Ձեռնտու է դրսի ուժերին

25/11/2005

Հարավային Կովկասի երկրներում կան շատ ազդեցիկ քաղաքական ուժեր, որոնց ձեռնտու է տարածաշրջանում հակամարտությունների առկայությունը: Այդ մասին հաղորդել է ռուսաստանյան քաղաքագետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Դմիտրի Ֆելդմանը: «Ես հասկանում եմ, որ ոչ ոք չի կարող ասել, որ ցանկանում է, որ այդ հակամարտությունները շարունակվեն, սակայն բավական է նայել, թե ինչ է կատարվում, որպեսզի պարզ դառնա, որ դա իրենց ձեռնտու է»,- նշել է քաղաքագետն՝ ավելացնելով, որ նման ուժեր կան նաեւ այդ երկրների սահմաններից դուրս: Այդ առնչությամբ պրոֆեսորը նշել է, որ հաճախ դրանում հանդիմանում են Ռուսաստանին: Նրա կարծիքով, հիշյալ ակնարկներն այդքան էլ անհիմն չեն: Միաժամանակ, ակնհայտ է, որ Վրաստանում Ռուսաստանի ներկայությունը թելադրված չէ կենսական ռազմաքաղաքական անհրաժեշտությամբ, իսկ Հայաստանում ռուսաստանյան զորքերի ներկայությունն առավել ձեռնտու է Երեւանին եւ ոչ թե Մոսկվային: