Մինչ կոալիցիոն յուրաքանչյուր հանդիպումից հետո իշխանական խոսնակները հայտարարում են «կոալիցիոն համերաշխության» մասին, երեկ ԱԺ-ում հերթական անգամ ապացուցվել է, որ կոալիցիան իրականում կախված է մազից: «Կանխիկ գործառնությունների սահմանափակման» եւ նույն խնդրին վերաբերող` կառավարության ներկայացրած օրինագծերը երեկ
ԱԺ-ում տապալվել են ԲՀԿ խմբակցության պատգամավորների չքվեարկելու պատճառով: Իրականում խնդիրն այդ օրենքների բովանդակությունը չէ, այլ այն, որ ոչ այնքան սկզբունքային նշանակություն ունեցող օրինագծերն անգամ կոալիցիան չի կարողանում անաղմուկ անցկացնել: Ընդ որում, երեկ զավեշտալի վիճակում են հայտնվել եւ ՀՀԿ-ականները, եւ ԲՀԿ-ականները, ովքեր լրագրողներին նախ հորդորել են կատարվածի մեջ ներկոալիցիոն «խմորումների հետք» չտեսնել, ապա հնչեցրել են իրենց գնահատականները: «Ով խոսում է ժողովրդի անունից, հարկերի հավաքման արդարությունից եւ այդ խնդիրներով վաղը ժողովրդի առջեւ կանգնելով կուրծք է ծեծելու, պետք է գործնականում ապացուցեր իր խոսքի եւ գործի նույնությունը… Ընտրություններից մոտ երեք ամիս առաջ «Բարգավաճ Հայաստանի» այս քայլը ոչ այլ ինչ է, քան վատ կազմակերպված PR, եւ կոալիցիայի մաս կազմող կուսակցությունը փորձում է կառավարության օրինագծերը տապալելով` ընդդիմադիր ուժի համարում ձեռք բերել: Թեպետ, պարզից էլ պարզ է, որ ԲՀԿ-ին չի հաջողվելու մոլորեցնել ընտրողներին եւ տարիներ շարունակ կառավարող կոալիցիային մաս կազմելուց հետո հառնել ընդդիմադրի կերպարով»,- սա մի հատված է օրինագծի տապալումից հետո ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի ունեցած ելույթից: «Դա կոալիցիոն պայմանավորվածությունների խախտում էր: Կարծում եմ` օրենքը բավական լուրջ քննարկվել էր, որեւէ շահերի բախում չէր կարող լինել: Դա հակակոռուպցիոն օրենքների շարքին է պատկանում, եւ, ըստ երեւույթին, քաղաքական որոշում են կայացրել»,- այսպես էլ կատարվածը գնահատել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: «Հարգելի գործընկերներ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չքվեարկեց, նա դեմ չէ օրենքի նախագծին, ուղղակի այն վաղաժամկետ է մեր հասարակության համար»,- փորձել է արդարանալ ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը: Մի խոսքով, ակնհայտ է, որ կոալիցիոն գործընկերներն արդեն մի կերպ են հանդուրժում մեկը մյուսին, եւ դա տեւում է այնքան ժամանակ, մինչեւ նախագահականում կայանում է հերթական հանդիպումը, եւ ՀՀԿ-ական ու ԲՀԿ-ական գործիչները «հանդուրժողականության» նոր չափաբաժիններ են ստանում: Կբավականացնի՞ հանդուրժողականության այդ «պաշարը» մինչեւ ԱԺ ընտրություններ: Հազիվ թե: