Ազատականությունը նահանջ է ապրել

07/02/2012

«Մենք բոլորս ազատականներ ենք, մեր կուսակցությունում հավաքված բազմահազար մարդիկ ազատական գաղափարախոսության հետեւորդներ են: Եվ մեր խորին համոզմամբ` ՀՀ քաղաքական դաշտում ազատականությունը ուղղակիորեն նահանջ է ապրել»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Միաժամանակ նա շեշտել է, որ կուսակցությունը հիմնադրած գործիչները քաղաքականության մեջ են եղել 1991 թվականից: «Եթե 1991թ. սկսած մեր նորագույն պատմության բոլոր կրիտիկական պահերը վերլուծենք, կհասկանանք, որ միշտ ազատականության, ազատ մրցակցության, անկախ դատական համակարգի մասին բարձրաձայն խոսվել է, բայց իրականում դա գոյություն չի ունեցել»,- ավելացրել է Խ.Քոքոբելյանը` համոզմունք հայտնելով, որ ի դեմս «Ազատ դեմոկրատների»` ազատական գաղափարախոսությունը ներկայացված կլինի ապագա խորհրդարանում: