Հայաստանյան մի շարք ճանաչված արվեստագետներ դիմում են լրատվամիջոցներին` ահազանգելով հայտնի նկարիչ, ավանգարդիստ Վարդան Թովմասյանի, ստեղծագործական, մեղմ ասած` անբարենպաստ պայմանների մասին: Բանն այն է, որ Վ. Թովմասյանն արդեն 25 տարուց ավելի է` ստեղծագործում է Կիեւյան փողոցի բնակելի շենքերից մեկի կիսանկուղում: Լույսից զուրկ, անպատուհան, կիսանկուղ հանդիսացող արվեստանոցի ուղիղ մեջտեղով անցնում է բնակելի շենքի ջրատարը, ինչպես նաեւ կոյուղատար խողովակը, որի պատճառով պատերն ու հատակն ամբողջովին խոնավ ու թաց են: Ըստ արվեստագետների` Վ. Թովմասյանի արվեստանոցի անբարենպաստ պայմանների պատճառով վերջինս ձեռք է բերել ռեւմատիկ հիվանդություն, երկու անգամ ինֆարկտ է տարել, իսկ հիմա էլ` տեսողության խնդիրներ են առաջացել: Նկարչի մոտ ի հայտ եկած առողջական խնդիրներից զատ` ամբողջովին վնասվում են նրա կտավները, քանի որ դրանք պահվում են խոնավության մեջ: Վ. Թովմասյանը, ընկերների խոսքով` երբեւէ չի դիմել պետական կառույցներին` իրեն ավելի հարմար տարածք հատկացնելու խնդրանքով: Մինչդեռ ժամանակակից արվեստը ներկայացնող մի խումբ արվեստագետներ, ականատեսը լինելով նկարչի ստեղծագործական աննկարագրելի վատ պայմաններին, իրենց մտահոգությունն են հայտնում Վ. Թովմասյանի հանդեպ դրսեւորվող անտարբերության նկատմամբ: «Art gallerii» ցուցասրահի տնօրեն Թաթուլ Առաքյանը հիշեցնում է, որ Վ. Թովմասյանը, բացի մի շարք երկրներից, գրեթե ամեն տարի հրավիրվում է Ֆրանսիա իր գործերը ցուցադրելու: Դրանից բացի, Ֆրանսիայի հայտնի կազմակերպություններից մեկը 2008թ. նրան առաջարկել է Ֆրանսիայում մշտական բնակություն հաստատել` առաջարկելով հիանալի պայմաններով բնակելի տարածք եւ արվեստանոց: Սակայն երկու տարի Փարիզում ապրելուց հետո Վ. Թովմասյանը վերադարձել է Հայաստան` նախընտրելով ստեղծագործել հայրենիքում: Ընդ որում, մինչ օրս էլ տարբեր երկրներում ցուցադրվելուց հետո նա վերադառնում է Հայաստան, որտեղ, սակայն, նրա արվեստանոցի պայմանները ստեղծագործական երկարատեւ կյանք չեն խոստանում: «Վարդան Թովմասյանի նման բացառիկ նկարիչը 1985-ից նկարում է մի կիսանկուղում, որտեղ, հավատացեք, աննկարագրելի պայմաններ են: Մենք` մի խումբ արվեստագետներով, ինչպես նաեւ արվեստասերներով որոշեցինք այս խնդիրը բարձրաձայնել: Մեզնից յուրաքանչյուրն էլ փորձում է Վարդանին ինչ-որ ձեւով օգնել, բայց այսօրվա դրությամբ նոր տարածք ձեռք բերելն անհնար է մեզ համար»,- ասում է Թ. Առաքյանը` վստահեցնելով, որ Երեւանի քաղաքապետարանն իր հաշվեկշռում ունի այնպիսի տարածքներ, որոնք ներկայումս չեն օգտագործվում: Ժամանակակից արվեստը ներկայացնող Վ. Թովմասյանի խնդրի մասին ահազանգող արվեստագետների խումբը քաղաքապետարանի ղեկավարությանն առաջարկում է նոր տարածք տրամադրել նկարչին ոչ թե սեփականության իրավունքով, այլ ժամանակավոր օգտագործման սկզբունքով: Ընդ որում` ինքը` Վ. Թովմասյանը, պատրաստ է նոր տարածքի դիմաց հանձնել Կիեւյան փողոցի իր կիսանկուղային արվեստանոցը: «Գոնե մինչեւ օր ծերություն այս մարդը կարողանա ստեղծագործել: 64 տարեկան է, գոնե մի քիչ տանելի պայմաններում ստեղծագործի: Եթե նրա արվեստանոցում լինեք, կհասկանաք, որ մարդը չի կարող այդտեղ երկար մնալ: Առնետները` մի կողմից, խոնավությունն ու լույսի բացակայությունը` մյուս կողմից: Վերանորոգումն էլ չի փրկի, որովհետեւ տարիներ առաջ նա փորձել է դա անել, բայց խոնավության պատճառով հատակն էլ է փտում. ջրատար, կոյուղատար խողովակն իր արվեստանոցի միջով է անցնում: Մարդն առողջությունը կորցնում է էդ խոնավության ու մթության մեջ ապրելու արդյունքում»,- վստահեցնում է Թ. Առաքյանը: Ի դեպ, ինչպես Նկարիչների, այնպես էլ Գրողների միությունը միջնորդություն են ներկայացրել Վ. Թովմասյանին արվեստանոցի նոր տարածք հատկացնելու համար: Մեզ հետ զրույցում նկարիչները հավաստիացրին, որ այսօր արվեստագետներն ապրում եւ ստեղծագործում են առավել բարվոք պայմաններում, քան, ասենք, տասնյակ տարիներ առաջ: Ոմանք նույնիսկ մի քանի արվեստանոց ունեն, քանի որ քաղաքապետարանը նկարիչներին տարածքներ տրամադրելու ծրագիր, այնուամենայնիվ, իրականացնում է: Մեզ հետ զրույցում նրանք վստահեցրին, որ Վ. Թովմասյանն անգամ գնորդներին կամ իր արվեստով հետաքրքրվող մարդկանց խուսափում է հրավիրել արվեստանոց` հասկանալի պատճառներով: «Պարզ է, որ այդ խուց մտնողը չի կարող չնկատել արվեստանոցի պայմանները: Էլ չեմ ասում, թե ինչպես է դա անդրադառնում գնորդի եւ նկարչի համագործակցության վրա: Մեր այս նախաձեռնությանը միացել են բոլոր այն մարդիկ, ովքեր ճանաչում են Վ. Թովմասյան արվեստագետին»,- ասում է Թ Առաքյանը` հիշեցնելով, որ Վ. Թովմասյանը 1970 թվականներից եղել է մի ամբողջ սերնդի լիդերը: Նա եղել է ավանգարդիստների ոգեշնչողն ու առաջնորդը: «Ֆրանսիան հասկանում է, որ նման նկարիչն իրեն պետք է, այդքան ծախս է անում` բնակելի տարածք եւ արվեստանոց է տալիս, որ Վ. Թովմասյանը Ֆրանսիայում ստեղծագործի, իսկ Հայաստանին պետք չէ: Եթե նույնիսկ Հայաստանին պետք չէ, ապա գոնե նրա արվեստի արժեքը պետք է գնահատվի, որովհետեւ նա լուրջ հետք է թողել մեր մշակույթի դաշտում»,- իր մտահոգությունն է հայտնում «Art gallerii»-ի տնօրեն Թ. Առաքյանը, ով մշտապես ցուցադրում է Վ. Թովմասյանի գործերը:
ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը վստահեցնում է, որ Վ. Թովմասյանը, լինելով արժանապատիվ եւ հպարտ մարդ, երբեք չի դժգոհել իր արվեստանոցի պայմաններից, սակայն վերջերս սրտի անբավարարության մասին արտահայտվում է: «Նրա արվեստանոցն ահավոր վիճակում է: Օրեր առաջ մի քանի լրագրողների խնդրեցի գնալ արվեստանոց, բայց Վարդանը թույլ չտվեց` լինելով շատ ինտելեկտուալ եւ բարձր արժանիքներով մարդ: Վ. Թովմասյանի պես մեծ արվեստագետը, որն արդեն 35 տարի հարստացնում է հայ կերպարվեստը, ողբալի, ահավոր վիճակում է ստեղծագործում: Նրա բնակավայրը ողբալի վիճակում է, իսկ նկարչի համար բնակավայրն իր արվեստանոցն է: Նա զրկված է տարրական պայմաններից, եւ շատ ցավալի է, որ մենք չենք կարողանում մեր հանճարեղ այդ արվեստագետի համար ապահովել մինիմում պայմաններ»,- ասում է Ռ. Էլիբեկյանը` վստահեցնելով, որ Վ. Թովմասյանը բնավորությամբ փակ մարդ է եւ երբեք իր խնդիրների մասին չի բարձրաձայնում:
Ռ. Էլիբեկյանի խոսքով` եթե արվեստագետները Վ. Թովմասյանի արվեստանոցի խնդիրը չբարձրացնեն, ապա նա` վտանգելով առանց այդ էլ կորցրած իր առողջությունը, կշարունակի այդ տարածքում ստեղծագործել` հրաժարվելով որեւէ մեկին դիմել: «Իմ ու Վարդանի կապը 70-ականներից է սկսվել` Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի թատրոնից: Հետագայում` 1995-1998թթ. մենք հաճախ հանդիպում էինք Փարիզում, քանի որ նա այնտեղ ցուցահանդեսներ էր անում: Ես նրան շատ եմ գնահատում, քանի որ Վ. Թովմասյանը մեծ ավանդ ունի արդի հայ կերպարվեստում: Համարում եմ, որ մեր պետական այրերը նրա նման մեծ արվեստագետի համար պետք է ստեղծագործելու պայմաններ` տարածք հատկացնեն, քանի որ, ի վերջո, Վարդանն աշխարհի շատ երկրներում իր ցուցահանդեսներով Հայաստանն է ներկայացնում»,- ասում է Ռ. Էլիբեկյանը: Այս նախաձեռնության խմբի ներկայացուցիչ, աբստրակցիոնիստ Գարիկ Կարապետյանը, ով բազմիցս եղել է Վ. Թովմասյանի արվեստանոցում, նույնպես իր մտահոգությունն է հայտնում այնտեղ տիրող իրավիճակի վերաբերյալ: Նրա խոսքով` Վ. Թովմասյանն իր ստեղծագործություններով եւ յուրահատուկ արտիստիկ կերպարով կարեւոր դերակատարություն ունի Հայաստանում ազատ արվեստի միջավայրի ստեղծման գործում, որը հայկական ավանգարդիստական շարժման համար կարեւոր խթան է հանդիսացել: «Նա ստեղծագործում է մի նկուղային հարկում գտնվող արվեստանոցում` չունենալով տարրական պայմաններ եւ հնարավորություններ: Թերեւս, նրա նվիրումն արվեստին այնքան մեծ է, որ մինչեւ հիմա կարողացել է հերոսաբար աշխատել այդ պայմաններում: Սա իսկապես շատ մտահոգիչ երեւույթ է: Կարծում եմ` այսօր արդեն նրա կենսագրությունը թույլ է տալիս ասելու, որ այս կարեւոր արվեստագետն արժանի է պետության կողմից հատուկ աջակցության, որպեսզի հնարավորություն ունենա ստեղծագործել ավելի հարմարավետ պայմաններով արվեստանոցում»,- ասում է
Գ. Կարապետյանը: Նկարիչ Յակոբ Զարգարյանն էլ վստահեցնում է, որ «Սովետի» ժամանակ անհնար էր որեւէ նկարչի թույլ տալ այդ պայմաններում աշխատել, քանի որ` «եթե ոչ Քաղսովետը, ապա գոնե Ռայսովետը նկարչին արվեստանոց էր հատկացնում»։ «Ուղղակի ամոթ է մեզ, որ Վարդանի նման արվեստագետն այդ պայմաններում աշխատելով` հիվանդացել է: Ես ուզում եմ մի միջոց գտնել, բայց չգիտեմ` այդ միջոցը ո՞րն է: Այնպիսի տպավորություն է, կարծես հրդեհից կամ պատերազմից հետո այդ մարդը մի խուց է գտել եւ այնտեղ աշխատում է: Վարդանի նման Հայաստանի ամենալավ նկարիչներից մեկը ամենավատ արվեստանոցն ունի Հայաստանում: Նման արվեստանոց Հայաստանում գոյություն չունի, որովհետեւ երիտասարդներն անգամ լավ պայմաններում են աշխատում: Հարկավոր է մի բան անել, էդ մարդը հիվանդացել է էդ խոնավությունից: Ամառ-ձմեռ խոնավ ու ցուրտ է, ափսոս է նրա նման մեծ նկարիչը»,- ասում է Յ. Զարգարյանը` ՀՀ մշակույթի նախարարությանը, Նկարիչների միությանն ու Երեւանի քաղաքապետարանին հորդորելով արձագանքել այս խնդրին: