Հասարակական կազմակերպությունները՝ նոր ընտրական օրենսգրքի շուրջ

09/02/2012

Անկախ տեղեկատվական միջոցների աջակցության հիմնադրամը «168 Ժամ» թերթին կից գործող «Պրեսսինգ» ակումբում հունվարի 24-ին քննարկում էր կազմակերպել Ընտրական օրենսգրքի վիճահարույց հոդվածների վերաբերյալ։ Առաջին քննարկմանը հրավիրվել էին Հայաստանում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունները, որոնք անցած տարիներին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ իրականացրել են դիտորդական առաքելություն։ Քննարկմանը մասնակցում էին Հասարակական երկխոսությունների եւ նախաձեռնությունների կենտրոն (ՀԵՆԿ) նախագահ Ժաննա Դոխոլյանը, ՀԵՆԿ գործադիր տնօրեն Ռուզաննա Սեդրակյանը, Երեւանի մամուլի ակումբի ներկայացուցիչ Գեղամ Բաղդասարյանը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի ներկայացուցիչ Արտակ Կիրակոսյանը եւ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Քննարկումը վարում էր Բաբկեն Թունյանը:

Ընտրողը կարո՞ղ է լուսանկարահանել սեփական քվեաթերթիկը

Հասարակական կազմակերպությունների հետ քննարկման ընթացքում ամենավիճահարույց կետը դարձավ ընտրությունների հրապարակայնացումը։ Մասնավորապես, ԸՕ-ի 6-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն, վստահված անձինք, դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են լուսանկարահանել, տեսանկարահանել հանձնաժողովների նիստերը, ինչպես նաեւ քվեարկության ընթացքը։ Այս կետի շուրջ առաջացան մի շարք հարցեր, օրինակ՝ արդյոք սահմանափակում կա՞, թե ինչ տեսակի սարքով է կատարվում նկարահանումը։ Սակայն ամենամեծ հարցը հետեւյալն էր` արդյո՞ք ընտրողները նույնպես կարող են լուսանկարահանել, տեսանկարահանել ընտրատեղամասը եւ իրենց քվեաթերթիկները` օգտագործելով իրենց հեռախոսները: Ինչպես նշեց Ա. Իշխանյանը. «Եթե ընտրողն իր քվեաթերթիկը լուսանկարում է, ապա ես չեմ կարծում, որ դա լավ նպատակներով է անում»։

Ընդ որում, այս հարցի շուրջ միասնական կարծիք չկա անգամ նույն դաշտը ներկայացնող կազմակերպությունների միջեւ։ ՀԵՆԿ-ի գործադիր տնօրեն Ռ. Սեդրակյանի համոզմամբ՝ ամեն ինչ պարզ է՝ ընտրողն իրավունք չունի նկարահանել իր քվեաթերթիկը։ «Այս հոդվածում թվարկվում են, թե ովքեր կարող են լուսանկարել կամ տեսանկարահանել: Հետեւաբար` ինչո՞ւ եք հարցնում` ընտրողը կարո՞ղ է լուսանկարել, տեսանկարահանել, թե՞ ոչ: Օրենքում ասվում է, թե ովքեր են կարող եւ ովքեր թվարկված չեն, ուրեմն` չեն կարող»:

Նույն կարծիքին էր նաեւ Ժ. Դոխոլյանը։ Ա. Իշխանյանի համար, սակայն, ամեն ինչ այդքան միանշանակ չէ։ Նա հիշեցրեց այն հայտնի խոսքը, որ եթե մի բան արգելված չէ, ուրեմն` թույլատրված է: Ու քանի որ օրենքում չկա գրված, որ ընտրողներն իրավունք չունեն լուսանկարելու իրենց քվեաթերթիկները, լուսանկարելու դեպքում, ըստ Ա. Իշխանյանի, դա խախտում չի կարող դիտվել։ «Ենթադրենք, ես ընտրող եմ ու լուսանկարում եմ, հիմա ի՞նչ է ինձ սպառնում: Եթե դիտորդներն ու վստահված անձինք հանձնաժողովի նախագահին ասում են` տեսեք, ընտրողը լուսանկարում է, ի՞նչ պիտի ասի հանձնաժողովի նախագահը: Ես ընտրող եմ ու նկարում եմ: Ենթադրենք` ոստիկան է կանչում, ու ինձ ձերբակալում են, ու ես բողոքում եմ` ասելով. «Ցույց տվեք այն հոդվածը, որն արգելում է ինձ լուսանկարել կամ տեսանկարահանել»: Կամ` եթե քրեական գործ հարուցեն իմ վրա, ինչի՞ հիման վրա պետք է հարուցեն: Չկա նման հոդված: Այսինքն` եթե արգելված չէ, ուրեմն` թույլատրվում է»:

Երեւանի Մամուլի ակումբի ներկայացուցիչ Գեղամ Բաղդասարյանը նույնպես կարծում էր, որ սա բացողում է՝ այսինքն՝ հստակություն չկա: Իսկ եթե անգամ հ/կ-ների ներկայացուցիչներն իրենք տարբեր կարծիքներ ունեն այս հարցի շուրջ, ապա շատ հավանական է, որ առանձին տեղամասերում հանձնաժողովի նախագահներն օրենքի դրույթը մեկնաբանեն այնպես, ինչպես իրենց պետք է։ Ընդ որում, դժվար է ասել՝ հարցը վերջնականապես կփակվի՞, եթե այս եւ այլ վիճահարույց կետերի շուրջ պաշտոնական պատասխան ստացվի ԿԸՀ-ից։ «Իսկ դա վերին ատյանի ճշմարտությո՞ւն է լինելու»,- հարցնում է Գ. Բաղդասարյանը։ Նա նաեւ ավելացրեց՝ եթե բոլորն ընդունեն, որ ընտրողը սեփական քվեաթերթիկը լուսանկարելու իրավունք չունի, ապա ինչպե՞ս է դա վերահսկվելու։ «Օրինակ, ո՞նց են ընտրողին կանխարգելելու լուսանկարել իր քվեաթերթիկը: Քվեախցիկին մոտենալիս ընտրողի հեռախոսը ձեռքից վերցնելո՞ւ են»:

Քանի՞ հոգու կարելի է օգնել

Հ/կ-ների հետ Ընտրական օրենսգրքի քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ ԸՕ այն հոդվածներին, որոնք, թեպետ տարաբնույթ մեկնաբանության տեղիք չեն տալիս, սակայն անհասկանալի է՝ ինչպե՞ս է ապահովվելու տվյալ դրույթի կիրառումը։ Օրինակ՝ ԸՕ-ի 65-րդ հոդվածի համաձայն` «Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողն իրավունք ունի հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, որը չպետք է լինի ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ: Անձն իրավունք ունի օգնելու քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող միայն մեկ ընտրողի: Բացի նշված դեպքից, քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է: Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողին օգնող անձի տվյալները գրառվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում»: Հարց է առաջանում` արդյո՞ք միեւնույն անձը կարող է օգնել քվեարկության ներկայացած ընտրողներին մեկ այլ, մեկից ավելի տեղամասերում, եւ եթե` ոչ, ապա ինչպե՞ս է վերահսկվելու/բացառվելու նույն անձի` մի քանի տեղամասերում ընտրողներին օգնելու հնարավորությունը:

Ռ. Սեդրակյանը, ըստ էության, համաձայն էր այդ դիտարկման հետ, սակայն, միեւնույն ժամանակ, նկատեց, թե այդ մտահոգությունը մեծ ազդեցություն չի կարող ունենալ ընտրությունների արդյունքների վրա: «Այդ երեւույթը համատարած բնույթ չի էլ կրում: Դա, այսպես ասած` մեծի մեջ ոչինչ չկազմող փոքր անհանգստություն է: Այնքա՜ն շատ կետեր կան, որոնց վերահսկելիության մեխանիզմները բացակայում են: Դա այն հարցը չէ, որի համար պետք է վերահսկողության մեխանիզմ ստեղծել»,- ասում է նա։ Մյուս կողմից, սակայն, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ընդգծեցին, որ վերահսկման մեխանիզմի բացակայությունը նույնատիպ մեկ այլ հոդվածում՝ զինվորականների քվեարկության մասով, կարող է լուրջ խախտումների բերել։ Մասնավորապես, ըստ ԸՕ-ի` զորակոչիկը կարող է դիմել, որպեսզի իր անունը հանեն զինվորականների ցուցակից, արձակուրդ վերցնել եւ մեկնել իր հիմնական գրանցման վայրի տեղամասում քվեարկություն կատարելու համար։ Տեսականորեն, զորակոչիկը ընտրությունների օրը կարող է մեկնել եւ քվեարկել երկու տեղամասում։ Հաշվի առնելով զինվորականների մեծ թիվը՝ դա կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա։

Որակավորման նրբությունները

Հասարակական կազմակերպությունների մեծ մասն ընտրություններին մասնակցում է որպես դիտորդ։ Սակայն նոր օրենսգրքում դիտորդների մասով հայտնվել է մի դրույթ, որը եւ՛ անհասկանալի է, եւ՛ ինչ-որ տեղ խնդրահարույց` հասարակական կազմակերպությունների համար։

Մասնավորապես, ըստ ԸՕ

31-րդ հոդվածի (Դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի իրավունքները, պարտականությունները եւ գործունեության երաշխիքները) 1-ին կետի` «Դիտորդը, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչն իրավունք ունեն`ներկա լինելու ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության ընթացքում` նաեւ քվեարկության սենյակում: Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների դիտորդները ընտրական հանձնաժողովների նիստերին, իսկ քվեարկության ընթացքում նաեւ քվեարկության սենյակում կարող են ներկա լինել, եթե ունեն ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայական կամ ստուգարքի արդյունքով ստացել են դիտորդական առաքելություն իրականացնելու վկայական»:

ՀԵՆԿ-ն այս դրույթն անհասկանալի է համարում այն առումով, որ եթե խոսքը վերաբերում է դիտորդներին, ապա ի՞նչ է նշանակում` «հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայական»։

Բացի այդ, ըստ Հոդված 44-ի 8-րդ կետի, ընտրական հանձնաժողովների անդամները, հանձնաժողովի նիստին (ներառյալ` քվեարկության օրը` քվեարկության սենյակում) ներկա լինելու իրավունք ունեցող անձինք (բացառությամբ քվեարկողների եւ տեղամասային կենտրոնում ծառայություն իրականացնող Ոստիկանության ծառայողների) վերնազգեստի վրա պարտադիր կարգով տեսանելի ձեւով կրում են ներկա լինելու իրավունքը հավաստող վկայական: «Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների դիտորդներն ընտրական հանձնաժողովում, իսկ քվեարկության ընթացքում նաեւ քվեարկության սենյակում ներկա լինելու համար պետք է կրեն նաեւ ընտրական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու կամ դիտորդական առաքելություն իրականացնելու որակավորման վկայականը: Հանձնաժողովի նախագահն արգելում է ընտրական հանձնաժողովներում, իսկ քվեարկության ընթացքում նաեւ քվեարկության սենյակում ներկա լինելու իրավունք չունեցող անձանց, ինչպես նաեւ վերնազգեստի վրա առանց համապատասխան վկայականի անձանց ներկայությունն ընտրական հանձնաժողովում (ընտրական տեղամասում)»: Այս դեպքում պարզ չէ՝ ի՞նչ է նշանակում` տեսանելի, ո՞վ է որոշում` տեսանելի՞ է, թե՞ ոչ, եւ արդյո՞ք հանձնաժողովի նախագահն իրավասու է անհրաժեշտության դեպքում դիմել ոստիկանների օգնությանը վերնազգեստի վրա տեսանելի ձեւով վկայական չկրող անձանց քվեարկության սենյակից հեռացնելու համար:

Ի դեպ, վերը նշված ԸՕ 31 հոդվածը սահմանում է նաեւ, որ որակավորման վկայականները տրվում են ստուգարքի հիման վրա։ Այդ նպատակով կազմակերպվում են նաեւ դասընթացներ Երեւան քաղաքում եւ մարզերում։

Ռ. Սեդրակյանն այս առնչությամբ նշում է. «Դիտորդությունը շահույթ չհետապնդող գործունեություն է, եւ երկրորդ` իրենց ներկայացրած դիտորդությունները որեւէ իրավական հետեւանք չունեն: Ուստի` դիտորդություն իրականացնելու համար իրավաբանական փաստաթուղթ ունենալը, լիցենզավորվելը աբսուրդ է: Դա հասարակական կազմակերպությունների իրավունքների սահմանափակում է»։ Ժ. Դոխոլյանի կարծիքով էլ` այդ դրույթն առաջ է քաշվել, որպեսզի դիտորդների քանակը կրճատվի։

Ա. Իշխանյանը նույնպես կարծում է, որ որակավորումը բարդացնում է աշխատանքը։ «Դիտորդները կամավորներ են, եւ հնարավոր է ընտրություններից միայն 15 օր առաջ համալրված լինի տվյալ դիտորդական առաքելության ցուցակը: Մենք այդ ժամանակ հատուկ դասընթացներ ենք անցկացնում նրանց համար։ Իսկ այդ դրույթը խոչընդոտում է իրական դիտորդների աշխատանքը»: Ռ. Սեդրակյանը նաեւ ավելացնում է. «Ցանկացած իրեն հարգող կազմակերպություն երբեք իր դիտորդական առաքելության ցուցակում չի ընդգրկի այնպիսի մարդկանց, որոնք իրենց գիտելիքներով չեն համապատասխանում դիտորդական գործունեություն իրականացնելու չափանիշներին: Մենք ինքներս տեղամասերում տեսել ենք դիտորդների, ովքեր չեն էլ իմացել` իրենք դիտո՞րդ են, թե՞ վստահված անձ: Դրա համար կազմակերպություններ կան, ովքեր իրենց ցուցակներում հազարավոր անուններ են գրում, իսկ մենք կարող է 10, 20 կամ 100 հոգուց բաղկացած ցուցակ ներկայացնենք, որի համար պատասխանատու ենք: Իսկ հիմա ես ինչպե՞ս կարող եմ ինչ-որ մեկին ստիպել գնալ դասընթացների, քննություն հանձնել, երբ նա կամավորության սկզբունքով է դիտորդական առաքելություն իրականացնելու: Ես դրա իրավունքը չունեմ»:

Ի՞նչ է նշանակում` կուտակում

Ընտրական օրենսգրքում կան որոշ հոդվածներ, որոնք առաջին հայացքից կարեւոր չեն թվում, սակայն կարող են ընտրությունների օրը խնդիրների առաջ կանգնեցնել։ Մանավանդ, եթե օրենքի դրույթը հստակ չի ձեւակերպված եւ տարաբնույթ մեկնաբանության տեղիք է տալիս։ Օրինակ՝ ԸՕ 21-րդ հոդվածի («Ընտրողների կամքի ազատ արտահայտման վրա ներգործության արգելումը») 4-րդ կետի համաձայն` «Արգելվում է քվեարկության օրը տեղամասային կենտրոնին հարող տարածքում մինչեւ 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, տեղամասային կենտրոնի մուտքին հարող տարածքում մեքենաների կուտակումը: Սույն մասի դրույթների կատարումն ապահովում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը` անկախ ընտրական հանձնաժողովի պահանջից»: Դրույթի ներառումն արդեն իսկ նշանակում է, որ օրենքի հեղինակները մեքենաների եւ մարդկանց կուտակումը համարում են ներգործելու միջոց։

Ավետիք Իշխանյանը ներկաների հետ կիսվեց իր տպավորություններով՝ նշելով, որ կուտակումներ լինում են հիմնականում «Ջիփերով», որոնց շուրջ խմբված են լինում «սեւ հագուստներով սափրագլուխները»: «Մինչ այդ խմբին հասնելն էլ մարդիկ արդեն վախեցած են գալիս տեղամաս, իսկ այդ խմբի միջով անցնելու ընթացքում արդեն լրիվ «թուլանում» են ու սարսափած մտնում են տեղամաս»,- ասում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ա. Իշխանյանը:

Սակայն օրենքը մեքենաների կուտակման հարցը, ըստ էության, չի կարգավորում, քանի որ չի հստակեցնում, թե ինչ է նշանակում` մեքենաների կուտակում, քանի մեքենայի/այլ փոխադրամիջոցների առկայությունն է համարվում կուտակում: Այս հարցն ուղղեցինք քննարկման մասնակից հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ խնդրելով պարզաբանել, թե կոնկրետ իրենք ի՞նչ են հասկանում այս դեպքում «կուտակում» արտահայտությունից։ «Դե արի ու մեկնաբանի, թե ի՞նչ է նշանակում` կուտակում: Եթե դիտորդը տեսնում է, որ 5-6 մեքենայի կուտակում կա տեղամասի մոտ, դիմում է հանձնաժողովի նախագահին, նա էլ ասում է` դա կուտակում չէ: Ենթադրենք` դիտորդն, ավտոմեքենայի համարանիշներով հանդերձ, արձանագրեց, որ կուտակում է եղել, ինքը տեղեկացրել է հանձնաժողովի նախագահին եւ բացասական պատասխան է ստացել: Հետո՞: Ավելին անել չես կարող»,- ասում է Ա. Իշխանյանը:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի ղեկավար Արտակ Կիրակոսյանն էլ հիշեցրեց, որ տեղամասի իրավիճակը վերահսկում է ընտրական հանձնաժողովի նախագահը, բայց այս դեպքում այդ պարտականությունը դրված է Ոստիկանության վրա: Օրենքով` Ոստիկանությունը պետք է միջամտի, քանի որ դա տեղամասից դուրս կատարվող իրավիճակ է: «Օրենքում գրված է. «Սույն մասի դրույթների կատարումն ապահովում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը` անկախ ընտրական հանձնաժողովի պահանջից»: Այսինքն` այստեղ կարծես հանձնաժողովն ընդհանրապես կապ չունի, որովհետեւ հանձնաժողովի նախագահը կարող է ասել, որ ընտրատեղամասի տարածքում ոչինչ տեղի չի ունենում»,- ընդգծեց Ա. Կիրակոսյանը։

Առավել եւս, որ քիչ հավանական է, թե ոստիկանները չափիչ սարքը ձեռքներին հաշվելու են, թե մեքենաների կուտակումը 50 մետրի վրա՞ է, թե՞ 51։ Այսինքն, գալիս ենք հետեւյալ ցավալի եզրահանգմանը՝ բոլոր նախադրյալները ստեղծված են, որպեսզի մեքենաների կուտակման դեպքերում ոչ մի քայլ չձեռնարկվի։

Որքանո՞վ է կարեւոր Ընտրական օրենսգիրքը

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, կարեւորելով Ընտրական օրենսգրքի դերն ու դրա վիճահարույց հոդվածների լուսաբանումը, այդուհանդերձ, գտնում են, որ կան մի շարք այլ գործոններ, որոնք նույնպես կարեւոր են: Քննարկմանը ներկա Ա. Իշխանյանը պատմեց, որ 2005թ. որպես դիտորդ հրավիրված է եղել Նորվեգիայի խորհրդարանական ընտրություններին: «Այնտեղ գործում էր 4-5 էջանոց օրենք ընտրությունների մասին։ Ընդ որում՝ Նորվեգիայի քրեական օրենսգրքով որեւէ պատիժ նախատեսված չէր ընտրակեղծիքների համար: 1918 թվականից մինչեւ հիմա իրենց մոտ որեւէ ընտրություն բողոքի առարկա չի դարձել: Հիմա հարց է առաջանում. արդար ընտրություններ անցկացնելու համար քանի՞ տոկոսն է կախված ընտրական օրենսգրքից»,- հռետորական հարց ուղղեց նա։ Թեպետ դա քննարկման թեմայից (ՀՀ Ընտրական օրենսգրքի բացեր եւ երկակի ընկալումներ) դուրս է, սակայն հարկ համարեցինք ներկայացնել նաեւ այդ տեսակետներից մի քանիսը։

Ա. Իշխանյան – Նախ պետք է նշեմ, որ ազատ, արդար ընտրությունների անցկացման համար Ընտրական օրենսգիրքը չէ, որ խոչընդոտում է: Խնդիրը շատ ավելի խորն է, եւ հիմնական պրոբլեմն այն է, որ իշխանությունները չեն հաշտվում այն մտքի հետ, որ կարող է «թուղթ գցելու» միջոցով կորցնեն իշխանությունը: Արդյո՞ք միայն իշխանության հարցն է այստեղ: Ո՛չ, նաեւ սեփականության ու բիզնեսի խնդիր կա, որովհետեւ սրանք սերտաճած են իշխանությունների հետ: Եվ քանի դեռ այդ հարցերը չեն լուծվել, ես հույս չունեմ, որ Հայաստանում որքան էլ լավ Ընտրական օրենսգիրք ընդունվի` որեւէ հարց կլուծվի: Խնդիրները հետեւյալն են` անկախ դատական իշխանություն, սեփականության իրավունքի պաշտպանություն, որպեսզի ապահովագրվի բիզնեսը: Սրանք առաջին անհրաժեշտ, բայց ոչ բավարար քայլերն են` նորմալ ընտրություններ անցկացնելու համար: Ամենաիդեալական ԸՕ-ի դեպքում նույնիսկ հարց է առաջանում. ո՞վ է պատիժ սահմանելու խախտողի համար` այն դատարա՞նը, իրավապահ մարմիննե՞րը, ովքեր կախված են նույն «ձեռքի՞ց»: Այսինքն` պատժողը նույն կեղծիք կատարողն է: Եվ, ի վերջո, մենք ունենում ենք փակ շրջան, որովհետեւ ասում են` կեղծի՞ք է եղել, գոյություն ունի քաղաքակիրթ` իրավական ճանապարհ, իրավական ճանապարհով գնալու դեպքում «իրավական ճանապարհով» հարցը փակում են: Վերջացավ: Դատարանը որոշում է, որ ամեն ինչ նորմալ է եղել, ու վերջ: Այսինքն` ովքե՞ր են դատավորները կեղծիքների դեպքում:

Գեղամ Բաղդասարյան
– Եթե մեր Ընտրական օրենսգրքով Շվեյցարիայում ընտրություններ անցկացվեն, նորմալ, ազատ եւ արդար ընտրություններ կլինեն: Իհարկե, նաեւ պետք չէ թերագնահատել Ընտրական օրենսգրքի անհրաժեշտությունը, եւ մեզանից կախված ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ընտրությունները նորմալ անցկացվեն:

Պատրաստեցին՝ Բաբկեն ԹՈՒՆՅԱՆԸ եւ Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ
Լուս:` Սերժ Դավիդով