Սյունիքի մարզերում: Ի հակադրություն մայրաքաղաքի` այս մարզերում մանկավարժների եւ բժիշկների մեծ կարիք կա: «Թափուր աշխատատեղերը եւ առաջարկը վերլուծելիս` տեսնում ենք, որ ավելի լուրջ խնդիր է կառուցվածքային գործազրկությունը: Այսինքն` եթե մեր հաշվառված գործազուրկների մեջ 70%-ը կանայք են, ապա թափուր աշխատատեղերը գնահատելիս` տեսնում ենք, որ սրանք այն աշխատանքներն են, որոնք ավանդաբար լրացվում են տղամարդ աշխատուժի կողմից. Հատկապես բանվորական մասնագիտությունները` բարձր որակավորում պահանջող: Մենք խնդիր ունենք նման մասնագետներ ունենալու, վերապատրաստվելու եւ արագ այդ թափուր աշխատատեղերը լրացնելու, որ այդ աշխատատեղերը ամիսներ շարունակ չկրկնվեն»,- ասում է Ս. Հարությունյանը` հավելելով, որ մեր երկրում, բացի կառուցվածքային գործազրկությունից, առկա է նաեւ տարածքային առանձնահատկությամբ գործազրկություն: Օրինակ, եթե մարզերում բժիշկների, մանկավարժների թափուր աշխատատեղեր կան, ապա Երեւանում ընդհակառակը` բանվորական մասնագիտությունների գծով թափուր աշխատատեղերն են շատ: «Զբաղվածություն պետական ծառայություն» գործակալությունն իրականացնում է «Այլ վայր» ծրագիր, որի միջոցով մասնագետներին մարզեր գործուղելու դեպքում իրականացվում է ֆինանսական փոխհատուցում: «Ծրագիրը նախատեսում է ֆինանսական մեծ աջակցություն: Եթե կա բժշկի թափուր աշխատատեղ իր բնակավայրից 30կմ ավելի հեռու` տրամադրվում է միանվագ դրամական օգնություն գործազրկության նպաստի չափով, գործարկման գումար` իր ընտանիքի անդամների, կահույքի տեղափոխման եւ այլնի համար: Բացի դա, մեկ տարի տրամադրվում է նվազագույն աշխատավարձի չափով փոխհատուցում` նրա բնակարանային ծախսերը փոխհատուցելու համար: Անցյալ տարի մենք նախատեսում էինք 25, բայց ունեցանք 32 նման ծրագիր: Մարդիկ տեղափոխվեցին եւ բնակություն հաստատեցին այլ վայրեր եւ, բարեբախտաբար, մի մասը շարունակում է մնալ եւ աշխատել»,- ասում է Ս. Հարությունյանը` հավելելով, որ թեեւ այս ծրագրերը կարեւոր դերակատարում ունեն, այդուհանդերձ, շատ մարզերում դեռեւս չի լուծվել բժշկական մասնագիտությունների գծով թափուր աշխատատեղերի խնդիրը: Շատ մասնագետներ չեն ցանկանում հեռավոր բնակավայրեր մեկնելու առաջարկն ընդունել ցածր աշխատավարձի, ոչ բարենպաստ պայմանների կամ հեռավորության պատճառով, ինչն էլ պատճառ է հանդիսանում, որ մարդիկ զրկվեն կարեւորագույն բժշկական օգնությունից: «Զբաղվածության պետական ծառայության» գործակալության պետը վստահեցնում է, որ ի տարբերություն մարզերի` մայրաքաղաքում չեն լրացվում բանվորական մասնագիտություններով թափուր աշխատատեղերը: