Հերկուլեսի բուժիչ ուժը

09/02/2012 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Հացազգիների (Poaceae) կամ դաշտավլուկազգիների (gramineae) ընտանիքին պատկանող բույս է։ Ցանովի վարսակի գիտական անվանումն է` Avena Sativa։ Կա կարծիք, որ հազարամյակներ առաջ բուծվել է Խրփուկ սովորականից (Avena fatua)։ Խրփուկը վաղ գարնանային միամյա, ցրտադիմացկուն մոլախոտ է, որ տարածված է Արեւմտյան Ասիայի եւ Արեւելյան Եվրոպայի տափաստաններում, օգտագործվում է որպես անասնակեր, տարածված է ՀՀ-ում։ Վարսակը 50-170 սմ բարձրությամբ բույս է, բազմանում է սերմերով, որոնք առաջացնում են սաղմնային մի քանի արմատիկներ։ Ծաղկաբույլը մինչեւ 25 սմ երկարության հուրան է, ծաղկում է հունիս-օգոստոս ամիսներին։ Տերեւները գծային են, հերթադիր, անհարթ` 20-45 սմ երկարությամբ, 8-30 մմ լայնքով։ Հատիկը, ինչպես եւ ցորենի, գարու, աշորայի հատիկները ունի ակոսիկ, սակայն ցորենի եւ գարու ծաղկաբույլերն ունեն հասկի տեսք։ Տարբերում են երկու հիմնական ենթատեսակ, տարածված կամ խիտ տեղակայված միակողմանի հուրանով (A.s. Patula, A.s. orientalis)։ Վարսակը վաղուց ի վեր ունի «Հերկուլեսի ուժ» պարգեւող հասկի համբավ, ինչ վերաբերում է բուժիչ հատկություններին, ապա դրանք հայտնի են եղել առնվազն հին հույներին։ Պահպանվել են տեղեկություններ, թե Դրոսկորիդիսը խորհուրդ է տվել վարսակի հատիկը` ստամոքսի խանգարման, իսկ եփուկը` հազի դեպքում։

Օգտակար նյութերի բազմազանությունը, դրանց բավարար քանակությունը եւ համաչափությունը թույլ են տալիս օգտագործել վարսակի հատիկը, օսլան, փաթիլները բազմաթիվ հիվանդությունների դեպքում. որպես դիետիկ կազդուրող սննդամթերք, մաշկային հիվանդությունների բուժման համար, գեղարարության մեջ։

Բուժիչ հատկություններ ունի նաեւ խոտը եւ հատիկի թեփը։ Արտադրվում է վարսակի դեղատնային ոգեթուրմ, որն ունի հանգստացնող հատկություն։ Վարսակի հատիկի կալորիականությունը 370 կկալ է, փաթիլներինը` 305 կկալ, եփված վիճակում զգալիորեն ավելի քիչ` 55 կկալ։ Այս ցուցանիշով հում վարսակը քիչ է տարբերվում մյուս հատիկավոր բույսերից, սակայն եփված վիճակում զգալիորեն զիջում է բրնձին (105 կկալ) եւ եգիպտացորենին (90)։

Պարունակում է 11-18 տոկոս սպիտակուց։ Ամինաթթուների բաղադրությամբ առավել մոտ է մարդու մկանների սպիտակուցին։ Պարունակում է մարդու օրգանիզմում չսինթեզվող ամինաթթուներ լիզին եւ տրիպտոֆան, շատ կարեւոր է, որ ի տարբերություն ցորենի, գարու, աշորայի (տարեկան)` չի պարունակում «ալերգածին» (ցելիակիա) գլյուտեն։ Ճարպերի պարունակությամբ` 4-6,5 տոկոս, գերազանցում է այլ հացահատիկներին։ Վարսակում պարունակվող օսլան (40-60 տոկոս) կտրուկ չի բարձրացնում շաքարի մակարդակը արյան մեջ, քանի որ դանդաղ է յուրացվում` ապահովելով օրգանիզմը գլյուկոզայով եւ գլիկոգենով։

Համեմատաբար վերջերս հայտնաբերվել է վարսակի մի շատ կարեւոր բաղադրամաս, դրանք լուծվող բարդ շաքարային նյութեր են, կամ այլ կերպ, բուսական մանրաթելեր (մոտ 11 տոկոս)։ Այս նյութերը հրաշալի կերպով կարողանում են հեռացնել օրգանիզմի համար ոչ պիտանի խոլեստերինը, կարգավորում են շաքարի յուրացումը աղիներից։ Ավելացնենք, որ վարսակը նաեւ հեռացնում է կապարը, որով «հարուստ» է ժամանակակից քաղաքների օդը։ Խորհուրդ է տրվում կանոնավոր խմել վարսակի եփուկը։

Վարսակը (100 գ հումքում) պարունակում է 20 միկրոգրամ յոդ, 6,5 մկգ կոբալտ, 70 մկգ մոլիբդեն, 0,5 մգ պղինձ, 362 մգ կալիում, 94 մգ քոլին ( ավելին, քան` բրնձում), 0,5 մգ տիամին, ինոզիտ։ Նյութերի այսպիսի համադրությունը բարենպաստ է էնդոկրին համակարգի եւ հատկապես վահանաձեւ գեղձի կենսագործունեության համար։

Առանձնահատուկ ուշադրության է արժանի, որ բիոտինի (H) պարունակությամբ (20 մկգ) վարսակը երեւի թե չունի իր հավասարը, այն լայն սպառման բուսական սննդամթերքների մեջ զգալիորեն զիջում է տավարի լյարդին (98 մկգ) եւ երիկամներին (88 մկգ), նաեւ հավի ձվին (28 մկգ)։

Բիոտինը նպաստում է ճարպային թթուների գոյացմանը, կայունացնում շաքարի մակարդակը արյան մեջ, հեշտացնում է ածխաջրերի, սպիտակուցային ամինաթթուների, ճարպերի յուրացումը, նպաստում նյարդերի, ոսկրածուծի, արյան բջիջների, քրտնագեղձերի եւ արական սերմնագեղձերի, մաշկի եւ մազերի նորմալ վիճակին եւ կենսագործունեությանը, նպաստում ցինկի պահպանմանը։ Կարեւոր է իմանալ, որ հավի հում ձվի սպիտակուցը քայքայում է այս վիտամինը։

Վարսակը պարունակում է նաեւ բավարար քանակի վիտամին E -3,4 մգ, նիկոտինաթթու (PP)- 1,1 մգ, պանտոտենաթթու (B5)-0,9 մգ, ֆոլացին (B9)-29 մկգ, պիրիդոքսին (B6)-0,27 մգ, ռիբոֆլավին (B2)-0,11 մգ, վիտամին K։

Այլ հացահատիկների համեմատությամբ պարունակում է ավելի շատ երկաթ, նաեւ ծծումբ, ցինկ, մարգանեց, ֆտոր, ֆոսֆոր, մագնիում, կրեմնիումի թթու եւ քրոմ։

Ժամանակակից հետազոտողները գտնում են, թե վարսակը պարունակում է տիրեոստատինային նյութեր, որոնք ազդում են վահանագեղձի կենսագործունեության վրա, եւ ենթաստամոքսային գեղձում արտադրվող նյութերին նման ֆերմենտ, որը նպաստում է ածխաջրերի յուրացմանը։

Հարյուր գրամ վարսակը պարունակում է մոտ 11 տոկոս բջջանյութ, մեկ բաժին վարսակի փաթիլը գրեթե լրացնում է մեկ օրվա պահանջարկը։

«Վարսակ-սեռ». կասեր դեդուկտիվ մտածելակերպի մեթոդի հեղինակ դեդեկտիվ Շերլոկ Հոլմսը։ Եվ նա ճիշտ է։ Վարսակը ունի հակադեպրեսանտ հատկություն` աս վիճակից դուրս գալու համար օրգանիզմին հարկավոր են բարձրակարգ սպիտակուցներ, էնդոկրին համակարգի նորմալ կենսագործունեությանը նպաստող նյութեր, կալցիումի յուրացումը ապահովող եւ հակաալերգիկ սնունդ, այլ պայմաններ։

Կարեւոր դեր է կատարում ամինաթթու տրիպտոֆանը, որից արտադրվում է քնաբեր եւ նյարդերը հանգստացնող հորմոն մելատոնինը։ Դեպրեսիայի հաղթահարմանն են նպաստում նաեւ վիտամիններ` B1, B2, PP,B6, B9, բիոտինը, երկաթը, մագնիումը, կալիումը, կալցիումը, ասկորբինաթթուն, քոլինը։ Ավելացնենք, որ վարսակի վերգետնյա մասի պատրաստուկները նպաստում են մտավոր ակտիվացմանը։

Բույսի վերգետնյա մասը պարունակում է սապոնին եւ բիոֆլավոններ։

Վարսակի հոտով կամ դարմանով լոգանքներն օգնում են ռադիկուլիտի, իշիասի, էկզեմայի, դիաթեզի, ծայրանդամների ցրտահարման, ոտքերի մշտական սառնության դեպքում։ Նույն նպատակների համար կիրառվում է նաեւ հատիկի եփուկը։

Խորհրդային Միությունում եւ այժմյան Ռուսաստանում, Բելառուսում վարսակի մշակմանը մեծ դեր է հատկացվում։ Այս բույսը ճանաչվել է որպես բուժիչ նաեւ Կանադայում, Լեհաստանում, Ֆինլանդիայում, Բուլղարիայում, այլ երկրներում։

Զգուշացում։ Ինչպես բոլոր հատիկների, այնպես էլ վարսակի հատիկի արտաքին պաշտպանիչ թաղանթում պարունակվում է ֆիթինաթթու, որն արգելափակում է որոշ օգտակար նյութերի յուրացումը աղիներում։

Հիշում ենք, որ մեր տատիկները նախօրոք թրջում էին հատիկը ջրի մեջ եւ ավելացնում մի փոքր կիտրոնաթթու կամ հյութ, բավարար է 7 ժամը, հարմար են գիշերային ժամերը: Նշենք, որ նման մշակումը լավացնում է հատիկի եւ փաթիլների համային որակը։

Դեղատոմսեր

Ցիստիտ. Մանրացրեք եւ խառնեք հավասար քանակությամբ վարսակի եւ եռագույն մանուշակի խոտերը, լոբու պատիճը։ Հումքի 3 ճ/գ-ին ավելացրեք 500 մլ եռջուր, 30 րոպե պահեք ջրային բաղնիքի վրա, թրմեք 2 ժամ, քամեք։ Խմեք 100-ական մլ` սնվելուց 30 րոպե առաջ։

Կամ

– Վարսակի հատիկները 1 ժամ թրմեք տաք ջրի մեջ։ Փոխեք ջուրը, 500 գրամ վարսակը 1,5 լ ջրով եփեք թույլ կրակի վրա։ 30 րոպեից անջատեք կրակը, ավելացրեք 4-ական ճ/գ վաղենակի ծաղիկ եւ ձիաձետի խոտ։ Թրմեք 6-10 ժամ ջերմապահում, քամեք։ Խմեք փոքր չափաբաժիններով, մեկ օրվա ընթացքում, գոլ վիճակում։

Ցավոտ միզարձակության դեպքում. Վարսակի եփուկի մեջ թրմեք հավասար քանակությամբ տանձի եւ դաղձի տերեւներ։ Մնացածը` ինչպես նախորդ դեղատոմսում։

Երիկամաբորբ. Խառնեք 100 գ վարսակի ծեծած հատիկ, 1-ական ճ/գ լորենու ծաղիկ եւ խնկածաղկի խոտ։ Հումքի 2 ճ/գ եփեք 700 մլ ջրի մեջ, թույլ կրակի վրա։ Երբ մնա հեղուկի կեսը` անջատեք կրակը։ Թրմեք 30 րոպե, քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ, կես թ/գ մեղրով։ Շարունակեք 1 շաբաթ, ընդմիջեք առնվազն 3 օր, կարող եք կրկնել մի քանի անգամ։

Թոքախտ. Վարսակի շիլան շատ օգտակար է այս հիվանդության դեպքում, քանի որ վարսակի մեջ պարունակվող կրեմնիումը ճնշում է Կոխի ցուպիկները։

Բացի այդ, կրեմնիումն անհրաժեշտ է թոքերի հյուսվածքների վերականգնման համար։

– 1 թ/գ մատիտեղ թռչնի խոտը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրի մեջ։ Քամեք։ Ստացված թուրմով պատրաստեք վարսակով ուտեստ։

Շաքարային դիաբետ. 2ճ/գ վարսակի հատիկը 15 րոպե եփեք թույլ կրակի վրա 500 մլ եռջրում։ Թրմեք 1 ժամ, քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3-4 անգամ` սնվելուց կես ժամ առաջ։

Պանկրեատիտ. 200 գ հատիկի ծեծվածքը 10 րոպե եփեք 800 մլ տաք ջրում։ Խմեք 50-ական մլ, օրը 3-4 անգամ, սնվելուց կես ժամ առաջ, նախօրոք խառնեք լուծույթը։

Շնչառական ուղիների հիվանդություններ. Խառնեք 100-ական գ վարսակ եւ չամիչ, ավելացրեք 1 լ սառը` նախօրոք եփված ջուր, ծածկեք։ Պահեք թույլ կրակի վրա, մինչեւ մնա հեղուկի կեսը։ Թրմեք կես ժամ, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3-4 անգամ, նույն քանակությամբ կաթի հետ։ Օգտակար է նաեւ հոդատապի դեպքում։

Լյարդի մաքրում. Նախօրոք 7 ժամ ջրում պահված 100 գ հատիկը լցրեք մանրէազերծված ապակե տարայի մեջ, ավելացրեք 2,5 լ եռջուր, 125 գ բաց գույնի մեղր։ Ծածկեք կալկայով եւ պոլիէթիլենային կափարիչով, փաթաթեք շալով, 24 ժամից տեղավորեք սառնարանի մեջ։ Խմեք 150-ական մլ, օրը 3 անգամ, սնվելուց 30 րոպե հետո` 50 մլ տաք ջրի հետ խառնած։ Շարունակեք ըստ անհրաժեշտության 1-3 ամիս։

Ինֆարկտից հետո։ Սկսվող հիպերտոնիա. 100 գ հատիկը եփեք 1 լ ջրում, մինչեւ մնա հեղուկի կեսը։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 10 անգամ։

Ստամոքսի, 12-մատնյա աղիի խոց. Հատիկը աղացեք, 2 ճ/գ թրմեք 2-3 ժամ, ջերմապահում, 500 մլ եռջրով։ Խմեք 150-ական մլ` օրը 3 անգամ, սնվելուց առաջ։

Լյամբլիոզ. 250 գ հատիկը եփեք 1 լ եռջրում, մինչեւ մնա հեղուկի երեք քառորդը։ Խմեք 150-ական մլ, օրը 4 անգամ, սնվելուց 30 րոպե առաջ։ Օգտակար է որպես օժանդակ միջոց դեղորայքային բուժման ժամանակ։

Անքնություն նյարդային հողի վրա. Նախօրոք թրջված 500 գ հատիկը եփեք 500 մլ ջրում, մինչեւ մնա հեղուկի կեսը։ Կերեք 150-ական գ, օրը 2-3 անգամ։

Գեղեցկություն պարգեւող նախաճաշ. 2 ճ/գ վարսակի փաթիլները 10 ժամ թրմեք 6 ճ/գ սառը ջրում։ Ավելացրեք 3 ճ/գ սառը կաթ։ Քերիչի խոշոր հատվածով քերեք 1 խնձոր, լցրեք վարսակի վրա, ավելացրեք 2 ճ/գ կիտրոնահյութ, 1 ճ/գ մեղր։ Վրայից ցանեք մանր կտրատած ընկույզ։ Ժամկետը` 1 ամիս։

Կրունկների հարթեցում. Պատրաստեք վարսակի թանձր կաթնային շիլա։ Ոտքերը պահեք տաք լոգանքի մեջ։ Շփեք պեմզայով։ Շիլան քսեք թանզիֆի վրա, փաթաթեք կրունկներին եւ ամրացրեք պոլիէթիլենային թաղանթով, պահեք 15-20 րոպե, լվացեք, մշակեք սնուցող քսուքով։ Կրկնեք շաբաթը 1 անգամ։

Կորյակներ, ճարպոտ, զգայուն մաշկ. Փոշիացրեք կամ աղացեք վարսակի թեփը կամ փաթիլները։ Հումքը լցրեք 200 մլ ծավալով ապակե տարայի մեջ, շերտերով խառնեք 1 ճ/գ կերակրի սոդա։ Օգտագործելուց առաջ 1 ճ/գ խառնուրդին ավելացրեք կաթ (ջուր), մինչեւ ստացվի համասեռ շիլա։ Մշակեք ճակատը, դեմքը, քիթը, պարանոցը։ Երբ զանգվածը սկսի հոսել` հետզհետե մաքրեք այն։ Լվացեք գոլ ջրով, ցայեք թույլ աղաջրով։

Ծերացող մաշկ. 2 թ/գ վարունգի հյութի մեջ թրջեք 1 թ/գ փոշիացրած վարսակի փաթիլներ, երբ այն ուռչի, վրան ավելացրեք 0,5-ական թ/գ մայոնեզ, մեղր եւ դեմքի յուղոտ քսուք։ Պահեք մաշկին` մինչեւ չորանալը, մաքրեք խոնավ բամբակե խծուծով։ Ուժեղացնում է արյան շրջանառությունը, հնարավոր է դեմքի կարմրություն։

Կնճիռները հարթեցնող. Եփեք 2 ճ/գ վարսակի փաթիլները 1 լ ջրի մեջ, քամեք։ Թողեք հովանա։ Երեկոյան մաքրեք դեմքը եփուկով։ Հատկապես օգտակար է զգայուն մաշկին։

Մանրացրեք կեչու թարմ տերեւները, 1 ճ/գ խառնեք նույն քանակության վարսակի ալյուրի եւ բուսայուղի հետ։ Պահեք դեմքին 10-15 րոպե։ Լվացեք գոլ ջրով։

Խառնեք վարսակի փոշիացրած փաթիլները 1-ական թ/գ կալանխոէի հյութին եւ բուսայուղին։ Համասեռ զանգվածը 10-15 րոպե պահեք դեմքին։ Կրկնեք շաբաթը 1 անգամ։

Սկրաբ. Քերեք 1 միջին գազար, մզեք հյութը, վրան լցրեք 2 ճ/գ վարսակի փաթիլներ, թողեք այնքան, մինչեւ ուռչի։ Քսեք դեմքին, 5 րոպե անց լվացվեք սառը ջրով։ Կրկնեք շաբաթը մեկ, ընդամենը 3-4 անգամ։

Աչքամաշկի եզրային կնճիռներ. Խառնեք մեկական ճ/գ մեղր եւ վարսակի ալյուր։ Պահեք կոպերին, 15-20 րոպե անց զգուշորեն մաքրեք խոնավ անձեռոցիկով, լվացվեք գոլ ջրով։

Ձեռքերի մաշկը հարթեցնող. Հարեք 1 ձվի դեղնուցը, ավելացրեք 1 թ/գ վարսակի ալյուր։ Խառնուրդը քսեք մաշկին, հագեք բամբակե ձեռնոցներ եւ քնեք։