Արծվի Մինասյան. «Մեր ամուսնության պատմությունը նման է հնդկական կինոյի»

09/02/2012

Արծվիկ Մինասյանը 40 տարեկան է, ծնվել է Թալինի շրջանի Ոսկեթաս գյուղում: Ամուսնացած է: Ունի երեք զավակ:
Սովորել է ԵՊՀ Տնտեսագիտության, այնուհետեւ` Իրավաբանության ֆակուլտետում:
Արծվիկ Մինասյանն ու իր կինը համակուրսեցիներ են եղել:
1998-ից դասախոսում է ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետում:
2005-2007թթ. եղել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ:
2007թ. մայիսին ԱԺ պատգամավոր է ընտրվել:

– Պարոն Մինասյան, երբ Ազգային ժողովը գտնվում է արձակուրդում, ինչո՞վ եք նախընտրում զբաղվել այդ ընթացքում:

– Որպես կանոն, պատգամավորի աշխատանքն առավել հագեցած է լինում ոչ նստաշրջանի ընթացքում: Այդ ժամանակահատվածում պատգամավորը սովորաբար զբաղվում է քաղաքացիների դիմումներով, օրենսդրական նախաձեռնությունների մշակմամբ: Աշխատանքից հետո ժամանակս տրամադրում եմ երեխաներիս, հեռուստացույց եմ դիտում, գիրք ընթերցում: Տանը երեխաներս, որպես կանոն, ինձ դիմում են մաթեմատիկայի տնային առաջադրանքների հարցերով: Փորձում եմ այնպես անել, որ երեխաներս մտածելու ունակությունը զարգացնեն, ոչ թե զուտ այդ օրվա դասերը պատրաստեն: Կոլեկցիոներ չեմ, բայց սիրում եմ հուշանվերներ բերել այն երկրներից, որտեղ լինում եմ:

«Երբեք չեմ մտածել քաղաքում ապրելու մասին»

– Երբ զանգահարեցի Ձեզ պայմանավորվելու հարցազրույցի համար, ասացիք, որ շաբաթ-կիրակի գյուղ եք մեկնելու: Հաճա՞խ եք լինում Ձեր հայրենի գյուղում:

– Ես ծնվել եմ Արագածոտնի մարզի Ոսկեթաս գյուղում, հետո տեղափոխվել ենք Բաղրամյանի շրջան: Իմ հայրենի գյուղ գնալը, հատկապես երկրորդ գյուղը, ուր այժմ մայրս է ապրում, ինձ համար ամենամեծ զգացումն է: Ծնողի համար զավակին տեսնելը ամենամեծ բերկրանքն է, իսկ զավակի համար ծնողին այցելելը` ամենամեծ ձգտումը: Մեր ընտանիքը բազմազավակ է: Ես մեր ընտանիքի տասներորդ զավակն եմ: Դա նշանակում է, որ ցանկացած միջոցառում կամ այց մորս` վերածվում է մի մեծ տոնախմբության: Երջանկությունը, երեւի թե, հենց դրա մեջ է, երբ արյունակիցները կարողանում են ժամանակ գտնել եւ հավաքվել: Իմ հայրական տունն այն վայրն է, ուր շատ եմ ձգտում լինել: Գաղտնիք բացեմ. երբեք չեմ մտածել քաղաքում ապրելու մասին: Միշտ մտածել եմ, որ պետք է մնամ գյուղում եւ փորձեմ այնտեղ օգտակար լինել: Բայց ստացվեց այնպես, որ մնացի Երեւանում: Հիմա, երբ հետ եմ նայում, զգում եմ, որ մայրաքաղաքում մնալը գուցե ավելի օգտակար է եղել իմ գյուղի համար:

– Իսկ գյուղում հողագործությամբ զբաղվո՞ւմ եք:

– Անպայման: Առաջ ավելի շատ էի զբաղվում, հիմա ավելի քիչ ժամանակ եմ ունենում: Երբ 10-րդ դասարանն ավարտում էի, ինքս իմ առջեւ պայման դրեցի, որ մեկ շաբաթում պետք է փորեմ մեր տնամերձ հողամասը, ծառ տնկեմ, հետո խոտ հնձեմ:

– Իսկ առհասարակ ինչպե՞ս եք անցկացնում շաբաթ-կիրակին:

– Շատ կուզեի, որ հանգստյան օրերս ավելի շատ կարողանայի անցկացնել ընտանիքիս, ընկերներիս հետ, բնության գրկում: Որպես կանոն, երբեք չեմ ձգտում միայնակ մնալ: Միշտ փորձում եմ այնպես անել, որ շատ մարդ լինի շուրջս:

– Դուք այն քիչ պատգամավորներից եք, ովքեր բավականին հարուստ ակադեմիական ձեռքբերումներ ունեն, դասախոսում եք ԵՊՀ-ում: Դասախոսի՞, թե՞ պատգամավորի ամբիոնն է Ձեզ համար ավելի հոգեհարազատ:

– Երբ ավարտեցի ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետը, անմիջապես դասախոսական աշխատանքի անցա եւ զուգահեռաբար սկսեցի աշխատել պետական համակարգում: Ուսանողական սեղանից միանգամից դասախոսական ամբիոնի մոտ կանգնելը հետաքրքիր զգացողություն էր: Դասախոս լինելը պահանջում է լսարանին էներգիա փոխանցելու կարողություն, էներգիա, որը պետք է մի կողմից` հետաքրքրություն առաջացնի լսարանում, մյուս կողմից էլ` քեզ բավականություն պատճառի:

Երբեք չեմ պարտադրել ուսանողներիս կարդալ ու անգիր անել, փորձել եմ խրախուսել քննարկումները: Ցավոք, դասախոսները հաճախ մտնում են լսարան ոչ թե շփվելու եւ մտածողություն զարգացնելու նպատակով, այլ «պարտք կատարելու» կամ ինքնահաստատվելու:

– Դուք ուսանել եք Մոսկվայում, Վաշինգտոնում եւ Նյու Յորքում: Ի՞նչ հետաքրքիր ուսանողական արկածներ եք ունեցել այդ քաղաքներում:

– Շատ լավ պատմություններ կան կապված թե Մոսկվայի, թե Վաշինգտոնի հետ: Մոսկվայում սովորում էինք այլ երկրներից ժամանած ուսանողների հետ: Հիշում եմ, որ լեզու չգտանք չինացիների հետ, ովքեր ռուսերեն չգիտեին, մենք էլ` չինարեն: Վաշինգտոնում սովորում էինք երկու հայերով: Ապրում էինք Վաշինգտոնի M Street-ի վրա գտնվող հյուրանոցում: Մի օր ընկերս որոշեց հյուրանոցում, էլեկտրական ջեռոցի միջոցով խորոված պատրաստել: Այն ժամանակ, երբ խորովածը շարեցինք եւ դրեցինք սարքի մեջ, միացավ հակահրդեհային համակարգը, որի ձայնն անջատելու համար ջեռոցը տարանք լոգասենյակ: Մի կերպ ձայնը կտրեցինք: Բայց մեր համարի դուռն արդեն ծեծում էին հյուրանոցի անվտանգության աշխատակիցները: Երբ նրանք տեսան, թե ինչ ենք անում, սկսեցին բարձր ձայնով բացատրել, որ չի կարելի: Մենք հրավիրեցինք նրանց ներս` համտեսելու հայկական կոնյակն ու խորովածը, ինչին նրանք հաճույքով համաձայնեցին: Ավելի ուշ մեզ միացան ԱՊՀ երկրների ներկայացուցիչները: Երկար նստեցինք սեղանի շուրջ, իսկ վերջում նույն անվտանգության աշխատակիցներն իրենց գլխարկները մոռացան մեր համարում: Այդ օրվանից հետո նրանց չտեսա հյուրանոցում:

– Փաստորեն, խմիչքին լավ եք վերաբերվում:

– Խմիչքին լավ եմ վերաբերվում, ուսանող տարիներին շատ էի խմում, հիմա` ավելի քիչ, հիմնականում` օղի կամ կոնյակ: Վստահ եմ, որ կոնյակի մշակույթը մեր երկրում զարգացման լավ հիմքեր ունի:

«Կնոջս հետ առաջին հանդիպումից պարզ դարձավ, որ իրար ասելու ինչ-որ բան ունենք»

– Ինչպե՞ս ծանոթացաք Ձեր տիկնոջ հետ:

– Ես ու կինս սովորել ենք նույն կուրսում` ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետում: Առաջին հանդիպումից պարզ դարձավ, որ մենք իրար ասելու ինչ-որ բան ունենք (ժպտում է.- Ե.Պ.): Բայց շփման իմ առաջին առաջարկը մերժում ստացավ ապագա կնոջս կողմից: Շփում հաստատելու մյուս հնարավորությունն ընձեռվեց միայն 2-3 տարի հետո, եւ այն կարող է հնդկական ֆիլմի սցենար հիշեցնել: Երբ առաջին անգամ հարցրեցի ապագա կնոջս, թե կարո՞ղ է` ընկեր ունի եւ այդ պատճառով է մերժում ինձ, նա պատասխանեց` «այո»: Մենք սովորում էինք նույն կուրսում, բայց «ընկերն» այդպես էլ չէր երեւում: Հետո ստացվեց այնպես, որ պետք է մեկնեի Սիրիա: Գնալուցս մեկ օր առաջ հավաքվել էինք ընկերներով: Հաջորդ օրն առավոտյան Բաղրամյան-Օրբելի փողոցների հատվածում հանդիպեցինք մեր մեկ այլ համակուրսեցուն: Քայլելով զրուցում էիք, երբ ձայն լսեցինք. Աստղիկն էր` ապագա կինս: Համակուրսեցիս ասաց. «Վայ, Աստղիկին փախցնում են»: Ընկերներով վազեցինք ձայնի ուղղությամբ, եւ այդ երիտասարդները, տեսնելով մեզ, դիմեցին փախուստի: Դրանից հետո ես Աստղիկի հետ լուրջ զրույց ունեցա եւ առաջարկեցի, որ իրեն ուղեկցեմ տուն, մինչեւ վտանգն անցնի: Փաստորեն, այնպես ստացվեց, որ այդ վտանգը մինչ օրս էլ չի անցել (ժպտում է.- Ե.Պ.): Մեր հարսանիքը կայացավ 1994թ. սեպտեմբերի 17-ին: Նոր էր զինադադարը կնքվել, մեր գյուղը տվել էր տոկոսային առումով ամենաշատ զոհերը: Գյուղում մինչ այդ միջոցառում չէր եղել, բայց մեր հարսանիքի օրն ամբողջ գյուղը ուրախանում, պարում էր: Այդ օրը համարում եմ կյանքիս ամենամեծ տոնախմբությունը, երբ ուրախանում էին բոլորը:

– Ո՞րն է կատարյալ ընտանիքի Ձեր մոդելը, եւ ի՞նչ հիմնական սկզբունքներով եք առաջնորդվում երեխաների դաստիարակության հարցում:

– Միշտ ձգտել եմ ունենալ մեծ ընտանիք: Հատկապես եռասերունդ ընտանիքի մոդելի կողմնակից եմ, երբ մի հարկի տակ բնակվում են երեխան, իր ծնողը եւ ծնողի ծնողները: Գուցե սա որոշ երիտասարդ ընտանիքների համար դժվարություններ է ստեղծում, բայց պատասխանատու վերաբերմունքի տեսանկյունից ամենալավ մոդելն է, ուր զուգակցվում են թե մանկական միամտությունը, թե հասունությունը եւ թե իմաստնությունը` ի դեմս տատիկ-պապիկների: Սա մի երեւույթ է, որն ապահովում է ընտանիքի ամրությունը: Եթե կա փոխադարձ ըմբռնում, ապա ընտանեկան հոգսը չի դիտվում որպես պարտականություն: Ինձ համար ամենաթանկը եղել է հորս խորհուրդը, ով ասել է. «Երբեք մի ամաչիր, որ իմ որդին ես»: Նույնը հիմա փորձում եմ փոխանցել երեխաներիս: Շատ եմ կարեւորում երեխաներիս մեջ պատասխանատվության եւ ազնվության սերմանումը: Եթե այս երկու բանը ինձ հաջողվի անել, կնշանակի, որ հասել եմ իմ նպատակին: Ավագ դուստրս` Աիդան (16 տարեկան է), ցանկանում է աշխատել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը, որպեսզի այնտեղ հայկական շահը լավ ներկայացվի: Մեծ տղաս` Սեյրանը (14 տարեկան), սովորում է ֆիզմաթ դպրոցում: Ուրախ եմ, որ ընտրեց այդ ուղղությունը, կարծես ձգտում է շարունակել իմ ճանապարհը: Փոքր տղաս` Գարիկը (9 տարեկան), սովորում է դպրոցում: Վատ չի սովորում, շատ է սիրում ֆուտբոլ խաղալ: Ուզում է դառնալ Հայաստանի հավաքականի դարպասապահը: Ուրախ եմ, որ երեխաներս կարողացել են ճիշտ ընկալել ծնողի սերը եւ իրենց պատասխանատվությունը դեպի ծնողը, ընտանիքը:

– Որո՞նք են այն որակները, որոնք առավել շատ եք գնահատում տղամարդկանց մեջ:

– Ճշմարտախոսությունը, ազնվությունը եւ վճռականությունը:

– Իսկ կանա՞նց:

– Ազնվությունը, գեղեցիկին ձգտելու մշտական ցանկությունը եւ նվիրվածությունը սեփական սիրուն:

– Ո՞րն է երջանկության Ձեր ընկալումը:

– Երջանկությունը յուրովի է ընկալվում, ընդհանուր բանաձեւեր չկան: Երջանկությունը լիարժեք է, երբ շրջապատված ես այն մարդկանցով, որոնցով ուզում ես շրջապատված լինել, այլ ոչ թե ստիպված ես ընդունել խաղի այնպիսի կանոններ, որոնց պետք է հարմարվես:

– Ի՞նչն եք առավել գնահատում Ձեր ընկերների մեջ:

– Ազնվությունը, անկեղծությունը, նվիրվածությունն ու վստահությունը:

– Ո՞րն է Ձեր գլխավոր թերությունը:

– Դյուրահավատությունը եւ պարզությունը:

– Ո՞րն է կյանքի Ձեր կարգախոսը:

– Միշտ պայքարել:

Եկատերինա ՊՈՂՈՍՅԱՆ
Mediamax.am