Որտեղ հաց՝ այնտեղ կաց

09/02/2012 Արա ԳԱԼՈՅԱՆ

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հետաքրքիր վիճակագրական տվյալներ է տարածել: Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության տվյալների բազայի վրա դիտարկվել են Թուրքիայի հետ այն երկրների տնտեսական հարաբերությունները, որոնք ճանաչել են 1915թ. Մեծ եղեռնը: Տվյալները հակասում են թուրքական քաղաքական շրջանակների հայտարարություններին: Ֆրանսիայի Սենատի հանրահայտ որոշումից հետո թուրք պաշտոնատարները անդադար խոսում են Ֆրանսիայի հետ տնտեսական կապերը խզելու մասին: 1995թ. ի վեր, երբ որեւէ երկրի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման հարց է քննարկվում, նույն պատկերն է արձանագրվում: Թուրքական պետության առաջին դեպքերը սպառնում են տնտեսական պատիժներ կիրառել այդ երկրի դեմ: Առերեւույթ դա իսկապես ազդեցիկ սպառնալիք է: Թուրքիայի նման մեծածավալ տնտեսություն ունեցող երկրի կորուստն իսկապես անցանկալի է նույնիսկ տնտեսության ծավալի իմաստով գիգանտ պետություններին: Ե՛վ որպես տնտեսական գործընկերոջ, եւ՛ որպես սպառման շուկա: Սակայն Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հետազոտությունն ապացուցում է, որ իրական տնտեսական կյանքը բավական հեռու է քաղաքական հայտարարություն-ղալմաղալներից: Թուրքիայի արտաքին առեւտուրը Հայոց ցեղասպանությունը ճանաչած բոլոր երկրների հետ, որպես կանոն, նկատելիորեն աճել է: Աճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Ռուսաստանի (912 տոկոս), Հունաստանի (մոտ 400 տոկոս) եւ Սլովակիայի (մոտ 300 տոկոս) հետ: Ֆրանսիան 1915թ. ցեղասպանությունը ճանաչել է 2001թ.: Անցած տասը տարիների ընթացքում այս երկրների միջեւ արտաքին առեւտրի ծավալն աճել է ավելի քան 2,5 անգամ: Տնտեսական վիճակագրությունն այս պարագային էլ ապացուցում է, որ իրական տնտեսական գործընթացները վաղուց արդեն բավական ինքնուրույն են քաղաքականությունից: Դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը վերջին 20 տարում խոչընդոտ չկարողացավ լինել հայ-թուրքական տնտեսական հարաբերությունների հաստատման ու ընդլայնման համար: Իհարկե, դրանք այլ մասշտաբների հասած կլինեին միջպետական քաղաքակիրթ հարաբերությունների դեպքում: Հիշենք՝ Երկրորդ աշխարհամարտի տարիներին Կրուպի գերմանական պողպատաձուլական գործարանները պողպատ էին արտահանում թշնամի երկրներ: Տնտեսությունն ինքնին բավական պրագմատիկ երեւույթ է` քաղաքական գործիչներին ենթարկվելու համար: Այսօր հայ-թուրքական ապրանքաշրջանառության իրական ծավալը հաշվարկելը բարդ խնդիր է: Որովհետեւ դրանք իրականացվում են միջնորդավորված: Նույնքան բարդ է հաշվարկելը, թե որքան գումար են հայ զբոսաշրջիկները ծախսում Թուրքիայում՝ եւ ծովափնյա գոտիներում հանգստանալիս եւ Արեւմտյան Հայաստանի տարածքում շրջագայելիս: Խոսքն այս դեպքում միայն հայաստանցիների մասին չէ: Պատմական հայրենիք մեկնող հայկական տուրիստական համարյա բոլոր խմբերի կազմում սփյուռքահայեր կան: Սա եւս տնտեսական կյանքի «անտրամաբանական» դրսեւորումներից է: Ուզո՞ւմ ես այցելել նախնիներիդ երկիր՝ վճարիր: Վճարիր նրանց, ում պապերը վտարել են քո պապերին: Այս տնտեսության պրագմատիկ բնույթի արդյունքը մեր տնտեսական կյանքում կարելի է ամենուր արձանագրել: Օրինակ` այն, որ սփյուռքահայերի հանգանակած գումարներով շինարարություն իրականացնող «Հայաստան» համահայկական հիմնադրամը թուրքական արտադրության շինանյութ է օգտագործում: Նաեւ՝ թուրքական արտադրության: Եվ դա մեր ու մեր հայրենակիցների ուղղակի ներդրումն է Թուրքիայի տնտեսության մեջ: Հնարավոր է, որ այն չափազանց փոքր ծավալ ունի եւ զուտ մասշտաբի տեսանկյունից հետաքրքրություն չի ներկայացնում Թուրքիայի համար: Երեւի զուտ այս պատճառով այս երկրում հայկական ապրանքատեսակները բոյկոտելու կոչեր չհնչեցին: Մինչդեռ մեր երկրում նման բովանդակությամբ կոչեր հնչում են: Նույնիսկ պարբերաբար թռուցիկներ են տպագրվում ու փակցվում պատերին: Դրանք, բնականաբար, երբեք տնտեսական նկատելի արդյունք չեն տալիս: Բայց դա ազգայնականների համար զբաղմունքի պես մի բան է դարձել: Իսկ մյուս՝ ցեղասպանությունը ճանաչած երկրների հետ Թուրքիայի տնտեսական հարաբերությունները ցույց են տալիս, որ այստեղ պրագմատիզմն ու տնտեսական շահն են որոշողը: Ի վերջո, Թուրքիայի տնտեսությունը համարյա չզգաց համաշխարհային ճգնաժամի բացասական հետեւանքները: Որքան էլ որ այս երկիրն ավելի ու ավելի է ինտեգրվում համաշխարհային տնտեսության մեջ: Արեւմտյան եւ ասիական բոլոր խոշոր ընկերությունները դուստր ձեռնարկություններ ունեն Թուրքիայում: Այս երկրի ղեկավարությունն առանձնահատուկ հպարտությամբ է նշում, որ այսօր արեւմտյան հեղինակավոր կրթահամալիր ավարտած ու հայրենիք վերադարձած 2մլն-ից ավելի մասնագետ ունի: Հենց նրանք են տնտեսական քաղաքականություն որոշողն ու իրականացնողը: Հնարավոր է, որ նաեւ այս պատճառով ազգայնամոլական հայտարարությունները էական ազդեցություն չունեն տնտեսական հարաբերությունների վրա: «Որտեղ հաց` այնտեղ կաց» տնտեսական բանաձեւը միայն մենք չէ, որ հայտնագործել ենք: Լա՞վ է դա, թե՞ վատ, այլ խնդիր է: Ի վերջո, արտաքին քաղաքականությունն էլ պրագմատիկ արժեքների վրա է կառուցվում: Ու ինչ-որ իմաստով լավ է, որ այս տնտեսական վիճակագրությունը հայ դատի հանձնախմբերից մեկն է նկատել: Նկատել ու տարածել: