«Գույքի եւ եկամուտների հայտարարագրերի հետ մեկտեղ` անհրաժեշտ է ներդնել նաեւ ծախսերի հայտարարագիր»,- երեկ ԱԺ նիստում հայտարարել է ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը` նշելով, որ դա թույլ կտա իսկապես թափանցիկ գործունեություն ապահովել եւ եկամուտների ու ծախսերի միջեւ կապ տեսնել, ինչն ավելի արդյունավետ կդարձնի Էթիկայի հանձնաժողովի աշխատանքը: Այդ մասին Մինասյանն ասել է ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին քննարկումների ժամանակ: «Սա ընդունված մոդել է այլ երկրներում, եւ կարծում եմ` մեզ մոտ ավելի շատ կա դրա կարիքը»,- նշել է նա: Էթիկայի հանձնաժողովի նախագահի եւ տեղակալի պաշտոնները վերապահվում են ԱԺ խոշոր խմբակցություններին, մինչդեռ, ըստ Ա. Մինասյանի, դրանք պետք է ռոտացիայի կարգով տրամադրվեն բոլոր խմբակցություններին: Հակառակ դեպքում, ըստ նրա, ստացվում է, որ մեծամասնական ընտրակարգը սխալ է, քանի որ մեծամասնականով ընտրված պատգամավորները կարող են դուրս մնալ Էթիկայի հանձնաժողովում տեղ ունենալուց, իսկ դա խախտում է պատգամավորների միջեւ հավասարության իրավունքը: