Ի՞նչն է խանգարում Պուտինին

09/02/2012

«Պուտինյան համակարգը կործանման օբյեկտ է»,- խոսելով Ռուսաստանում քաղաքական դրության եւ ներկայիս իշխանական համակարգի մասին, նման հայտարարություն է արել ԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը «ԺՏՋՊՖ» հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նա հիշեցրել է, որ արդեն երկրորդ «Հանուն արդար ընտրությունների» հանրահավաքի ժամանակ ցուցարարները ՌԴ նախագահի պաշտոնի թեկնածուներից պահանջում էին իշխանության գալու դեպքում ցրել Պետդուման: «Եթե դա չարվի, պետք է ուղիղ ասել, որ այդ ժամանակ հարցը կլուծվի հրապարակներում»,- ասել է Գորբաչովը` ավելացնելով, թե պատրաստ չէ նախագահական ընտրություններում քվեարկել ընդդիմադիր շարժման առաջնորդներից մեկի` հայտնի բլոգեր եւ իրավաբան Ալեքսեյ Նավալնու օգտին: ԽՍՀՄ նախկին նախագահի կարծիքով` Նավալնին կարծես թե Լեւ Տոլստոյը լինի` Իվան Տուրգենեւի աչքերով: Մինչդեռ Պրոխորովի թեկնածության մասին նա ասել է, որ կարելի է մտածել: Գորբաչովը խոսել է նաեւ վարչապետ Վլադիմիր Պուտինի անձի եւ գործունեության մասին` նշելով, որ Պուտինին «ինչ-որ բան խանգարում է հեռանալ քաղաքականությունից»: Ըստ Գորբաչովի, Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինը եւ ներկայիս վարչապետ Վլադիմիր Պուտինը տարբեր մասշտաբի անհատականություններ են: «Ես հույս ունեմ, որ այն սերունդը, որին մենք ձեզ հետ տեսանք մայրաքաղաքի հրապարակներում, շատ կարեւոր ազդանշան է: Դուրս էին եկել մարդիկ, ովքեր որոշակի ասելիք ունեին: Նրանք համարձակության հսկայական պաշար ունեն: Ես միացել եմ այդ երկխոսությանը` արտահայտելով իմ կարծիքը… Մենք պետք է մինչեւ վերջ հասցնենք այս` պատմական չափերի հասած երկխոսությունը, որպեսզի դուրս գանք այս ժամանակաշրջանից, որում մեզ համար շատ դժվար է ապրել: Մենք շատ հնարավորություններ ենք բաց թողել, այդ թվում` եւ իմ օրոք: Եկեք բոլորս միասին բաց չթողնենք այս հնարավորությունը»,- հայտարարել է Գորբաչովը: